Էլզա Ֆորներո

Էլզա Ֆորներո
Աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար հավասար հնարավորությունների ապահովման լիազորություններով
նոյեմբերի 16, 2011 - ապրիլի 28, 2013
Նախորդող Մաուրիցիո Սաքքոնի (աշխատանքի նախարար),
Մառա Կարֆանիա (հավասար հնարավորությունների ապահովման նախարար)
Հաջորդող Էնրիկո Ջովաննինի (աշխատանքի նախարար),
Յոզեֆա Իդեմ (հավասար հնարավորությունների ապահովման նախարար)
 
Կուսակցություն՝ անկախ քաղաքական գործիչ
Կրթություն՝ Թուրինի համալսարան
Մասնագիտություն՝ տնտեսագետ, համալսարանի դասախոս, նախարար և քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 7, 1948(1948-05-07)[1] (76 տարեկան)
Ծննդավայր Սան Կարլո Կանավեզե, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա
Ամուսին Mario Deaglio?
Զավակներ Silvia Deaglio?[2] և Andrea Deaglio?[2]

Էլզա Մարիա Ֆորներո (իտալ.՝ Elsa Maria Fornero, մայիսի 7, 1948(1948-05-07)[1], Սան Կարլո Կանավեզե, Թուրին, Պիեմոնտ, Իտալիա), իտալացի տնտեսագետ և պետական գործիչ, Մոնտիի կառավարության շրջանում աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար հավասար հնարավորությունների ապահովման լիազորություններով (2011-2013)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլզա Ֆորներոն ծնվել է 1948 թվականի մայիսի 7-ին Սան Կարլո Կանավեզեում։ Նա Թուրինի համալսարանի քաղաքական տնտեսության իսկական պրոֆեսոր է, մասնագիտացած է մակրոէկոնոմիկայի, խնայողությունների, սոցիալական ապահովության և կենսաթոշակային ֆոնդերի տնտեսագիտության ուղղություններով։ Թուրինի համալսարանում Կարլ Ալբերտի քոլեջի Կենսաթոշակային և սոցիալական ապահովության քաղաքականության հետազոտությունների կենտրոնի համակարգողն է և քոլեջի հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամ, Մաաստրիխտի համալսարանի կառավարման դպրոցի սոցիալական ապահովության քաղաքականության դոկտոր։ Ֆորներոն պաշտոններ է զբաղեցնում նաև Եվրոպայի գիտական հաստատությունների ղեկավար կազմում, համագործակցում է Il Sole 24 Ore իտալական գործարարական օրաթերթին։ Եղել է Intesa Sanpaolo բանկի վերահսկիչ խորհրդի փոխնախագահ (2010-2011), Compagnia di Sanpaolo փոխնախագահ (2008-2010), Կոնֆինդուստրիայի գիտական կոմիտեի անդամ (2005-2006), Համաշխարհային բանկի փորձագետների հանձնաժողովի անդամ (2003-2004) և այլն։ 1993 թվականին Ֆորներոն ընտրվել է Թուրինի կոմունայի խորհրդի «Թուրինի դաշինք» (Alleanza per Torino) ցուցակում և տեղական պատգամավոր մնացել մինչև 1998 թվականը։ 2011 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2013 թվականի ապրիլի 28-ը եղել է Մոնտիի կառավարության աշխատանքի և սոցիալական քաղաքականության նախարար հավասար հնարավորությունների ապահովման լիազորություններով[3]։

Որպես նախարար՝ նա իրականացրել է կենսաթոշակային[4] և աշխատաշուկայի բարեփոխումներ, որոնք, ըստ նրա, ուղղված էին երիտասարդներին ու հիսուն տարեկաններին աշխատանք ապահովելուն[5]։ Երկու բարեփոխումներն էլ ձևակերպված էին 2012 թվականի հունիսի 28-ի № 92 օրենքով, որն ուժի մեջ է մտել 2012 թվականի հուլիսի 18-ին[6]։ Հանրության շրջանում առավել մեծ վրդովմունք առաջացնող նորամուծությունների շարքին են պատկանել աշխատանքից ազատման ընթացակարգը դյուրացնելու նպատակով Աշխատանքային կանոնադրությունը փոփոխելու դրույթները[7]։ Բարեփոխման դրույթներից մեկի համաձայն՝ միայն 2014 թվականի սեպտեմբերին գործատուներն ու վարձու աշխատողներն սկսել են Սոցիալական ապահովագրության ազգային ինստիտուտի ֆոնդին (INPS) վճարել հարկ աշխատավարձի 0,5 %-ի չափով (միայն գումարի մեկ երրորդ մասը՝ աշխատողի հաշվին)։ Սակայն, քանի որ օրենքի այդ դրույթն ուժի մեջ է մտել ուշացումով (ծրագրվել էր այդ հարկի վճարումն սկսել տարվա սկզբին), վճարողներից գանձվել է նաև 1 %-ի չափով տուգանք ուշացման համար[8]։ Այն բանից հետո, երբ Սահմանադրական դատարանը մերժել է Հյուսիսային լիգայի՝ Ֆորներոյի բարեփոխումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին առաջարկը, Ֆորներոն հարցազրույցի ժամանակ ընդունել է № 92 օրենքի անկատարությունն ու դա բարեփոխելու հնարավորությունը։ Մասնավորապես, նորմատիվ ակտի թերություններին վերագրել է կենսաթոշակային ապահովության համակարգում թաքնված արտոնությունների պահպանումը, որոնք չեն օգտագործվում այն անձանց կողմից, ովքեր ավելի շատ աջակցության կարիք ունեն։ Այնուամենայնիվ, բարեփոխումների լիակատար մերժումը, ըստ Ֆորներոյի, միայն կբարդացներ իրավիճակը[9]։ Կենսաթոշակային ապահովության բարեփոխումների համաձայն՝ 2013 թվականին տղամարդիկ իրավունք ունեին ծերության թոշակի անցնել 42 տարի և 5 ամիս, կանայք՝ 41 տարի և 5 ամիս աշխատանքային ստաժ ունենալու դեպքում։ Ընդ որում՝ եթե կենսաթոշակի անցնողի տարիքը 62-ից ցածր է, ապա 62 տարեկանից փոքրերի կենսաթոշակն իջեցվում է յուրաքանչյուր տարվա համար 1 %-ով և 60 տարեկանից փոքրերինը՝ յուրաքանչյուր տարվա համար 2 %-ով։ 2013 թվականից պետական ոլորտում աշխատող տղամարդիկ և կանայք իրավունք ունեին կենսաթոշակի անցնել 66 տարեկան 3 ամսականից՝ անկախ աշխատանքային ստաժի։ Ինքնազբաղված կանայք իրավունք էին ստանում կենսաթոշակի անցնել 63 տարեկան 9 ամսական տարիքում, իսկ մասնավոր ընկերություններում աշխատող կանայք՝ 62 տարեկան 9 ամսականում։ Նախատեսվում էր կենսաթոշակային տարիքն աստիճանաբար ավելացնել, քանի որ Իտալիայում կյանքի տևողությունն աճում էր։ Այսպիսով՝ այն մարդիկ, որոնք 2012 թվականին 26 տարեկան էին, ծերության թոշակի կարող էին անցնել 2056 թվականին՝ 70 տարեկան 6 ամսական հասակում, 36 տարեկանները՝ 2045 և 2046 թվականներին՝ 69 տարեկան 8 ամսականում, 46 տարեկանները՝ 2034 և 2035 թվականներին՝ 68 տարեկան 8 ամսական հասակում, 56 տարեկանները՝ 2023 թվականին՝ 67 տարեկան 5 ամսականում[10]։

Էլզա Ֆորներոն ամուսնացած է տնտեսագետ Մարիո Դեալիոյի հետ (Mario Deaglio), ունի մեկ աղջիկ՝ Սիլվիա Դեալիոն, որը ծնվել է 1974 թվականին։ 2012 թվականին Սիլվիան քննադատության է ենթարկվել, քանի որ գենետիկա էր դասավանդում այն նույն Թուրինի համալսարանում, որտեղ աշխատում էին նրա ծնողները, ինչպես նաև ղեկավարում էր Sanpaoloа բանկի կողմից ֆինանսավորվող հիմնադրամը, իսկ բանկի փոխնախագահը Էլզան էր։ Նույն թվականի նոյեմբերին համալսարանի հասցեով ֆրանսիական դրոշմակնիքով նամակ է ստացվել, որը Սիլվիայի համար սպառնալիքներ էր պարունակում։ Դրա կապակցությամբ ոստիկանությունը հետաքննություն է անցկացրել[11][12]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 Furfaro M. C. Elsa Fornero: età, marito, figli, di quale partito fa parte, ultime news con Salvini, Draghi e governo, Instagram (իտալ.) — 2021.
  3. «Elsa Fornero: Una nuova era del lavoro» (իտալերեն). BiografieOnline. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  4. «Elsa Fornero: "Mentre Mario Monti faceva campagna elettorale io dovevo tacere e sanguinare"» (իտալերեն). Libero Quotidiano. 2014 թ․ հուլիսի 27. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  5. Carlo Tecce (2014 թ․ հուլիսի 27). «Elsa Fornero: "Dovevo stare zitta mentre Monti faceva campagna elettorale"» (իտալերեն). il Fatto Quotidiano. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Disposizioni in materia di riforma del mercato del lavoro in una prospettiva di crescita». LEGGE 28 giugno 2012, n. 92 (իտալերեն). Gazzetta Ufficiale. 2012 թ․ հուլիսի 3. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  7. «Riforma del lavoro: la scheda. Art.18, precari e partite Iva». Mio Job (իտալերեն). la Repubblica. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  8. Franco Grilli (2014 թ․ սեպտեմբերի 13). «La riforma Fornero regala ai dipendenti la nuova tassa Inps» (իտալերեն). il Giornale. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  9. «Pensioni. Elsa Fornero: "Mia riforma va migliorata, cancellarla è pericoloso"» (իտալերեն). Blitz Quotidiano. 2015 թ․ հունվարի 20. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
  10. Andrea Telara (2012 թ․ դեկտեմբերի 4). «Pensioni: cosa cambia dal 2013 con le regole della Fornero» (իտալերեն). Panorama. Վերցված է 2015 թ․ փետրվարի 27-ին.
  11. «La brillante carriera della figlia di Elsa Fornero. Due posti fissi nell'università di famiglia» (իտալերեն). Corriere della Sera. 2012 թ․ փետրվարի 7. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  12. «Torino, minacce alla figlia del ministro Fornero: "Arriverà il furore del popolo"» (իտալերեն). il Fatto Quotidiano. 2012 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլզա Ֆորներո» հոդվածին։