Էլիզաբեթ Մարիա Մոլտենո | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1852 |
Ծննդավայր | Բոֆոտր Ուեստ, Արևմտյան Կապ, ՀԱՀ |
Մահացել է | օգոստոսի 25, 1927 (74 տարեկան) |
Մահվան վայր | Տրեվոն, Padstow, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Գերեզման | Կոռնուոլ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Նյունհեմի քոլեջ |
Մասնագիտություն | իրավապաշտպան և կանանց իրավունքների պաշտպան |
Ծնողներ | հայր՝ Ջոն Մոլտենո |
![]() |
Էլիզաբեթ Մարիա Մոլտենո (անգլ.՝ Elizabeth Maria Molteno, Betty, սեպտեմբերի 24, 1852, Բոֆոտր Ուեստ, Արևմտյան Կապ, ՀԱՀ - օգոստոսի 25, 1927, Տրեվոն, Padstow, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն), քաղաքացիական և կանանց իրավունքների ջատագով Հարավային Աֆրիկայում։
Էլիզաբեթը ծնվել է իտալական ծագումով Քեյփի ազդեցիկ ընտանիքներից մեկում։ Եղել է Թեյփի առաջին վարչապետ Ջոն Մոլտենոյի սիրելի ավագ դուստրը։ Մանկությունն անցել է Քեյփ Թաունի ընտանեկան Քլարմոնթ կալվածքում, որտեղ էլ ստացել է նախնական կրթությունը։ Դիվանագիտական, միջազգային բիզնես նպատակներով հայրը հաճախակի է ճամփորդել և ավագ երեխաներին հաճախ է հետը ճամփորդությունների տարել։ Էլիաբեթը պարբերաբար եղել է Իտալիայում, Լոնդոնում[1]։
Էլիզաբեթը եղել է խելացի, արտակարգ հիշողությամբ ուժեղ անհատականություն, իր հայացքներով ու սովորույթներով տարբերվել է վիկտորիանական դարաշրջանի աղջիկներից, հագել է կոպիտ հագուստ, ավելի մեծ հետաքրքրություն է ցուցաբերել գիտության և քաղաքականության, քան ամուսնության և երեխաների հարցերում։ Վաղ հասակից եղել է բուսակեր[2][3]։
Ի տարբերություն իր քույրերի Էլիզաբեթը շարունակում է ուսումը Քեմբրիի Նյունհեմ քոլեջում [4]:
Էլիզաբեթն աշխատում է որպես ուսուցիչ, այնուհետև դառնում է Պորտ Էլիզաբեթի Օրիորդաց դպրոցի տնօրենը։ Նա հեղափոխական փոփոխություններ է կատարում վիկտորիանական կրթական համակարգում։ Նա կիրառել է ուսուցման մեթոդներ, որոնք համեմատաբար զարգացած և լիբերալ են եղել այդ ժամանակաշրջանի համար, այդ թվում, աղջիկների սեռական դաստիարակության առաջին համակարգը։ Կարևորել է աղջիկների կրթության հարցը, և իր վարչական ու կրթական գործունեության համար հրաժարվել է աշխատավարձ ստանալուց[2]։
Էլիզաբեթը խիստ դեմ է եղել Անգլո-բուրական պատերազմին։ Երբ պատերազմն սկսվեց, նա ստիպված թողեց աշխատանքը։ Հակա-պատերազմական ակտիվիսներին պիտակավորում էին որպես բուրերի կողմնակից, և նրանց սոցիալական ճնշումների էին ենթարկում։ Պորտ Էլիզաբեթի համայնքը բրիտանացիների կողմնակից էր, ուստի, երբ Էլիզաբեթը հրաժարվեց դադարեցնելու իր ակտիվ գործունեությունը՝ նրան ստիպեցին հրաժարվել իր պաշտոնից՝ չնայած իր նախկին աշակերտների և գործընկերների աջակցությանը։
Էլիզաբեթը եղել է Հարավաֆրիկյան հաշտեցման կոմիտեի հիմնադիր անդամ, որի համար 1899 թվականին տեղափոխվել է Քեյփ Թաուն, կազմակերպել է մի շարք հանդիպումներ՝ ընդդեմ պատերազմի և այն էթնիկ տարանջատումների, որոնք ի հայտ էին եկել պատերազմի պատճառով[5]։
Էլիզաբեթը եղել է Էմիլի Հոբհաուսի և Օլիվեր Շրեյների մտերիմ ընկերը, նրանց հետ աշխատել է Անգլո-բուրական պատերազմի ընթացքում և պատերազմից հետո, քայլեր են ձեռնարկել օգնելու համակենտրոնացման ճամբարներում գտնվողներին[6][7]։ Էլիզաբեթ Պորտում նա ծանոթանում է Ալիս Գրինի հետ (գրող Գրեհեմ Գրինի մորաքույրը), ով եղել էր Օրիորդաց դպրոցի փոխտնօրեն և ներգրավված էր եղել հակա-պատերազմական ակտիվիզմի մեջ։ Նրանց տեսակետները համընկնում էին և նրանք շարունակել են իրենց ընկերությունը երկար ժամանակ։
Պատերազմի ավարտից հետո Էլիզաբեթը դեմ արտահայտվեց Հարավ Աֆրիկայում տիրող արմատական նոր քաղաքական զարգացումներին և հեռացավ Անգլիա, որտեղ 1909 թվականին հանդիպեց Մահաթմա Գանդիին։ Նրանք դարձան ընկերներ։
1912 թվականին Էլիզաբեթը վերադարձավ Հարավային Աֆրիկա և ներգրավվեց ոչ-ռասայական, կանանց ընտրական իրավունքների հարցերում։ Իր գործունեության ընթացքում Էլիզաբեթը տպագրվել է բրիտանական և հարավաֆիկյան հրատարակչություններում։
Նա սերտ հարաբերությունների մեջ է մնում Գանդիների հետ, պարբերաբար այցելում նրանց և կալվածք է գնում Umhlanga-ում և այնտեղ տեղափոխվում սատյագրահայի (Satyagraha) ժամանակ, մեծ աջակցություն է ցուցաբերում շարժմանը[8]։ Գանդիի հետ ելույթներում նա Դուրբանում կոչ արեց հնդիկներին բացահայտելու Աֆրիկան։
1914 թվականին Գանդիները եկան Քեյփ Թաուն և Էլիզաբեթը ջանք չխնայեց նրանց ներկայացնելու հարավաֆրիկյան ազդեցիկ ուժերին։
Հետագայում Գանդին Էլիզաբեթին բնորոշում էր որպես «խաղաղարար»[9][10]։
Հետագա տարիներին նա գլխավորեց մի շարք գործընթացներ՝ աջակցելու սևամորթ հարավաֆրիկացիներին քաղաքական և հողային իրավունքների հարցերում [11][12][13]:
Էլիզաբեթի համար կարևոր էր հարավաֆրիկյան ոստիկանական ուժերի ներքո գտնվող բանտարկյալների հարցը։ Երբ Գանդին բանտում էր, նա այցելեց բանտ և ցուցմունքներ վերցրեց։
Իր ողջ կյանքի ընթացքում Էլիզաբեթն աշխատել է խթանելու կանանց ընտրական իրավունքները։
Լինելով վճռական և կանանց իրավունքների ակտիվ ջատագով՝ նա աշխատել է տարբեր ռասայական և ծագման ընդդիմադիրների հետ։ Ելույթներով պարբերաբար հանդես է եկել ժողովներում և հույս հայտնել, որ ապագայում Հարավային Աֆիկայում կինը կունենա իր կարևոր տեղն ու դերը[14][15]։
Առաջին համաշխարհային պատերազմի սկզբից նա իր ընկերների՝ Էմիլի Հոբհաուս և Օլիվեր Շրեյների հետ աշխատեց ռազմաճակատում [16]:
Մահացել է 1927 թվականին հարավային Անգլիայում։ Եղել է Հարավային Աֆրիկայի 19-րդ դարի և 20-րդ դարի սկզբի ամենաազդեցիկ կանանցից մեկը[2][2][16]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլիզաբեթ Մարիա Մոլտենո» հոդվածին։ |
|