Ժանետ Ալթվեգ | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | գեղասահորդուհի |
Երկիր՝ | Միացյալ Թագավորություն |
Ծննդյան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 8, 1930[1] |
Ծննդավայր՝ | Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն |
Մահվան ամսաթիվ՝ | հունիսի 18, 2021[2] (90 տարեկան) |
Մահվան վայր՝ | Բեռն |
Ժանետ Էլեոնոր Ալթվեգ (անգլ.՝ Jeannette Eleanor Altwegg․ սեպտեմբերի 8, 1930[1], Մումբայ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն - հունիսի 18, 2021[2], Բեռն), բրիտանացի գեղասահորդուհի, որ մասնագիտացել էր կանանց մենասահքում։ 1952 թվականի օլիմպիական չեմպիոնուհի և 1948-ի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոնուհի (1951) և Եվրոպայի կրկնակի չեմպիոնուհի (1951–1952):
Ժանետը ծնվել է Հնդկաստանում, մեծացել, հասակ է առել Լանկաշիրում, որտեղ նրա հայրը՝ ազգությամբ շվեյցարացի Հերման Ալթվեգը, աշխատում էր Լիվերպուլի բամբակի բորսայում (անգլ.՝ Liverpool Cotton Exchange ):
Ալթվեգը սկսել է չմուշկներով սահել ութ տարեկանից։ Բայց, բացի դրանից, նա լրջորեն զբաղվում էր թենիսով և նույնիսկ պատանեկան առաջնության եզրափակիչ դուրս եկավ 1947 թվականին Ուիմբլդոնում։ Ու թեև հաղթեց Մեծ Բրիտանիայի առաջնությունում և 1947 թվականին իր դեբյուտային աշխարհի առաջնությունում զբաղեցրեց հինգերորդ տեղը, այդուհանդերձ՝ հրաժարվեց թենիսից և կենտրոնացավ բացառապես չմշկասահքի վրա[3] ։
1948 թվականին՝ իր առաջին իսկ օլիմպիական խաղերում Ժանետը գրավեց երրորդ տեղը։ 1951 թվականին էլ նվաճեց աշխարհի առաջնության չեմպիոնուհու տիտղոսը և ավարտեց իր կարիերան 1952 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելով։ Նա իր ուշադրությունը հիմնականում նվիրում էր պարտադիր ծրագրի գերազանց կատարմանը՝ պատշաճ կարևորություն չտալով ազատ ծրագրին (1948 թվականի օլիմպիական խաղերում նա պարտադիր ծրագրում գրավեց 2-րդ, ազատ ծրագրում՝ 6-րդ տեղը, 1952 թվականի օլիմպիական խաղերում՝ համապատասխանաբար 1-ին և 4-րդ տեղերը)[4] ։
Այնուհետև Ժանետը թողեց եկամտաբեր մասնագիտական կարիերան և մանկավարժական աշխատանքի անցավ Շվեյցարիայում՝ Պեստալոցիի անվան մանկատանը։ 1953 թվականին նա ամուսնացավ շվեյցարացի ինժեներ Մարկ Վիրցի հետ, որն իր ընկերուհու՝ գեղասահքի Շվեյցարիայի չեմպիոնուհի Սյուզի Վիրցի եղբայրն էր։ Այս ամուսնությունից ծնվեց չորս երեխա։ 1973 թվականին Ժանետն ու Մարկը ամուսնալուծվեցին։ 1983 թվականին նրանց դուստրը ՝ Քրիստինան, Շվեյցարիայի քյորլինգի հավաքականի կազմում դարձավ աշխարհի չեմպիոնուհի և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր[5]։
Մրցություն/Մրցաշրջան | 1947 թ․ | 1948 թ․ | 1949 թ․ | 1950 թ․ | 1951 թ․ | 1952 թ․ |
Ձմեռային օլիմպիական խաղեր | 3 | 1 | ||||
Աշխարհի առաջնություններ | 5 | 4 | 3 | 2 | 1 | |
Եվրոպայի առաջնություններ | 4 | 5 | 3 | 2 | 1 | 1 |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժանետ Ալթվեգ» հոդվածին։ |
|