Լիզ Քլայբորն | |
---|---|
Ծնվել է | մարտի 31, 1929[1][2] |
Ծննդավայր | Բրյուսել |
Մահացել է | հունիսի 26, 2007[3][1] (78 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Mountain Lakes High School? |
Մասնագիտություն | ոճաբան և գործարար |
Ծնողներ | հայր՝ Omer Villere Claiborne? |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | lizclaiborne.com |
Liz Claiborne Վիքիպահեստում |
Աննա Էլիզաբեթ Ջեյն Քլայբորն (անգլ.՝ Anne Elisabeth Jane Claiborne, մարտի 31, 1929[1][2], Բրյուսել - հունիսի 26, 2007[3][1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի նորաձևության դիզայներ և ձեռնարկատեր։ Նրա բրենդի հաջողությունը հիմնված էր կանանց համար նորաձև, բայց մատչելի հագուստի վրա։ Քլայբորնը առավել հայտնի է որպես «Liz Claiborne Inc» ընկերության հիմնադիր։ Նա Fortune 500 ընկերությունների ցուցակում առաջին կին նախագահն ու գլխավոր տնօրենն էր[5][6]։
Քլայբորնը ծնվել է Բրյուսելում՝ ամերիկացիների ընտանիքում։ Նա լուիզիանացի հայտնի Ուիլյամ Քլայբորնի ընտանիքի սերունդից է, որը եղել է Լուիզիանայի առաջին նահանգապետը 1812 թվականի պատերազմի ժամանակ նահանգի ստեղծումից հետո[5]։
1939 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին, ընտանիքը վերադարձել է Նոր Օռլեանի[5]։ Քլայբորնը հաճախել է աղջիկների համար նախատեսված St. Timothy's School դպրոց։
Միջնակարգ դպրոցն ավարտելու փոխարեն Քլայբորնը մեկնել է Եվրոպա արվեստ սովորելու գեղարվեստի արվեստանոցներում[7]։
1949 թվականին Քլայբորնը հաղթել է Ժակ Հեյմի անվան դիզայնի ազգային մրցույթում, որը հովանավորվում էր Harper's Bazaar ամսագրի կողմից[8], ապա տեղափոխվել է Մանհեթեն, որտեղ երկար տարիներ աշխատել է Յոթերորդ ավենյուի կարի թաղամասում[7]՝ Թինա Լեսերի նորաձևության տանը՝ որպես էսքիզի նկարիչ։ Նա նաև աշխատել է որպես Օմար Քիամի հոլիվուդյան կուստյումների դիզայներ[9] և «Dan Keller and Youth Group Inc» ընկերությունում[10]։
1976 թվականին Լիզը հիմնադրել է իր սեփական նորաձևության ընկերությունը՝ «Liz Claiborne Inc»-ը՝ Լեոնարդ Բոքսերի, Արտ Օրտենբերգի և Ջերոմ Չեյզենի հետ համատեղ[5]։ Ընկերությունը ի սկզբանե դարձել է հաջողակ՝ 1976 թվականին 2 մլն դոլարի և 1978 թվականին 23 մլն դոլարի վաճառք ունենալով[10]։
Քլայբորնի կողմից մշակված մարքեթինգային ռազմավարությունները փոխել են մանրածախ խանութների բնույթը։ Օրինակ, նա պնդում էր, որ իր հագուստի հավաքածուն ցուցադրվի որպես առանձին բաժին և ներառի այն բոլոր իրերը, որոնք նա առաջարկում էր։ Սրա շնորհիվ, հաճախորդները կարող էին հանրախանութի մեկ վայրից միանգամից ընտրել հագուստների և աքսեսուարների ամբողջական հավաքածու բրենդի անունով։ Բրենդների խմբավորման այս ավանդույթը դարձել է ժամանակակից խանութներում անվանական բրենդերի համար բնորոշ։
1980 թվականին Նինա Մաքլեմորի հետ համատեղ հիմնադրվել է Liz Claiborne Accessories ընկերությունը[11]։ «Liz Claiborne Inc» ընկերությունը 1981 թվականին դարձել է հրապարակային և 1986 թվականին 1,2 միլիարդ դոլարի մանրածախ վաճառքով ընդգրկվել է Fortune 500-ի ցանկում[10]։
Քլայբորնը ղեկավարել է հավաքները՝ ապակե զանգակը ղողանջեցնելով և հայտնի է դարձել կարմրի հանդեպ իր սիրով[7]։ Երբեմն նա իրեն վաճառողուհի է ներկայացրել, որպեսզի տեսնի, թե սովորական կանայք ինչ են մտածում իր հագուստների մասին[7]։
Լիզը ամուսնացած է եղել Բեն Շուլցի հետ, հետագայում ամուսնալուծվել են[12]։ 1957 թվականին ամուսնացել է իր գործընկերոջ[12]՝ Արթուր Օրթենբերգի հետ[13]։ Առաջին ամուսնությունից ունեցել է մեկ որդի՝ Ալեքսանդր Շուլցին, իսկ երկրորդի ժամանակ երկու որդի՝ Նիլ Օրտենբերգին և Նենսի Օրտենբերգին[5][12]։
Քլայբորնը կառավարչական գործունեությունը թողել է 1989 թվականին։ Այդ ժամանակ նա ձեռք էր բերել այլ ընկերություններ, մասնավորապես «Kayser-Roth»-ը, որը աքսեսուարներ էր արտադրում «Liz Claiborne Accessories»-ի համար[5]։ Նրա ամուսինը պաշտոնաթող է եղել, միևնույն ժամանակ մյուս հիմնադիրներին թողնելով որպես մենեջերներ։
Քլեյբորնը և Օրտենբերգը հիմնադրել են հիմնադրամ, որը միլիոնավոր ֆինանսական միջոցներ է բաշխել բնապահպանական նպատակների համար, այդ թվում՝ PBS-ում «Nature» հեռուստասերիալի ֆինանսավորումը[5] և բնապահպանական ծրագրեր ամբողջ աշխարհում[12]։ Նա Ռոդ Այլենդի դիզայնի դպրոցում ստացել է պատվավոր դոկտորի աստիճան գեղարվեստի գծով[6]։
1997 թվականի մայիսին Քլայբորնը հայտնել էր, որ նա քաղցկեղի հազվագյուտ տեսակ ունի, որը ազդում է որովայնի լորձաթաղանթի վրա[12]։ Լիզ Քլայբորնը մահացել է 2007 թվականի հունիսի 26-ին 78 տարեկան հասակում՝ հիվանդության դեմ երկարատև պայքարից հետո[14]։
Ջերոմ Չեյզենը ընկերության նախագահ է դարձել 1989 թվականին և այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1996 թվականը, որից հետո այդ պաշտոնը զբաղեցրել Է Փոլ Շարոնը մինչև 2006 թվականը։ 2012 թվականի մայիսի 15-ին Liz Claiborne Inc պաշտոնապես դարձել է Fifth & Pacific, Inc և թողարկել նոր ապրանքանիշներ և սկսել մարքեթինգ անմիջական հաճախորդների հետ։ Բնօրինակ ապրանքանիշը վաճառվել է։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիզ Քլայբորն» հոդվածին։ |
|