Էնն-Մարի Լիզեն | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Լյեժի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և պրոֆեսոր |
Ծննդյան օր | հունվարի 5, 1949[1][2][3] |
Ծննդավայր | Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա |
Վախճանի օր | հոկտեմբերի 17, 2015[4][1] (66 տարեկան) |
Վախճանի վայր | Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[4] |
Թաղված | Ben-Ahin |
Քաղաքացիություն | Բելգիա |
Կայք՝ | lizin.org |
Պարգևներ | |
Էնն-Մարի Լիզեն (ֆր.՝ Anne-Marie Lizin-Vanderspeeten, հունվարի 5, 1949[1][2][3], Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա - հոկտեմբերի 17, 2015[4][1], Յուի, Ուի, Լիեժ, Վալոնիա, Բելգիա[4]), բելգիացի պետական գործիչ, Բելգիայի սենատի նախագահ (2004-2007)։
Ավարտել է Լիժեի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը։ Միացել է հասարակական-քաղաքական կյանքին՝ ընտրվելով Բեն-Աեն գյուղի խորհրդի անդամ (1970-1976)։ 1977 թվականին Յուիի նշյալ բնակավայրին միանալուց հետո ընտրվել է քաղաքային խորհրդի կազմում և այդ ժամանակից ի վեր եղել նրա մշտական ներկայացուցիչը։ 1980-1982 թվականներին ընտրվել է բուրգոմիստրի տեղակալ, 1983-2009 թվականներին՝ Յուիի բուրգոմիստր[5]։ 1973-1979 թվականներին, միաժամանակ, եղել է Բելգիայի կառավարության պաշտոնյա Եվրահանձնաժողովի հարցերով, իսկ 1977 թվականից աշխատել է Արտաքին գործերի նախարարությունում։ 1979 թվականին Սոցիալիստական կուսակցությունից ընտրվել է Եվրոպական առաջին պառլամենտի կազմում և մինչև 1988 թվականը եղել դրա անդամ։ Այս ընթացքում նա նաև մասնակցեց եվրոպական միջուկային զինաթափմանը՝ մայրցամաքում Խաղաղության աջակիցների շարժման առաջատար արշավին։ 1988-1992 թվականներին Բելգիայի արտաքին առևտրի նախարարությունում զբաղեցրել է Եվրոպական հարցերով պետքարտուղարի պաշտոնը։ 1991 թվականին ընտրվել է երկրի Խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի անդամ, միաժամանակ եղել է Վալոնիայի շրջանային խորհրդի և ֆրանսիական համայնքի խորհրդի անդամ։ Բացի այդ, 1992 թվականին նախագահել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բնագավառում տեխնիկական համագործակցության կամավոր ֆոնդի խորհուրդը, ինչպես նաև ծառայել է որպես Սոցինտերնի փոխնախագահ։ 1992-1996 թվականներին եղել է Կանանց սոցինտերնի նախագահ[6]։
1995 թվականից մինչև 1999 թվականը եղել է Բելգիայի Սենատի լիիրավ անդամ։ Միաժամանակ, դարձել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Խորհրդարանական վեհաժողովի անդամ։ Բացի այդ, 1996 թվականից մինչև 2002 թվական քաղաքական գործիչը զբաղեցրել է ֆրանսախոս կանանց խորհրդի նախագահի պաշտոնը։ 1997 թվականից եղել է գենդերային հավասարության խորհրդի անդամ, իսկ 1998 թվականից՝ որպես անկախ փորձագետ Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում։ Այդ կարգավիճակում նա եղել է կազմակերպության պատվիրակության ղեկավարը Հարավային Օսիայում զինված հակամարտության ժամանակ (2008)։ 1999 թվականի հունիսին ընտրվել է Սենատում` հետագայում զբաղեցնելով նախագահի պաշտոնը (2004-2007), դառնալով այդ պաշտոնում առաջին կինը։ Նա ավարտել է աշխատանքը խորհրդարանի վերին պալատում 2010 թվականին։ Լիզենն ամուսինների միջև բռնությունը քրեականացնող օրենքի հեղինակն է։
2009 թվականի հունվարին քաղաքական գործչին մեղադրանք ներկայացվեց` կապված վարկային քարտերի խարդախության հետ, ինչը հանգեցրեց նրան վտարմանը Սոցիալիստական կուսակցությունից։ Այդ ժամանակվանից նա դարձավ անկախ պատգամավոր։ 2009 թվականի մարտին նա ստիպված եղավ հրաժարվել Յուիի քաղաքապետի պաշտոնից մեկ այլ սկանդալի պատճառով, որը կապված էր կլիենտելայի սկզբունքով համայնքում «իր» կառույցների ստեղծման հետ։ 2009 թվականի օգոստոսին Լիզենը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում իր իրավահաջորդի մեքենայի հետ կապված վթարի պատճառով։
2010 թվականի հունիսին Բելգիայի խորհրդարանական ընտրություններում Լիզենն առաջադրվեց իր սեփական MS+ ցուցակով, բայց չկարողացավ մանդատ ստանալ Պատգամավորների պալատում։ 2015 թվականի մարտին նա Լիեժի Վերաքննիչ դատարանի կողմից դատապարտվեց մեկ տարվա փորձաշրջանով՝ 2007 թվականին Սենատի նախընտրական քարոզարշավի ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման մեղադրանքով, որից հետո դիմեց Գերագույն դատարան։
Լիզենն եղել է անհայտ կորած և շահագործված երեխաների միջազգային կենտրոնի (ICMEC) տնօրենների խորհրդի անդամ, համաշխարհային ոչ առևտրային կազմակերպություն, որն աշխատում է երեխաների սեռական շահագործման դեմ պայքարի, երեխաների պոռնոգրաֆիայի և երեխաների առևանգման դեմ։ 2008 թվականին այն ստեղծեց HOCRINT՝ միջազգային համակարգման ցանց, հարկադիր ամուսնության իրավախախտումների դեմ պայքարի համար։ Լիզենն եղել է Բելգիայի Կանանց մասոնական Մեծ օթյակի անդամ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էնն-Մարի Լիզեն» հոդվածին։ |
|