Իսա Յունուս օղլի Ղամբար (ադրբ.՝ İsa Yunis oğlu Qəmbər, փետրվարի 24, 1957(1957-02-24), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի պետական և քաղաքական գործիչ։ 1992 թվականի մայիսի 19-ից հունիսի 16-ը եղել է Ադրբեջանի նախագահի պաշտոնակատար՝ փոխարինելով այդ պաշտոնում Այազ Մութալիբովին։ 1992-1993 թվականներին եղել է Միլլի Մեջլիս խոսնակ։ Ներկայումս գլխավորում է ընդդիմադիր Մուսավաթ կուսակցությունը։
Իսա Ղամբարը ծնվել է 1952 թվականի փետրվարի 24-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Ֆիզուլիի շրջանի Քյուդլեր (ներկայումս՝ Գուրդլար) գյուղում։ 1979 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը[1]։
Իսա Ղամբարը մեծ դերակատարություն է ունեցել Ադրբեջանում 2011 թվականին տեղի ունեցած ցույցերի ժամանակ։ Մուսավաթ կուսակցության համակիրների հետ միասին Ադրբեջանում կազմակերպել են ցույցեր։ 2011 թվականին Իսա Ղամբարի որդին՝ Իլքին Ղամբարը, ով այդ ժամանակ ծառայել է Բաքվի զորամասերից մեկում, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի կարգադրությամբ իրեն ուղարկել են սահման՝ ստիպելով մարտական հերթապահություն իրականացնել Թովուզի շրջանում՝ հայ- ադրբեջանական սահմանագծին։ Ի պատասխան, Ադրբեջանի ՊՆ մամլո խոսնակը հայտարարել է, որ պաշտպանության նախարարությունը իրավունք ունի փոփոխել իր զինծառայողների ծառայության վայրը, ուստի հարցը չպետք է քաղաքականացնել[2]։