Լինա Մագայա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1945[1] |
Ծննդավայր | Մապուտու, Մոզամբիկ |
Վախճանվել է | հունիսի 27, 2011 (66 տարեկան) |
Վախճանի վայր | Մապուտու, Մոզամբիկ |
Մասնագիտություն | գրող, կենսագիր, քաղաքական գործիչ և լրագրող |
Լեզու | պորտուգալերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Լիսաբոնի համալսարան |
Լինա Ժուլիա Ֆրանչեսկ Մագայա (պորտ.՝ Lina Júlia Francisco Magaia, փետրվարի 21, 1945[1], Մապուտու, Մոզամբիկ - հունիսի 27, 2011, Մապուտու, Մոզամբիկ), մոզամբիկցի գրող, լրագրող, Մոզամբիկի անկախության համար պայքարի մասնակից։ Եղել է բազմակողմանի զարգացած կին, որն աչքի է ընկել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գրականությունը և հրապարակախոսությունը, կինոն, գյուղական զարգացումը և գաղութային տիրապետությունից երկրի ազատագրման պատերազմը։
Լինա Մագայան ծնվել է Լորենսու Մարկիշ քաղաքում 1940 թվականին։ Դեռևս դպրոցում սովորելիս նա միացել է ՖՐԵԼԻՄՕ-ին (Մոզամբիկի ազատագրման ճակատ) և երեք ամսով բանտարկվել իր քաղաքական գործունեության համար[2]։ Նա եղել է մոզամբիկցի առաջին կանանցից մեկը, որը կրթաթոշակ է ստացել արտասահմանում սովորելու համար[3] և ավարտել է Լիսաբոնի համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան։ Հետագայում նա մեկնել է Տանզանիա՝ ռազմական պատրաստություն անցնելու համար և 1975 թվականին անդամակցել է ՖՐԵԼԻՄՕ-ի ազգային-ազատագրական բանակին։
1980 թվականին նա մասնակցել է Մոզամբիկի կանանց կազմակերպության «Կանաչ գոտիներ» նախագծին, որն ուղղված էր քաղաքային շրջաններին պարենամթերքի մատակարարմանը[3], իսկ երկու տարի անց՝ ուղարկվել է Մանհիսա (Մապուտու նահանգ), որտեղ դարձել է շաքարեղեգ արտադրող տեղական սովխոզի փոխտնօրեն[4]։ 1986 թվականին նա ղեկավարել է Մանհիսի շրջանի գյուղատնտեսության զարգացման գծով տնօրինությունը, սակայն նրա աշխատանքը տեղի է ունեցել անկախությունից հետո քաղաքացիական հակամարտությունների ժամանակ ՌԵՆԱՄՈ-Ի ռազմականացված ընդդիմության հետ դիմակայության պայմաններում։
Լինա Մագայան մահացել է 2011 թվականի հունիսի 27-ին, սիրտ-անոթային հիվանդությունների պատճառով[5]։ Մոզամբիկի վարչապետը նրան բնութագրել է որպես «մեծ մարտիկ և ակտիվ քաղաքացի, որն իր կյանքի տարբեր փուլերում իրեն նվիրել է մոզամբիկյան ժողովրդին»։
Նրա «Դումբա Նենգե» (1987) և «Duplo massacre en Mocambique» («Կրկնակի կոտորած Մոզամբիկում», 1989) գրքերը հիմնված են ականատեսների վկայությունների վրա, ովքեր վերապրել են Մոզամբիկում քաղաքացիական պատերազմի վայրագությունները և կենտրոնացած են ՌԵՆԱՄՈ-ից գրողի հակառակորդների հանցագործությունների և նրանց՝ որպես Հարավային Աֆրիկայի ապարտեիդի ռեժիմի գործիքի դերի մերկացման վրա[4]։ Երրորդ գիրքը՝ «Delehta» (1994), մասամբ փաստագրական վկայություն է, մասամբ գեղարվեստական։ Մագայայի վերջին աշխատանքը եղել է «Recordacoes da Vovo Marta» («Հուշեր Մարթա տատի մասին»), որը հրապարակվել է 2011 թվականին և հիմնված է Մոզամբիկի հնագույն կանանցից մեկի՝ 99-ամյա Մարթա Մբոկոտա Գեբուզայի՝ Մոզամբիկի նախկին նախագահ Արմանդու Գեբուզայի մոր հետ երկարատև հարցազրույցների վրա։