Իլիա Աբուլաձե ილია აბულაძე | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1901 Զեդա–Սաքարա, Զեստափոնի շրջան |
Մահացել է | հոկտեմբերի 9, 1968 (66 տարեկան) Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | բառարանագիր և պատմաբան |
Հաստատություն(ներ) | Թբիլիսիի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | բանասիրություն |
Ալմա մատեր | Թբիլիսիի պետական համալսարան |
Գիտական աստիճան | բանասիրական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | վրացերեն[1] և հայերեն[1] |
Ilia Abuladze Վիքիպահեստում |
Իլիա Վլադիմիրի Աբուլաձե (նոյեմբերի 24, 1901, Զեդա–Սաքարա, Զեստափոնի շրջան - հոկտեմբերի 9, 1968, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի բանասեր, հայագետ, ՎՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1950), գիտությունների վաստակավոր գործիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։
Ծնվել է նոյեմբերի 24-ին, Զեդա–Սաքարայում (Վրաստանի Զեստափոնի շրջան), ուսուցչի ընտանիքում։ Կրթությունը ստացել է Քութայիսի առաջին գիմնազիայում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանը։ Աշակերտել է Հրաչյա Աճառյանին, Մելիքսեթ-Բեկին, Ա. Շանիձեին։ Հիմնականում զբաղվել է հայ և վրաց բանասիրությանը վերաբերող հարցերի ուսումնասիրությամբ։ Համալսարանը գեբազանց ավարտելուց հետո նա ընդունվել է ասպիրանտուրա հայ-վրացական բանասիրության գծով։
Պրոֆեսոր Աբուլաձեի նախաձեռնությամբ է, որ հիմնադրվել է Կեկելիձեի անվան ձեռագրերի ինստիտուտը, որի անփոփոխ տնօրենը եղել է նա, ղեկավարել ձեռագրերի նկարագրության 15 հատորանոց մատենաշարը, հրատարակել «Վրացական գրի նմուշներ» նշանավոր հավաքածուն։
Աբուլաձեն երկար տարիներ Թբիլիսիի համալսարանում դասավանդել է հին հայերեն, բազմիցս եղել Հայաստանում, ուսումնասիրություններ կատարել Էջմիածնի գրապահոցում, իսկ այնուհետև՝ Մատենադարանում, զեկուցումներով հանդես է եկել Հայաստանում կազմակերպված գիտաժողովներում, հոդվածներ տպագրել հայագիտական հանդեսներում։ Երկար տարիներ նա եղել է «Պատմաբանասիրական հանդեսի» խմբագրական կոլեգիայի անդամ։ Նրա դոկտորական դիսերտացիան է եղել «Հայ և վրաց գրականությունների առնչությունները 9-10-րդ դարերում» ուսումնասիրությունը։
Մահացել է հոկտեմբերի 9-ին, Թբիլիսիում։
Շուրջ 100 տպագիր աշխատությունների հեղինակ է։ 1938 թ. հրատարակել է «Վկայաբանություն Շուշանիկի» վարքագրության վրացերեն և հայերեն տեքստերը։ Գրել է «Հայ–վրացական գրական կապերը IX–X դարերում» աշխատությունը (1944), տպագրել վրաց ժողովրդի հնագույն պատմության՝ «Քարթլիս ցխովրեբա»–ի գրաբար տեքստը, վրացերեն թարգմանությունը և դրան նվիրված հետազոտությունը (1953)։
Աբուլաձեի «Հովհաննես Դրասխանակերտցի» ուսումնասիրությունը (1937) վրաց հայագիտության նվաճումներից է։ Կազմել է գրաբարի (1935), վրացերենի (հայկական դպրոցների համար, 1965) դասագրքեր և «Հին վրացերեն–գրաբար բառարան» (անտիպ)։ 1937 թ.-ին Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի № 7117 ձեռագրում Աբուլաձե հայտնաբերել է աղվանական գիրը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլիա Աբուլաձե» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 45)։ |