Էլեկտրական ամպերի տակ

Էլեկտրական ամպերի տակ
ռուս.՝ Под электрическими облаками
Երկիր Ռուսաստան
 Լեհաստան
 Ուկրաինա
Ժանրդրամա և գիտաֆանտաստիկ արտհաուս ֆիլմ
Թվական2015
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսեյ Գերման
Սցենարի հեղինակԱլեքսեյ Գերման
ԴերակատարներՉուլպան Խամատովա, Լուի Ֆրանկ, Մերաբ Նինիձե, Անաստասիա Մելնիկովա, Piotr Gąsowski?, Վանեսա Սկալերա և Դավիդե Յակոպինի
ՕպերատորՍերգեյ Միխալչուկ
ԵրաժշտությունԱնդրեյ Սուրոտդինով
Տևողություն137 րոպե

Էլեկտրական ամպերի տակ (ռուս.՝ Под электрическими облаками), ռեժիսոր և սցենարիստ Ալեքսեյ Գերման-կրտսերի չորրորդ ֆիլմը, Ռուսաստանի, Լեհաստանի և Ուկրաինայի համատեղ արտադրություն[1]։ Թողարկվել է 2015 թվականի հունիսի 4-ին։ Ժապավենի համահեղինակը լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսսին է։

Բեռլինի 65-րդ կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրում կինոնկարն արժանացել է «Արծաթե արջ» մրցանակի կինոմշակույթի ասպարեզում բացառիկ ձեռքբերումների համար[2]։ Այն «Բեռլինալե-2015»-ի ամենադիտված ֆիլմերի լավագույն տասնյակում է[3]։

«Գիծ և մոդելավորում գոյություն չունեն։ Նկարը հակադրությունների հարաբերություն կամ պարզապես երկու երանգների`սպիտակի և սևի հարաբերություն է». Պոլ Սեզանի այս մեջբերումը համարվում է կինոնկարի բնաբանը։ Նախաբանն արտացոլում է ռեժիսոր Ալեքսեյ Գերման-կրտսերի վերաբերմունքն իր աշխատանքի նկատմամբ։ Այդ բառերով նա ընգդծում է, որ «դեպի այս կինոն նա գնում էր այնպես, ասես փորձ էր անում պոետիկ դրամատուրգիայի, երկար տարիների ընդմիջումից հետո իմպրեսիոնիզմին վերադառնալու միջոցով մարմնավորելու երկրի և ժամանակի իր ընկալումը»։ Ալեքսեյ Գերման-կրտսերն այսպես է լուսաբանում ֆիլմի սյուժեն. «(այս նկարը) այն երկրի մասին է, որը խաչված է անցյալի, ներկայի և ապագայի միջև։ Ռուսաստանում ժամանակը երբեք գծակերպ չէ, մենք այս առումով պարադոքսալ երկիր ենք, որտեղ ժամացույցի սլաքները կարող են շարժվել սկզբում առաջ, այնուհետև վերադառնալ հետ, ապա՝ նորից առաջ»[4]։

Ֆիլմում գործողությունները տեղի են ունենում 2017 թվականին։ Այս տարին ընտրված է ոչ պատահականորեն. սա Հոկտեմբերյան Մեծ հեղափոխության հարյուրամյակի տարին է։ Աշխարհը մեծ պատերազմի է սպասում։ Գլխավոր հերոսների կյանքի սյուժետային գծերը համարյա կապված չեն իրար հետ, գլխավոր կերպարները շատ տարբեր են, բայց նրանցից յուրաքանչյուրը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց ռուս դասական գրականության մեջ անվանում են «ավելորդ»։ Գործողությունները տեղի են ունենում մի կիսակառույց շինությունում, որի շուրջ ծավալվում են գլխավոր հերոսների հետ կապված իրադարձությունները[5]։

«Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը բաղկացած է յոթ գլխից՝ «Օտար խոսք», «Ժառանգորդները», «Իրավաբանի երկար երազները հողային հարցերի շուրջ», «Տեղ կառույցի համար», «Պատանդը», «Ճարտարապետը» և «Տիրուհին»։ Սրանք պատմություններ են տարբեր մարդկանց մասին՝ ներգաղթյալ-աշխատավորից մինչև ճարտարապետ, Դոստոևսկու ստեղծագործություններով մեծացած սերնդից մինչև Apple բրենդը տեսած սերունդը։ Յուրաքանչյուր պատմություն ունի իր հերոսը՝ հարուստ և աղքատ, ռուս և ներգաղթյալ, խաղաղ բնակիչ և պատերազմից նոր վերադարձած մարդ։ Հերոսների պատմությունները միավորվում են Ռուսաստանի խոշոր քաղաքներում և նրա ծայրամասերում տեղի ունեցած պատահական հանդիպումներով։ «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը ժամանակակիցների ճակատագրերը արտացոլող վիպակ է։ Նրանք կանգնած են ոչ թե պատահական, այլ գիտակցված երկընտրանքի առջև։ Ալեքսեյ Գերման-կրտսերը ֆիլմն ստեղծելիս առաջնորդվել է ռուսական վեպի ավանդույթներով. «Կինովեպի գլուխները փոխկապակցված են, յուրաքանչյուրը լրացնում է ամբողջ նկարը։ Այստեղ շատ են սյուժետային գծերը, տարբեր կերպարները, գործողությունների ժամանակը` 90-ականներից մինչև մոտ ապագա՝ 2017 թվական։ Սա փորձ է բանաստեղծորեն որսալու ժամանակի կերպարը»։ Ֆիլմի վերնագրում հիշատակված էլեկտրական ամպերը խորհրդանշում են այն, որ տարբեր սերունդների մարդիկ յուրովի են ընկալում միևնույն երևույթը։ Մեկի համար դա ամպրոպաբեր ամպեր են երկնքում, մյուսների համար՝ ամպային պահեստարաններ ժամանակակից գաջեթներում[6]։

Ֆիլմում նկարահանվել են ինչպես պրոֆեսիոնալ դերասաններ, այնպես էլ դերասանական կրթության չունեցող մարդիկ։ Առաջին և երկրորդ պլանի մի շարք դերեր խաղացել են ոչ արհեստավարժ դերասաններ։ Քաստինգին մասնակցել է ավելի քան 11 հազար մարդ։ Գլխավոր դերերից երկուսը վստահվել են Սանկտ-Պետերբուրգի Տիկնիկային Մեծ թատրոնի դերասանուհի Վիկտորիա Կորոտկովային և Esthetic Education խմբի երաժիշտ Լուի Ֆրանկին։

Չուլպան Խամատովան (մինչ այդ նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Ալեքսեյ Գերման-կրտսերի «Garpastum», «Թղթե զինվոր» կինոնկարները և «Տոկիոյից» կարճամետրաժ ֆիլմը) խաղում է փոքրիկ դեռահասի դեր։ «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմում նկարահանվելու համար դերասանուհին կարճ կտրել էր մազերը և այդ պատճառով Սոչիի Օլիմպիական խաղերի հանդիսավոր բացմանը ներկայացել էր տղայական սանրվածքով։

Դերասան Մերաբ Նինիձեն («Թղթե զինվոր», «Տոկիոյից») «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմում իր աշխատանքը համատեղում էր Սթիվեն Սփիլբերգի մոտ նկարահանումների հետ։ Ֆիլմում նաև նկարահանվել են Անաստասիա Մելնիկովան, Վիկտոր Բուգակովը, Քարիմ Պակաչակովը, Կոնստանտին Զիլգերը։

Նկարահանումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Ռուսաստանում և Ուկրաինայում։ Առաջին բլոկը, որ մեկնարկել է 2012 թվականին, նկարահանվել է Ուկրաինայում` Օդեսայում, Խարկովում և Դնեպրոպետրովսկում, երկրորդը` 2013 թվականի դեկտեմբերից մինչև 2014 թվականի մարտը Ռուսաստանում՝ Սանկտ-Պետերբուրգում[7]։

Ֆիլմի գաղափարը ռեժիսոր և սցենարիստ Ալեքսեյ Գերման-կրտսերի մոտ ծագել էր դեռևս 2008 թվականին, բայց նկարահանումները սկսվեցին միայն 2012 թվականին։ Ընդհանուր առմամբ ֆիլմի թողարկումը պահանջեց վեց տարի. մեկ տարի պահանջվեց սցենարը գրելու, հինգ տարի՝ նկարահանումների համար։ Ալեքսեյ Գերման-ավագի «Դժվար է Աստված լինելը» ֆիլմի վրա կատարվող աշխատանքներն ավարտելու, ինչպես նաև ֆինանսական միջոցներ որոնելու համար Ալեքսեյ Գերման-կրտսերն ստիպված դադարեցնում է իր նախագծի իրականացումը։

Ֆիլմում ամեն ինչը ստեղծվում էր զրոյից՝ սկսած վիթխարի հուշարձաններից և վերջացրած ժամանակակից մշակույթի ստեղծագործությունների ցուցահանդեսներով։ «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի գեղարվեստական ողջ աշխարհը արարվեց գլխավոր բեմադրող-նկարիչ և կոստյումների գլխավոր նկարիչ Ելենա Օկոպնայայի կողմից։ Վերջինիս խոսքերով՝ կադրում հայտնված ոչ մի դետալը պատահական չի եղել։ Նա կադրում նկարել է նույնիսկ մանրախճով, երբեմն՝ ձյունով, արմատուրայով, կոստյումների մանրագույն դետալիկներով, բեմիրերով և այլն։ Որոշ կոստյումների վրա աշխատել է նաև ուկրաինացի դիզայներ Ֆեոդոր Վոզիանովը։

Ֆիննական ծոցի ջրատարածությունում Լենինի 5-մետրանոց արձանի մոնտաժի համար պատասխանատու էին արդյունաբերող-ջրասուզակները։ Լողացող ամբարձիչի օգնությամբ չորսմետրանոց խորության վրա նախատեսվել էր կայանք տեղադրել։ Ռելիեֆի հատակը և գետինը ուսումնասիրելու համար մի քանի ջրասուզումներ կատարվեցին։ Դեկորացիաների մոնտաժային աշխատանքների մեկնարկից անմիջապես առաջ փոթորկոտ եղանակ սկսվեց և նկարահանումները տեղափոխվեցին ափին ավելի մոտ։

Ֆիլմի նկարահանումներին ակտիվորեն մասնակցում էին հյուսիսային մայրաքաղաքի օդանավակայանը և երկաթգիծը։ Գլխավոր հերոսների ժամանման տեսարանը նկարահանվեց «Պուլկովո» օդանավակայանի նոր տերմինալի չեզոք գոտում օբյեկտը Պետկոմիտեին հանձնելուց մեկ ամիս առաջ։ Նկարահանող խմբի աշխատանքների ժամանակ տերմինալի տարածքում հատուկ դադարեցվել էին շինարարական աշխատանքները։ «Օտար խոսքը» նովելի վերջնամասի տեսարանը, երբ Քարիմն անցնում է սրճարանի կողքով, նկարահանվել է Սանկտ-Պետերբուրգի «Աերոպորտ» երկաթգծի կայարանում։ Դրանից 10 օր առաջ կայարանն ամբողջովին վերադասավորվել էր որպես սրճարան-բար ինչպես ներսից, այնպես էլ դրսից։

Էկոլոգները լիճը հատուկ չորացրել էին ԼենԷքսպոյի ցուցահանդեսային համալիրի կառուցման և Քարիմի կառույցի տեսարանի նկարահանման համար։ Դեկտեմբերի վերջին անոմալ տաք եղանակի պատճառով լճի հարակից մակերևույթը՝ մի քանի կիլոմետր քառակուսի մակերեսով, վերածվել էր խառնախյուսի։ Նկարահանման վերջին օրը անսպասելի սառնամանիք եղավ, և հարյուրավոր մետրերով մալուխ և տնտեսական սարքավորումների մի մասն ստիպված թողեցին այդտեղ և տարան միայն մի քանի ամիս անց՝ գարնանը։ Ճարտարապետի մահվան տեսարանի համար նոր Ծովային նավահանգստի ամբարտակների մոտակայքում կառուցվեց շինհրապարակ. կադրում երևում են տախտակամած, արմատուրա, բետոնե շինվածք և մի քանի միավոր խոշոր շինարարական տեխնիկա, ներառյալ՝ ցցագերանի մեքենաներ, բուլդոզերներ և էքսկավատորներ։ Նկարի կենտրոնական օբյեկտը բարձրահարկ կիսակառույց տունն է։ Այդ շինության մոդելի մշակումը իրականացվեց համառուսաստանյան մրցույթով։ Մրցույթին ներկայացվեց 160 աշխատանք։ Հաղթող ճանաչվեցին Աննա Տկաչևայի և Անդրեյ Վոլինցևի նախագծերը։ Նրանց անունները ցուցադրվում են տիտրում։

Փառատոններ և մամուլ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի պրեմիերան կայացավ փետրվարի 10-ին՝ Բեռլինի 65-րդ կինոփառատոնի ժամանակ։ Սա միակ ռուսական ֆիլմն է, որը ներկայացվել է «Բեռլինալեի» հիմնական մրցույթին։ Ֆիլմի օպերատորներ Սերգեյ Միխալչուկը և Եվգենի Պրիվինը կինոմշակույթում ունեցած նշանակալի ներդրման համար ստացան «Արծաթե արջ»։ Արտասահմանյան մամուլը կինոնկարի մասին դրականորեն արտահայտվեց։ Մասնավորապես, The Hollywood Reporter-ը նշեց, թե «վիզուալ շարքը կախարդում է», իսկ ֆրանսիական Le Figaro թերթը ֆիլմը նկարագրեց որպես «վիթխարի և հմայիչ երազանք-երևակայություն հետժամանակակից Ռուսաստանի մասին»։ Screen Daily–ի կարծիքով՝ ֆիլմը «վարպետության իսկական հրաշք է, ոչ գծային կինոյի հաղթանակը»։ Իսկ Բեռլինի 65-րդ կինոփառատոնի ժյուրիի նախագահ Դարրեն Արոնոֆսկին ասել է. «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը «յուրօրինակ, օրիգինալ և եզակի ֆիլմ է, որի արտահայտչականությունը երկար ժամանակ բաց չի թողնում հանդիսատեսին»։ Ռուս կինոքննադատները նույնպես դրական արտահայտվեցին կինոնկարի հանդեպ։ Այսպես, Անդրեյ Պլախովը («Коммерсантъ») արձանագրել է, որ «սա շատ անսպասելի ստեղծագործություն է…»: Բորիս Գրոյսի կարծիքով՝ «այս կախարդող, մթնոլորտային ֆիլմը նայելուց հետո դեռ երկար ժամանակ հետապնդում է դիտողին»։ Անտոն Դոլինը նշել է.«Ալեքսեյ Գերման-կրտսերի նոր ֆիլմը նրա չորրորդ, ամենայն հավանականության, ամենալավ, հաստատ ամենասուր ու բարդ (ֆիլմն է)` պոտենցիալ ռումբ»[8]։

«ԱՅԺՄ2017» ցուցահանդեսը

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի թողարկումից առաջ՝ հունիսի 5-ին, Մոսկվայի Ժամանակակից արվեստի թանգարանում բացվում է «ԱՅԺՄ2017» (СЕЙЧАС2017) ցուցահանդեսը Ալեքսեյ Գերման-կրտսերի նկարների մոտիվներով։ Այն տևեց մինչև հունիսի 28-ը։ Ցուցահանդեսի հսկիչները Անտոնիո Ջեուզան և Ելենա Օկոպնայան էին[9]։

Մոսկվայում տեղի ունեցած «Գիշերը թանգարանում» միջազգային ակցիայի ժամանակ՝ մայիսի 16-ին, Գոգոլյան բուլվարում՝ ММОМА բակում ստեղծվել է «ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ինստալացիա-տիզերտ, որի հեղինակը ֆիլմի նկարիչ Ելենա Օկոպնայան էր։ Օրգանզայից պատրաստված 17 մետրանոց էկրանի վրա մի քանի ժամ հեռարձակվեց ֆիլմի տեսարաններից մեկի թռչող մարդը։ Անձրևը և ուժեղ քամին քիչ էր մնում ավերեին ինստալացիան. պաստառը ստիպված եղան մի քանի անգամ նորից կարել և նորից ամրացնել։ Բայց, չնայած վատ եղանակին, ինստալացիան կայացավ։

Ինստալացիան «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի դեկորացիայի մասն է։ Ելենա Օկոպնայայի խոսքերով՝ այն համարվում է շրջապատող տիեզերքի և առօրյա արքետիպերի հետ իր երկխոսության առարկայացումը։ «Տանջալից թռիչքի էներգիայի կապանքներում գտնվող լարված մարմին, կյանքի համար բնորոշ գույների բացակայությունը՝ այս ամենը ինձ համար համարվում է մարդկային փխրուն հոգու և շրջապատող տիեզերքի երկխոսության համաժեքը, զրույց ժամանակի հետ իր տարաբնույթ դրսևորումների մեջ, որը երբեմն կոպտորեն ներխուժում է անձնական տիրույթ։ Դրա համար և՛ ռիթմը, և՛ ծավալի փոխակերպությունը, և՛ տարածական երկրաչափությունը առաջին հերթին ծառայում են յուրաքանչյուր կոնկրետ հանդիսատեսի և ինստալյացիայի միջև երկխոսությանը, որը ավելին չէ, քան շատ զգացողությունների պրոեկցիա»։

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի վիզուալ հատուկ շարքի ստեղծման նպատակով նկարահանման աշխատանքները կատարվել են ձմռանն ու գարնանը։
  • Նկարահանումների համար ընտրված օբյեկտների մեծ մասը (կիսակառույց շինություն, կառուցվող օդանավակայան) շրջապատվել են տիպային կապույտ շինարարական ցանկապատերով։ Նկարահանումների ժամանակ ընդհանուր առմամբ տեղադրվել են մի քանի կիլոմետր երկարությամբ շինարարական արգելափակոցներ։
  • Առանձին կադրերի խորությունը հասնում է մի քանի կիլոմետրի։ Նկարահանման առաջին օրվա նախօրեին Լենինի արձանը գողացվել էր տեղի բնակիչներից մեկի կողմից։ Իր գործողությունները նա հետագայում բացատրել չկարողացավ։
  • Կադրերից մեկում դերասանների անմիջապես գլխավերևով ուղղաթիռ է թռչում։ Այս կադրը նկարահանվել է առանց համակարգչային գրաֆիկայի օգնության։ Վերջնամասում մշակութային ցուցահանդեսի տեսարանի համար պատրաստվեցին հինգմետրանոց երեք արձաններ։ Դրանք շինծու շինվածքներ չէին, այլ լիակատար արտ-օբյեկտներ։
  • «Սաշայի և Դանի տանը» գեղարվեստական լուսային նկար ստանալու համար միայն մեկ դեկորացիան լուսավորելու համար անհրաժեշտ հավաքածուի ընդհանուր հզորությունը կազմել է 72 ԿՎտ, ողջ սարքավորումների տեղադրման համար պահանջվել է վեց բեռնատար ավտոմեքենաներ և երեք օրով սահմանափակվել է Սանկտ-Պետերբուրգի կենտրոնական փողոցներից մեկի երթևեկությունը։ Տեսարանների մեծ մասը ներկայացված են կերպարների խաղի բարդագույն բազմապլան միակադր լուծումներով։ Յուրաքանչյուր բնական կադր, որը մոնտաժվել է ֆիլմում, նկարահանվել է մայրամուտի պահին, որ ամենագեղատեսիլն է բնության մեջ։
  • Բեռլինյան փառատոնի դափնեկիրները՝ օպերատոր Սերգեյ Միխալչուկը և Եվգենի Պրիվինը, գեթ մեկ անգամ էլ իրար չեն հանդիպել նկարահանման հրապարակում[10]։
  • Նկարահանումների ավարտին 1333 միավոր հագուստ անհատույց հանձնվել է Լենֆիլմի հանդերձարանին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Էլեկտրական ամպերի տակ(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. ««Բեռլինալե-2015»». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  3. «Բեռլինալե-2015»-ի թոփ 10 ամենադիտված ֆիլմերը
  4. «Գերմանը իր նոր ֆիլմը անվանեց հակագլոբալիստական».
  5. «Ալեքսեյ Գերմանի «Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմը Բեռլինյան կինոփառատոնում մրցանակի է արժանացել օպերատորական աշխատանքի համար». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  6. «Ինչի՞ մասին է Գերմանի նոր ֆիլմը՝ «Էլեկտրական ամպերի տակ»».
  7. ««Էլեկտրական ամպերի տակ» ֆիլմի մանրամասները».
  8. «Բերլինալ-2015 յոթերորդ օր։ Գերմանի 5-րդ շարասյունը».
  9. «Հիմա՝ 2017». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  10. «Օպերատոր Եվգենի Պրիվին». Tvkinoradio.ru. 4 июня 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.