![]() | |
տեսակ | արձան |
քանդակագործ | Scott Eaton? |
տարի | 2014 |
ժանր | հանրային արվեստ |
նյութ | բրոնզ |
գտնվելու վայր | Քամդեն Թաուն |
քաղաք | Քամդեն |
մասն է | list of public art in Camden? |
պատկերված են
| |
![]() |
Բրիտանացի երգչուհի և երգահան Էմի Ուայնհաուսի բրոնզե արձան, գտնվում է Լոնդոնի հյուսիսում, Քամդեն թաունի շուկայում։ Քանդակի հեղինակն է Սքոթ Իթոնը։ Այն հանդիսավոր կերպով բացվել է երգչուհու մահից երեք տարի հետո՝ 2014 թվականին։
Էմի Ուայնհաուսը ծնվել է 1983 թվականին Լոնդոնում։ Երգչուհին հայտնի է իր կոնտրալտո վոկալով և երաժշտական ժանրերի՝ R&B-ի, սոուլի և ջազի խառնուրդների էքսցենտրիկ կատարմամբ։ Քննադատների կողմից ճանաչվել է 2000-ականների լավագույն բրիտանացի երգչուհիներից մեկը։
Մահացել է 27 տարեկան հասակում` 2011 թվականի հուլիսի 23-ին Քամդենում գտնվող իր տանը, ալկոհոլային թունավորումից։
Քանդակագործն Էմի Ուայնհաուսի հորը հայտնել է նրա դստեր արձանը քանդակելու իր մտահղացման մասին և համաձայնություն ստանալուց հետո սկսել է աշխատել քանդակի վրա։ Այն նախատեսված չէր արտացոլելու կոնկրետ կերպար կամ հանդերձանք, սակայն նպատակ ուներ գրավելու իր արտաքին տեսքով[1]։ Հեղինակն ուշադրություն է հրավիրել նրա ձեռքերի դիրքերին. ձախ ձեռքը դրված է գոտկատեղին, իսկ աջը կիսաշրջազգեստի փեշի եզրին է[1]։ Այսպիսի փոքրիկ մանրամասներ, ինչպես նաև ոտքի փոքր-ինչ ներս ծալած դիքը քանդակին յուրահատուկ շունչ են հաղորդում[2]։
Արձանը նախատեսված էր տեղադրել Ռաունդհաուզ համերգային սրահում, սակայն նկատի առնելով, որ այնտեղ փոքրաթիվ հասարակություն է հաճախում, այն տեղադրվեց մոտակա շուկայի տարածքում[3]։
Քանդակի բացումը տեղի է ունեցել 2014 թվականի սեպտեմբերի 14-ին՝ երգչուհու ծննդյան 31-րդ տարեդարձի օրը, իր ընկերուհու՝ բրիտանացի դերասանուհի Բարբարա Վինձորի կողմից[4]։ Բացման արարողությանը ներկա էին նրա ծնողները՝ Միթչ և Ջեյնիս Ուայնհաուսները։
Արձանի բարձրությունը 1․59 մետր է․ բարձրակրունկներով, հասակով մեկ կանգնած է երգչուհին՝ ձախ ձեռքը գոտկատեղին դրած, մազերի յուրօրինակ՝ փեթակաձև սանրվածքով[5]։ Երգչուհու պարանոցին կա Դավթի աստղով շղթա, իսկ բացման օրը մազերի մեջ իսկական կարմիր վարդ է եղել ամրացված[6]։
Պատկերը, որը ստեղծել է քանդակագործը, փորձել է ներկայացնել Ուայնհաուսի դիրքն ու ուժը, միևնույն ժամանակ նրբորեն ակնարկելով նրա անպաշտպանվածությունը[1]։
Արձանի վերաբերյալ դրական կարծիքներ էին հնչում[1]։
Երգչուհու հայրը՝ Միթչ Ուայնհաուսը, հավանել էր քանդակը և ասել, որ Էմին սիրում էր իր հարազատ քաղաքը, և իսկապես վայրը ճիշտ էր ընտրված. այդտեղ կարող էին լինել նրա երկրպագուները։ Նա համոզված էր, որ նրանք նույնպես կհավանեն արձանը[4]։
Ուայնհաուսի մայրն ասել է․ «Ես ուրախ եմ, որ քանդակը հենց այստեղ է տեղադրվել, քանի որ Քամդենն Էմիի սիրած վայրն է եղել»։
Դերասանուհի Վինձորն իր մեկնաբանությունում նշել է, որ իր կյանքում բազմաթիվ պարգևների է արժանացել, սակայն մեծ պատիվ էր ճանաչել Էմիի նման տաղանդավոր երգչուհու. «Նրան սիրում էր ողջ Քամդենը, և նրա ներկայությունը միշտ պետք է այս քաղաքում մնա»[7]։
|