Եղեգիս

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգիս (այլ կիրառումներ)
Գյուղ
Եղեգիս
Եղեգիս գյուղը Սմբատաբերդից
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՎայոց ձորի մարզ
ՀամայնքՎայոց Ձորի մարզ, Եղեգնաձորի շրջան և Շարուր-Դարալագյազի գավառ
ԲԾՄ1580 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն369 մարդ (2011)[1]
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Եղեգիս (Հայաստան)##
Եղեգիս (Հայաստան)
Եղեգիս (Վայոց ձորի մարզ)##
Եղեգիս (Վայոց ձորի մարզ)

Եղեգիս, գյուղ Հայաստանի Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում[2], մարզկենտրոնից 19 կմ հյուսիս, Եղեգիս գետի միջին հոսանքի աջափնյակում։

Հայաստանի հնագույն գյուղերից է։ Բնակավայրի հին նախնական անվանումը եղել է եղեգիս։ Հելլինիստական շրջանում երբեմն հայտնի էր իր հունական արտասանությամբ՝ Էլեգիա։ Այնուհետև, արաբական տիրապետության օրոք հիշատակվում է որպես Ալգիս, հետո՝ Ալայազ անվանումով եղել է Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում[3]։ Վերանվանվել է նախնական հայկական Եղեգիս անվանումը 1991 թ. ապրիլի 3-ին։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սբ. Ստեփանոս եկեղեցին

Համայնքի վարչական տարածքը կազմում է 1372 հեկտար, որից 157 հեկտարը քաղաքացիների սեփական հողեր են, այդ թվում՝ 62 հեկտար՝ տնամերձ, 95 հեկտար՝ գյուղնշանակության հողեր։

Մնացած հողերը համայնքային են և 36 հեկտարը՝ պետական սեփականության հողեր (արոտավայրեր, խոտհարքեր)։

Գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանում։ Եղեգնաձոր քաղաքից գտնվում է մոտ 18 կմ հեռավարության վրա, Երևանից՝ 135 կմ։ Այն փռված է Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին, ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1640 մ։ Եղեգիս գյուղի մոտ կա հրեական գերեզմանատուն։

Կլիման մերձարևադարձային է, ձմեռը՝ ցուրտ, ամառը՝ շոգ։

Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ համայնքներից է եղել։ XIII-XIV դարերում այն եղել է իշխանանիստ ավան՝ Օրբելյանների իշխանական տոհմի նստավայրը։

Գյուղի Սուրբ Աստվածածին մատուռը կառուցվել է 1703 թվականին ավելի հին եկեղեցու ավերակների վրա, իսկ սուրբ Կարապետ, Զորաց եկեղեցիները XIII դարի կառույցներ են։ Հատկանշական է, որ Զորաց եկեղեցում է կատարվել ռազմի դաշտ մեկնող զորքի երդման և օրհնության արարողությունները։

XV դարում Լենկ Թեմուրի և այլ զավթողական արշավանքներից, այնուհետև երկրաշարժի հետևանքով ավերվել է քաղաքը։

1988 թվականին Սումգայիթյան դեպքերից հետո գյուղը վերաբնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներով։ Վերականգնվել է պատմական Եղեգիս բնակավայրի անվանումը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Եղեգիսի մշտական բնակչությունը կազմել է 369, առկա բնակչությունը՝ 346 մարդ[4]։ 1831 թ. ունեցել է Պարսկահայաստանից գաղթած 66 հայ բնակիչ և Մուղանքից գաղթած 32 թաթար[5]` մինչև 1989 թ.: Այնուհետ բնակեցվել է Ադրբեջանից բռնագաղթած հայերով։ Եղեգիսի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի Բնակչություն
1831 98 մարդ [6]
1873 223 մարդ [6]
1897 412 մարդ [6]
1914 524 մարդ [7]
1926 268 մարդ [6]
1959 499 մարդ [7]
1970 884 մարդ [7]
1979 963 մարդ [7]
1989 262 մարդ [8]
2001 513 մարդ [7]
2011 369 մարդ [1]


Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը զբաղվում է ծխախոտագործությամբ, անասնապահությամբ և դաշտավարությամբ։ Գյուղում գործում է քարի մշակման արտադրամաս։

Պատմամշակութային կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգիսի հյուսիսարևմտյան մասում գտնվում են Եղեգիս բերդի ավերակները (Սմբատաբերդ, IX դար), արևելյան մասում՝ Սբ. Ստեփանոս (Զորաց) (XIII դար), արևմտյան մասում՝ Սբ. Աստվածածին (վերանորոգված 1703 թ.), հարավային մասում՝ Սբ. Նշան (Կարապետ) (XI-XIII դարեր) եկեղեցին, XI-XVI դարերի խաչքարեր։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղն ունի դպրոց, բուժկետ, գրադարան, մանկապարտեզ։

Հնագիտական նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնադարյան գյուղաքաղաքի ավերակները մեծ մասամբ զբաղեցնում են ներկայիս Եղեգիս գյուղի տարածքը։ Գյուղաքաղաքի արվարձանները տարածվելով հասել են նույնիսկ Շատին գյուղի մոտ գտնվող պատմական Ոստինք (Հոստուն) գյուղատեղիի սահմանները։ Գյուղաքաղաքից արևմուտք բարձրադիր հրվանդանի վրա տեղակայված է Եղեգիսի անառիկ բերդը (Սմբատաբերդ)։ Եղեգիսից հյուսիս-արևելք ձորակի մեջ է Ճգնավորի քար անապատը։ Գյուղաքաղաքի տարբեր հատվածներում են գտնվում Զորաց տաճարը, Ս. Նշան, Ս. Աստվածածին, Կաթողիկե եկեղեցիները, Օրբելյանների պալատը (այժմ չկա), բազմաթիվ մահարձաններ, խաչքարեր ու տոհմական գերեզմանոցներ։ Գյուղի փողոցներում կարելի է տեսնել բազմաթիվ տապանաքարեր, խաչքարեր[9]։

Շերտագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգիսը պատմական Սյունիքի Վայոց ձոր գավառի հնագույն ու նշանավոր բնակավայրերից մեկն է։ Եղեգիս գետի կիրճի քարայրներում մարդու բնակեցման հետքերը նկատվում են դեռևս նախապատմական շրջանից։ Եղեգիսն իր երկարատև պատմության ընթացքում ունեցել է երկու ծաղկման շրջան։ X-XI դդ. դառնում է Սյունյաց գահերեց իշխանների վարչաքաղաքական կենտրոնը։ Սելջուկյան արշավանքներից հետո բնակավայրն ավերվում է։ Նոր ծաղկումը համընկնում է XIII-XIV դդ. Օրբելյան իշխանական տան կառավարման շրջանի հետ։ Նրանց օրոք են կառուցվում բնակավայրի հայտնի հուշարձանները՝ Օրբելյանների պալատը, եկեղեցիները, որոնց կից ստեղծվում են գրչության կենտրոններ։ Այս շրջանում Եղեգիսում՝ գետի ձախափնյակում մոտ մեկ դար հաստատվում է հրեական համայնքը։ XV-XVIII դդ. հիշատակությունները Եղեգիսի մասին կցկտուր են։ XVIII-XIX գյուղում հաստատվում է թրքախոս ազգաբնակչություն, որը գյուղն անվանափոխում է Ալայազ։ 1988 թ. Եղեգիսում բնակվում են Սումգայիթի ջարդերից հետո Ադրբեջանից գաղթած հայերը[9]։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգիսի տարբեր հատվածներում գտնվող պատմաճարտարապետական հուշարձաններից ուշագրավ են.

  • Եղեգիսի արևելյան կողմում գտնվող հայկական ճարտարապետության ինքնատիպ եկեղեցիներից մեկը՝ Զորաց (Ս. Ստեփանոս) տաճարը, որն ունի միայն Ավագ խորան և դրա երկու կողմերում ավանդատներ։ Ըստ պահպանված վիմագրի՝ կառուցել է Տարսայիճ Օրբելյանի թոռ Ստեփանոսը, XIV դ. 20-ական թթ.: Վերականգնվել է 1970-ականների սկզբներին[9]։
  • Օրբելյանների պալատն այժմ գոյություն չունի, սակայն XX դ. սկզբին հայտնաբերվել էր մուտքի ճակատակալ քարը Տարսայիճ Օրբելյանի և նրա կնոջ՝ Մինա խաթունի պատկերաքանդակներով և արձանագրությամբ։ Եղեգիսում է գտնվում Օրբելյանների տոհմական գերեզմանոցը՝ յուրօրինակ քանդակազարդ տապանաքարերով ու խաչքարերով[9]։

Տարիներ շարունակ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի հավաքածուն համալրվել է հողագործական աշխատանքների արդյունքում պատահականորեն հայտնաբերված XII-XIV դդ. թվագրվող տարաբնույթ գտածոներով (խեցեղեն, մետաղե, ապակե առարկաներ, դրամներ), որոնք հայտնաբերվում են միջնադարյան գյուղաքաղաքի վրա նստած ներկայիս գյուղի և շրջակա տարածքներից[9]։

Նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եղեգիս գյուղաքաղաքը միջնադարյան կարևոր քաղաքատիպ բնակավայրերից մեկն էր, որը եղել է Սյունյաց Վասակյան, ապա Օրբելյան իշխանների նստավայրը և մշակութային կենտրոնը։ Հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Վայոց մարզի մարդահամար, 2008 (անգլ.)
  3. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 56 — 992 էջ։
  4. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  5. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  6. 6,0 6,1 6,2 6,3 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 662. — 4696 p.
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 «ama100.am | Հուշարձաններ». ama100.am. Վերցված է 2023 թ․ հուլիսի 10-ին.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղեգիս» հոդվածին։