Էնն Ռոոս էստ․՝ Enn Roos | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 20, 1908[1] |
Ծննդավայր | Տամբով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հուլիսի 15, 1990 (81 տարեկան) |
Վախճանի վայրը | Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, Էստոնիա և ԽՍՀՄ |
Կրթություն | Տարտուի «Պալլաս» գեղարվեստի բարձրագույն դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ |
Աշխատավայր | Էստոնիայի գեղարվեստի ակադեմիա |
Պարգևներ և մրցանակներ |
Էնն Կառլովիչ Ռոոս (էստ․՝ Enn Roos, սեպտեմբերի 20, 1908[1], Տամբով, Ռուսական կայսրություն - հուլիսի 15, 1990, Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի խորհրդային քանդակագործ։
Էնն Ռոոսը ծնվել է 1908 թվականի սեպտեմբերի 20-ին Ռուսաստանում։ 1912 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Էստոնիա։ 1927 թվականին ավարտել է Պեետերի մասնավոր դպրոցը Տալլինում, 1926-1828 թվականներին սովորել է Անտս Լայկմաայի գեղարվեստի դպրոցում, իսկ Յաան Կոորտի մոտ՝ 1927-1928 թվականներին։ 1935 թվականին ընդունվել է Տարտուի «Պալաս» գեղարվեստի բարձրագույն դպրոց, որն ավարտել է 1939 թվականին՝ ստանալով քանդակագործի մասնագիտություն։
1941 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, 1942-1944 թվականներին որպես քանդակագործ աշխատել է Մոսկվայում։
1947-1983 թվականներին դասավանդել է գեղարվեստական ապակի, կերամիկա և քանդակ Էստոնիայի գեղարվեստի ակադեմիայում, 1958 թվականից եղել է պրոֆեսոր, 1962 թվականից մինչև 1977 թվականը՝ քանդակագործության ամբիոնի վարիչ։ Ժամանակակից գրեթե բոլոր էստոնացի միջին տարիքի քանդակագործները եղել են նրա ուսանողները[2]։
Էնն Ռոոսը մահացել է 1990 թվականի հուլիսի 15-ին Տալլինում։ Թաղվել է Տալլինի Անտառային գերեզմանատանը[3]։
Էնն Ռոոսի ամենանշանակալի գործը բրոնզե քանդակն է, որը դարձել է 1947 թվականին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ստեղծված Տալլինի ազատագրման հուշարձանի կենտրոնական կերպարը։ Քանդակի հետևում գտնվող մոնումենտալ քարե պատն ստեղծել է ճարտարապետ Առնոլդ Ալասը։ Էստոնիայի կառավարության հրամանով՝ հուշահամալիրն ավերվել է 2007 թվականի ապրիլի 26-ի լույս 27-ի գիշերը և փոփոխված ձևով վերականգնվել նույն տարվա հուլիսին Տալինի ռազմական գերեզմանատանը։
Էնն Ռոոսի աշխատանքի հիմնական մասը կենդանի մոդեռնիստական քանդակներ են, էկզոտիկ դիմանկարներ և դեկորատիվ քանդակներ։ Նա ստեղծել է մի շարք զբոսայգիների քանդակներ, ինչպիսին է « Արջը» Տալլինի «Հիրվե» զբոսայգում (1939)։