Գյուղ | ||
---|---|---|
Դրմբոն | ||
ադրբ.՝ Heyvalı ադրբ.՝ Drombon | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Մարտակերտի | |
ԲԾՄ | 826 մետր | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 327 մարդ (2003) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | դրմբոնցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Դրմբոն, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում` Թարթառ գետի վերին հոսանքի աջ ափին, 750 մետր բարձրության վրա։ Գտնվում է հանրապետության հյուսիս-արևելյան հատվածում, Մարտակերտ շրջկենտրոնից՝ 37 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 71 կմ հեռավորության վրա։
Բնակավայրը տեղաբախշված է Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածում` Մարտակերտի շրջանում՝ նախկին Խաչեն գավառում։ Գյուղը տեղակայված է Մռավ լեռան դեմ դիմաց՝ Թարթառ գետի վերին հոսանքի աջ ափին` Սարսանգի ջրամբարի հարևանությամբ[1]։ Գյուղի արևելյան և հյուսիսային կողմերը անտառածածկ են։ Դրանք հարուստ են պտղատու վայրի ծառատեսակներով և տարբեր տեսակի կենդանիներով։
Համայնքը լեռնային է, ունի 1261,61 հա տարածք, որից 307,19 հա գյուղատնտեսական նշանակության, 532,37 հա անտառային հողեր։ Դրմբոն համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի փոքր վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում առկա են թվով 6 աղբյուրներ «Շիրինանց», «Խումարեն», «Խնձորին», «Հոռեն», «Քոռ» և «Մրհավեն»։
Գյուղի հարևանությամբ գտնվող Լոկեն հող տարածքում գտնվող Ք. ա. 2-1-ին հազարամյակներին վերաբերող դամբարանադաշտը, 12-18-րդ դարերի գյուղատեղին, Մաչել կոչված տարածքի բնակատեղը, միջնադարյան գերեզմանոցը, մատուռները, եկեղեցիները, խաչքարերը խոսում են այն մասին, որ ներկայիս Դրմբոնում և հարակից տարածքներում դեռևս հնագույն ժամանակներից հայկական բնակավայրեր են եղել[1]։
Ներկայիս Դրմբոն գյուղն, իր մերձակա Մաչախ տեղամասով հանդերձ, բնակեցվել և անբնակ է դարձել մի քանի անգամ։ Սկզբնապես գյուղը հայերեն կոչվել է Մաչախ, իսկ հետագայում եկվոր թյուրք-թաթարներն իրենց լեզվով այն կոչել են Հեյվալու կամ Յարմ յայլաղ[2]։
«Հեյվալու»-ն բացատրվում է հետևյալ կերպ. «հեյվա» թարգմանաբար հայերեն նշանակում է սերկևիլ կամ սերկևլենի[3], «լու»-ն, ըստ երևույթին, նշանակում է տեղ, վայր։ Հետևաբար, «Հեյվալու», ըստ երևույթին, նշանակում է սերկևլուտ, այսինքն՝ տեղ, որտեղ կան մեծաքանակ սերկևիլի ծառեր։ Ամենայն հավանականությամբ Մաչախ գյուղում բավական շատ են եղել սերկևիլի ծառերը, որն էլ հաշվի առնելով՝ թյուրք-թաթարները գյուղն իրենց լեզվով անվանել են Հեյվալու։
«Յարմ յայլաղ»-ը բացատրվում է հետևյալ կերպ. «յարմ» հայերեն թարգմանաբար նշանակում է կես[4], իսկ «յայլաղ»-ը` լեռնային հով վայրերում գտնվող արոտավայր, որտեղ ամառները խաշնարածներն ապրում են իրենց անասնահոտերով[5]։
Հետևաբար, «յարմ յայլաղ»-ը բառացի թարգմանաբար կնշանակի «կես արոտավայր», ըստ երևույթին վայր, որի կեսն օգտագործվում է որպես ամառային արոտավայր։
Ադրբեջաներենին տիրապետող մասնագետներից մեկի բանավոր հավաստիացման համաձայն էլ «յարմ»-ը առաջացել է «յարմա» բառից, որը հայերեն նշանակում է «ճեղքված յայլա», «լեռնալանջ»։ Հետևաբար, «Յարմ յայլաղ» հայերեն, ամենայն հավանականությամբ, նշանակում է «ճեղքված», ասել է թե «կիսված», «կտրտված արոտավայր»։ Պետք է ասենք, որ այս վերջին մեկնաբանությունն առավել մոտ է իրականությանը, քանզի Դրմբոն գյուղն ունի խիստ կտրտված ռելիեֆ։ Եվ այս առումով «յարմ յայլաղ» արտահայտությունն ավելի ճշգրիտ է բնորոշում այժմյան Դրմբոն գյուղի տեղանքը։
Մաչախ գյուղը գոյություն է ունեցել ներկայիս Դրմբոն գյուղի արևելյան մասում, որտեղ այժմ էլ պահպանվում են որոշ հետքեր։
Գյուղը «Մաչեղ» անվամբ առաջին անգամ հիշատակվել է XIII դարի Արցախի թագավոր, իշխանաց իշխան Հասան-Ջալալ-Դոլայի կառուցած Գանձասարի եկեղեցու շինարարության վերաբերյալ պատմող մեծ արձանագրության մեջ, որը փորագրվել է 1240թ. տաճարի հյուսիսային պատին։
Ներկայացնելով եկեղեցու կառուցման մանրամասները` իշխանաց իշխանը միաժամանակ նշել է, որ ինքը հոգացել է միաբանության պետքերը` եկեղեցուն նվիրելով Մաչեղ, Հարջանտուս, Բոլորքոչ գյուղերն իրենց շրջակայքով և ուրիշ բազմաթիվ կալվածքներ. «ՅԱ[Ւ]ԺԱՐՈՒԹԵԱՄԲ ԿԱՄԱՑ ՄԵՐՈՑ, ՈՐՊԷՍ ՏԵՍԱՆԷ ԱՍՏՈՒԱԾ ՀՈԳԱՑԱՔ ԶՊԷՏՍ ՄԻԱԲԱՆԻՑՍ Գ[ԵՂՈՐ]ԱՅՍ ՄԱՉԵՂ, ՀԱՐՋԱՆՏՈՒՍ, ԲՈԼՈՐՔՈՉՆ...»[6][7]
Հիմք ընդունելով հիշյալ արձանագրությունը` կարող ենք վստահաբար պնդել, որ 1240 թվականի դրությամբ Մաչախ անվամբ գյուղը գոյություն է ունեցել։ Միաժամանակ կարելի է ասել, որ նշված տեղում բնակավայր գոյություն է ունեցել 1240 թվականից ավելի վաղ[8]։
Մշտապես կրկնվող պատերազմների, դրան հաջորդած սովի, մասսայական հիվանդությունների, համաճարակի պատճառով այդ բնակավայրերը ոչնչացել են, իսկ կենդանի մնացած ազգաբնակչության մի հատվածն էլ փորձել է բռնել օտարության ճամփան։ Վերոհիշյալ տարածքները հետագայում անցան Գանձասարի կաթողիկոսական աթոռի իրավասության տակ, որտեղ հիմնականում անասուններ էին պահում։ Առավել արդյունավետ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով Վանք գյուղից առաջին դարի կեսերին մի քանի ընտանիքներ տեղափոխվում և մշտական բնակություն են հաստատում ներկայիս Դրմբոնի տարածքում։
19-րդ դարի կեսերին կազմված կալվածագրերում գյուղը ներկայացված է որպես Գանձասարի վանքի ձմեռանոց։ Նոր բնակավայրում հաստատուն դիրք ընդունելու նպատակով Գանձասարի վանքը որոշ հողեր սեփականության իրավունքով տրամադրում է նրանց։ Վերաբնակները հանգուցյալներին շարունակում էին հուղարկավորել Վանքի գերեզմանատանը[1]։
Գյուղի ծերերի պատմածի համաձայն՝ Դրմբոնի գերեզմանատանը առաջին հանգուցյալին` Ռուշանանց Վանեսին, հուղարկավորել են 1865 կամ 1866 թվականի ձմռանը։
19-րդ դարի ընթացքում Դրմբոնի բնակչության թիվը օրեցօր շատանում է, և այդ տարածքը բնակավայրի կարգավիճակ է ստանում[1]։
Գյուղի բնակչությունը 1917-20 թվականներին. մասնակցել է արցախահայության ազատագրական պայքարին։
1920 թվականին մայիսին խորհրդային կարգեր են հաստատվում Դրմբոնում։ 1931 թվականին Դրբոնում ստեղծվում է կոլտնտեսություն։ Մինչև կոլտնտեսային կարգերի վերացումը տնտեսությունը ղեկավարել են Սիրակ Վարդանյանը, Ասծատուր Առաքելյանը, Վոլոդա Հարությունյանը, Թադևոս Սահակյանը, Շմավոն Դավթյանը, Կոլյա Հակոբյանը, Անդրանիկ Լազարյանը, Պայծառ Հարությունյանը, Սաշա Հակոբյանը, Սուրեն Հակոբյանը, Անդրանիկ Պետրոսյանը, Գավրուշա Հաթամյանը, Արմավիր Լալայանը, Միշա Հակոբյանը, Սուրեն Շաբոյանը, Վահան Ստեփանյանը, Հենզել Հայրապետյանը, Սերժիկ Ղալայանը, Ջոն Ասլանյանը։
Դրմբոնում կազմավորվել է աշխարհազորայինների (1989) և կամավորական (1992, հրամանատար՝ Ս. Ասլանյան) ջոկատներ, որոնք առանձին, ապա 1992 թվականի սեպտեմբերից Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների կազմում մասնակցել են Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Դրմբոնից հրամանատար է եղել Ս. Ասլանյանը։ Գյուղից զոհվել է 6 ազատամարտիկ։
Դրմբոնի ազատագրումից հետո (1993, փետրվարի 12) այստեղ տեղակայվել են Մարտակերտի պաշտպանական շրջանի շտաբը՝ իր ստորաբաժանումներով, և ՊՊԿ-ի լիազոր ներկայացուցչությունը[9]։
Բնակչությունը՝ 447 (1989 թ.), 327 (2003 թ.)։ 2015 թվականին բնակչության թվաքանակը կազմում էր 583 մարդ, կար 182 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[10].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 665 | 661 | 646 |
2002 թվականից Դրմբոնում կառուցվել է ոսկու հարստացուցիչ ֆաբրիկա՝ Մեհմանայի բազմամետաղների հանքանյութերի հիման վրա։
Բնակչությունը հիմնականում աշխատում է համայնքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունում, ինչպես նաև զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։
Համայնքի տարածքում առկա են պղնձի (շահագործվում է) և բնական պիգմենտների հանքային պաշարներներ։
Կան պատմամշակութային հուշարձաններ` գյուղատեղի (XII-XIX դդ.), գերեզմանոց (XVIII-XIX դդ.), աղբյուր (XIX դ.), մատուռ (XII-XIII դդ.), բնակտեղի «Մաչեղ» (XIIIդ.), խաչքար (XI-XIIIդդ.), ջրաղաց (XIXդ.), հաշվառված է 16 հուշարձան։
2015 թվականի դրությամբ գործում են գյուղապետարան, գործում է բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 72 աշակերտներ[11]։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: Missing or empty |title=
(օգնություն)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|