Էդվար Խարաթ | |
---|---|
Ծնվել է | մարտի 16, 1926[1][2][3] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս |
Վախճանվել է | դեկտեմբերի 1, 2015[1][4][2][…] (89 տարեկան) |
Վախճանի վայր | Կահիրե, Եգիպտոս |
Մասնագիտություն | գրող, գրական քննադատ, թարգմանիչ, լրագրող, բանաստեղծ-փաստաբան և վիպասան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ալեքսանդրիայի համալսարան |
Պարգևներ |
Էդվար ալ-Խարաթ (անգլ.՝ Edwar al-Kharrat, մարտի 16, 1926[1][2][3], Ալեքսանդրիա, Եգիպտոս - դեկտեմբերի 1, 2015[1][4][2][…], Կահիրե, Եգիպտոս), եգիպտացի գրող, թարգմանիչ, գրականագետ և քննադատ[6]։
Ծնվել է Ալեքսանդրիայում՝ ղպտական քրիստոնյա ընտանիքում։ Ալեքսանդրիայի համալսարանում սովորել է իրավաբանություն և որոշ ժամանակ աշխատել է բանկային և ապահովագրական ոլորտում։
Նա նաև ակտիվորեն ներգրավված է եղել ձախ քաղաքականության մեջ, որի համար երկու տարի անցկացրել է բանտում (1948-1950 թվականները)։ 1950-ական թվականների կեսերին տեղափոխվել է Կահիրե, որտեղ որոշ ժամանակ Ռումինիայի դեսպանատանը աշխատել է որպես թարգմանիչ[7][8], ինչպես նաև ավարտել է Կահիրեի համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1960-1970-ական թվականներին աշխատակցել է ռադիոյի և հեռուստատեսության գրական բաժնում։
Հարաթին անվանել են «Եգիպտոսի ամենաազդեցիկ գեղարվեստական գրողներից»[9] և «արաբական աշխարհի կարևորագույն գրողներից»[10]։ Նա եգիպտացի գրողների խմբի առաջատար կերպարներից էր, որը հայտնի էր որպես «Վաթսունականների սերունդ», հիմնադրել և խմբագրել է «Պատկերասրահ 68» (Gallery 68) գրական ամսագիրը, որը համարվել է նրա խոսափողը[11]։ Խմբագրի դերում Ալ Հարաթն առաջ է քաշել այնպիսի գրողների ստեղծագործություններ, ինչպիսիք են Սոնալլահ Իբրահիմը, Բահա Տահերը, Իբրահիմ Ասլանը, Յահյա Թահեր Աբդուլան և Գամալ Ալ Գիտանին։ Բացի այդ, նա երկար ժամանակ համագործակցել է Ասիայի և Աֆրիկայի ժողովուրդների համերաշխության կազմակերպության և աֆրո-ասիական գրողների ասոցիացիայի հետ, ինչպես նաև խմբագրել է աֆրիկյան և արաբական գրականության «Լոտոս» (Lotus) ամսագիրը։
Նրա առաջին գիրքը «Բարձր պատեր» պատմվածքների ժողովածուն է, որը հրատարակվել է 1958-1959 թվականներին։ Պատմվածքների ևս երկու հատոր լույս է տեսել 1970-ական թվականներին՝ ներառյալ «Հպարտության ժամեր»։ 1979-1980 թվականներին լույս է ընծայվել նրա առաջին ժողովածուն, որը քննադատների կողմից արժանացել է դրական գնահատականի։
Հեղինակի ստեղծագործության համար բնորոշ է սիմվոլիկան և փորձարարությունը, որը զուգորդվում է իրատեսական հոգեբանությամբ և ժողովրդավարական համակրանքներով։ Նրա «խիզախ փորձարարական» «Ռաման և վիշապը» աշխատանքը անվանել են «բեկում արաբական վեպի համար»[12]։ Ալ-Հարաթը վեպը նկարագրել է որպես «անթարգմանելի», սակայն 1999 թվականին գրականության համար Նագիբ Մահֆուզի մեդալ ստանալուց հետո Ֆերիալ Գազուլի և Ջոն Վերլենդենի կողմից ավարտվել է անգլերեն թարգմանությունը, որը 2002 թվականին հրատարակվել է AUC Press հրատարակչության կողմից[13][14]։ Արաբական գրողների միությունը «Ռաման և վիշապը» դրել է արաբական 100 լավագույն վեպերի ցանկի 8-րդ հորիզոնականում[15]։
Ալ-Հարաթը «70-ական թվականների ընտրված եգիպտական վեպերի» անթոլոգիայի կազմողն է։ Լինելով եվրոպական և համաշխարհային արվեստի գիտակ՝ նա հետազոտություններ է նվիրել արաբական թատրոնին և ժամանակակից արաբական գրականությանը։
Ալ-Հարաթը արաբերեն թարգմանել է մի շարք արտասահմանյան գրական ստեղծագործություններ, այդ թվում՝ դասական և ժամանակակից անգլերեն և գերմանական գրականության մի քանի գրքեր, ինչպես նաև Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն»-ը։
Հարաթը ստացել է մի քանի հեղինակավոր գրական մրցանակներ, այդ թվում՝ «Սուլթան ալ-Օվայսի» մրցանակը և «Նագուիբ Մահֆուզ» մեդալը։ 1979 թվականին նա հրավիրվել է Օքսֆորդի Սուրբ Անատոնիայի քոլեջ որպես այցելու հետազոտող։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային մշակութային միջոցառումների, այդ թվում՝ 1999 թվականին Լոնդոնի գրական փառատոնին։
Ալ-Հարաթը մահացել է 2015 թվականի դեկտեմբերի 1-ին 89 տարեկան հասակում[8]։
|