Զբոսաշրջությունը Հորդանանում համարվում է երկրի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկը։ Հորդանանը գտնվում է Սաուդյան Արաբիայի հարավում, Իրաքի հյուսիս-արևելքում, Սիրիայի հյուսիսում, Իսրայելից և Պաղեստինից արևմուտք։ Հորդանանը ռազմավարական տեսանկյունից գտնվում է Ասիայի, Աֆրիկայի և Եվրոպայի խաչմերուկում։ Մայրաքաղաք Ամմանը Հորդանանի ամենամեծ բնակչությամբ քաղաքն է, երկրի տնտեսական, քաղաքական և մշակութային կենտոնը։
Հորդանանը նաև առաջարկում է բժշկական զբոսաշրջություն Մեռյալ ծովում, կրթական զբոսաշրջություն, քայլարշավներ, դայվինգ Ակաբայի բուստախութերում, Հորդանանի քաղաքներում գնումների և փոփ մշակույթի հետ կապված զբոսաշրջություն։ 2009 թվականին հիմնականում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի արաբական պետություններից 4,8 միլիոն արաբ զբոսաշրջիկների շրջանում հարցման արդյունքում պարզվել է, որ նրանց կեսից ավելին նախատեսում է իր արձակուրդն անցկացնել Հորդանանում[2]։
Պետրա, Նաբաթեական թագավորության հնագույն քաղաք, որն ամբողջությամբ ժայռակերտ է։ Քաղաք հասնելու համար անհրաժեշտ է գնալ ժայռերի միջի նեղ կիրճով անցնող 1.25 կմ երկարություն ունեցող ճանապարհով, որն ավարտվում է Սիկ ժայռե դարպասներով։ Հնագույն քաղաքի բոլոր շինությունները, բացի երկուսից, քարափոր են, այդ թվում և Ալ-Խազնա տաճարը (որն արաբերենից թարգմանաբար նշանակում է «գանձարան»), որը ճանաչվել է «Աշխարհի նոր յոթ հրաշալիքներից» մեկը։ Պետրայի մյուս նշանակալի օբյեկտներից են եկեղեցին, հռոմեական թատրոնը, կայսերական դամբարանները, զոհասեղանները։ Պետրան հայտնաբերել է շվեյցարացի հետազոտող Յոհան Լյուդվիգ Բուրկխարդը 1812 թվականին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառվել է 1985 թվականին։
Ումմ Քեյս, հունա-հռոմեական ավերված քաղաքի տեղում կառուցված քաղաք։
Ջարաշ, քաղաք, որը հռչակված է իր հնագույն հռոմեական ճարտարապետությամբ (սյուներ, կորնթոսյան կամարներ, բացօթյա թատրոններ)։
Աջլուն, քաղաք, որտեղ գտնվում է խաչակիրների միջնադարյան ամրոցը։
Ալ-Կարակ, Սալահ ալ-Դինի ժամանակաշրջանի քաղաք, որտեղ գտնվում է համանուն ամրոցը։
Ումմ-ալ-Ջիմալ, այսպես կոչված «անապատի սև մարգարիտը», Դեկապոլիսի հնագույն քաղաք։ Նրա սև բազալտից առանձնատները և աշտարակները ոգեշնչել են բանաստեղծներին։
Մոնրեալ, խաչակիրների ամրոց, որը Պետրայից մեկ ժամվա հեռավորության վրա է գտնվում։ Ամրոցը կառուցումից 75 տարի հետո նվաճել է Սալահ ալ-Դինը։ Նրա ժառանգորդների մակագրությունները երևում են ամրոցի պատերին։
Քասր Ամրա, խալիֆաների հնագույն աթոռանիստ, Օմայանների դինաստիայի ժամանակաշրջանի ամենալավ պահպանված հուշարձաններից մեկը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներից մեկն է։
Ում էլ-Ռասաս, 2005 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտներից է։ Ավերակները հռոմեական, բյուզանդական և վաղ մուսուլմանական ճարտարապետությունների խառնուրդ են։ Այնտեղ է գտնվում երկրի տարածքում հայտնաբերված տաճարային ամենամեծ խճանկար հատակը։ Պեղումները դեռևս շարունակվում են։
Մախերոն, հնագույն հուդայական ամրոց, որը պատմության մեջ է մտել որպես բանտ, որտեղ բանտարկված է եղել և գլխատվել Հովհաննես Մկրտիչը։
Հորդանան, գետ, որտեղ Հիսուսին կնքել է Հովհաննես Մկրտիչը ըստ քրիստոնեական ավանդույթի։
Մադաբա, հայտնի է իր խճանկարներով, ինչպես նաև կրոնական կարևոր օբյեկտներով, ինչպիսն է Մադաբյան քարտեզը, որը Սուրբ երկրի (ներառյալ Երուսաղեմը) քարտեզագրման պահպանված ամենավաղ թվագրվող պատկերն է, Ք. հ. 6-րդ դար։
Նեբո, լեռ, որտեղից, համաձայն Աստվածաշնչի, Մովսեսը մահից առաջ հայացք է գցել Խոստացյալ երկրի վրա։
Ակաբա, Հորդանանի միակ ափամերձ քաղաքն է, գտնվում է Կարմիր ծովի ափին, այնտեղ կան բազմաթից առևտրային կենտրոններ, հյուրանոցներ, պահպանվող մարջանախութեր։ Այստեղ են գտնվում Ակաբայի միջնադարյան քաղաքի և Էդոմի ավերակները։ Ակաբան հայտնի է իր բազմաթիվ գիշերային ակումբներով, համերգներով և ժամանցային միջոցառումներով, որոնք անցկացնում են տարբեր երկրների դիջեյներ[3]։ Հնարավորություն կա զբաղվելու տարբեր մարզաձևերով։ Ունևոր շատ հորդանանցիներ հատուկ ժամանում են Ակաբա՝ անցկացնելու իրենց հանգստյան օրերը։ Ապագայում նախատեսվում է $20 դոլլարի ներդրում անել Ակաբայի զբոսաշրջային օբյեկտների զարգացման գործում՝ «նոր Դուբայ» ստեղծելու նպատակով։
Մեռյալ ծով, երկրի մակերևույթի ամենացածր կետը, ծովի մակարդակից 402 մետր ցածր գտնվող ծով[4], ընդ որում ծովի մակարդակը տարեկան իջնում է մոտ մեկ մետր։ Մեռյալ ծովը Հորդանան գետի միակ ջրամբարն է և հաճախ է հիշատակվում Աստվածաշնչում։ Մեռյալ ծովի հորդանանյան ափին գտնվում են համաշխարհային մակարդակի բազմաթիվ հանգստավայրեր, ներկայացված են նաև Kempinski, Mövenpick և Marriott ցանցերը։ Կան նաև ակվապարկեր, ընդհանուր լողափեր և ռեստորաններ։
Ամման, Հորդանանի մայրաքաղաքը, ժամանակակից կոսմոպոլիտական քաղաք, որը հայտնի է իր առևտրային կենտրոններով, հյուրանոցներով և հնագույն հռոմեական ամֆիթատրոնով։
Մահիս, քաղաք, որը կրոնական մեծ նշանակություն ունի։
Վադի Ռամ, Հորդանանի հարավում գտնվող բազմաթիվ լեռներով և դարավանդներով անապատ։ Բացի բնության հուշարձանները՝ այստեղ զբաղվում են սպորտի տարբեր տեսակներով` ներառյալ ժայռամագլցումը։
Իրբիդ, Հորդանանի մեծությամբ երկրորդ քաղաքը, այնտեղ են գտնվում թանգարաններ և առևտրի կենտրոններ, ինչպես նաև մի շարք ուսումնական հաստատություններ, որոնցից են Հորդանանի գիտության և տեխնոլոգիա համալսարանը և Յարմուկի համալսարանը։ Քաղաքում ուսանողների թիվն ավելի շատ է, քան Հորդանանի և Մերձավոր Արևելքի որևէ մեկ այլ քաղաքում։ Իրբիդի University Street-ը (Համալսարանական փողոց) ինտերնետ սրճարաններով ամենախիտ տարածությունն է աշխարհում[5]։
Ֆուհեյս, Ամմանից հյուսիս-արևմուտք 20 րոպեի հեռավորության վրա գտնվող քաղաք, որը հայտնի է 18-19-րդ դարերի եկեղեցիներով և ճարտարապետական կառույցներով։
Հորդանանում, հիմնականում Ամմանում, ավելի քիչ Ակաբայում, զարգանում է գիշերային ժամանցային հաստատությունների հիմնումը։ Դուբայի, Բեյրութի, Շարմ էլ Շեյխի, Մանամայի հետ Ամմանը հանդիսանում է արաբական աշխարհի և Մերձավոր Արևելքի գիշերային ակումբների կենտրոններից մեկը[6]։ Տնտեսական հատուկ գոտու ստեղծման և ներդրումների հոսքի հետ կապված Ակաբայում աճում է նաև գիշերային և ծովափնյա ակումբների թիվը։
Ազրակ, ջրաճահճային յուրօրինակ արգելավայր, որը տեղակայված է արևելյան Հորդանանի կիսաանապատային տեղանքի ուղիղ կենտրոնում, գտնվում է Բնության պաշտպանության թագավորական միության (RSCN) պաշտպանության տակ։ Այնտեղ կան մի քանի բնական և հնում ստեղծված արհեստական լճակներ, ցեխային մեծ աղբյուր, որը հայտնի է Կա Ալ Ազրակ անունով։ Ամեն տարի արգելավայրում հանգրվանում են մեծաթիվ չվող թռչուններ, որոնք այստեղ հանգիստ են առնում Ասիայից Աֆրիկա թռիչքի ճանապարհին, դրանց մի մասը մնում է ձմեռելու։
Կենսոլորտային Դանա արգելոցն զբաղեցնում է 308 կիլոմետր քառակուսի տարածք, ձգվում է Հորդանանի ժայռահովտի վերին հատվածից մինչև Վադի Արաբ անապատի ցածրավայրեր։ Դանայում աճում են շուրջ 600 տեսակ բույսեր, ապրում 37 տեսակ կաթնասուն և 190 տեսակ թռչուն։
Վադի ալ Մուջիբ արգելավայր, աշխարհի ամենացածրադիր արգելավայրն է, գտնվում է Մեռյալ ծովի արևելյան ափի մոտ գտնվող խոր կիրճում։ Առանձնանում է յուրօրինակ կենսաբազմազանությամբ, այստեղ աճում են շուրջ 300 տեսակ բույսեր, ապրում 10 տեսակ գիշակեր կենդանիներ և թռչունների բազմաթիվ տեսակներ։
Շաումարի արգելավայրը ստեղծել է RSCN-ը 1975 թվականին՝ որպես մեռնող կամ վերացման վտանգի տակ գտնվող կենդաներին և բույսերի տեսակների բուծման վայր։ Զբաղեցնում է 22 կիլոմետր քառակուսի տարածք, այժմ այդտեղ կան Մերձավոր Արևելքի մի շարք չափազանց հազվագյուտ կենդանատեսակներ՝ արաբական օրիքս, ջայլամներ, վիթեր, ցիռեր, որոնք պատկերված են դեռևս 6-րդ դարի բյուզանդական խճանկարներում։
Դանա կենսոլորտային արգելոցը Հորդանանի հարավ-կենտրոնական մասում