Խիլմա Մադերա | |
---|---|
Խիլմա Մադերան Հիսուսի արձանի ֆոնին | |
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1915 |
Ծննդավայր | Pinar del Río Province, Կուբա |
Մահացել է | փետրվարի 21, 2000 (84 տարեկան) |
Վախճանի վայրը | Հավանա, Կուբա |
Քաղաքացիություն | Կուբա |
Մասնագիտություն | քանդակագործ և նկարչուհի |
Խիլմա Մադերա (իսպ.՝ Jilma Madera, սեպտեմբերի 18, 1915, Pinar del Río Province, Կուբա - փետրվարի 21, 2000, Հավանա, Կուբա), կուբացի հայտնի կին քանդակագործ։ Նրա առավել հայտնի երկու աշխատանքներն են Հիսուս Քրիստոսի արձանը Հավանայում և Խոսե Մարտիի կիսանդրին Պիկո Տուրկինոյում։
Գեղանկարչություն և քանդակագործություն ուսանել է Հավանայի Գեղեցիկ արվեստների «Սան Ալեխանդրո» ազգային դպրոցում, Խուան Խոսե Սիկրեի ղեկավարությամբ։
Մադերայի ամենահիշարժան ստեղծագործությունը Հիսուս Քրիստոսի 320 տոննա կշռող և 20 մետր բարձրությամբ արձանն է, որը նա ստեղծել է Կուբայի բռնակալ Ֆուլխենսիո Բատիստայի կնոջ՝ Մարթայի պատվերով։ Արձանը պատրաստված է Կարրարայի սպիտակ մարմարից։ Կազմված է 67 մասից, որոնք բերվել են Իտալիայից, որտեղ քանդակվել է արձանը և օրհնվել Հռոմի Պիոս XII պապի կողմից։ Արձանի բացումը տեղի է ունեցել 1958 թվականի դեկտեմբերի 24-ին՝ Բատիստայի իշխանության տապալումից մի քանի օր առաջ։ Իշխանության եկած Ֆիդել Կաստրոն որոշել է պահպանել արձանը՝ ասելով. «Նա եկել է ինձ հետ։ Հավանայի Քրիստոսը կլինի հեղափոխության պահապանը և ինձ հաջողություն կբերի»։
Իտալիայում աշխատելու ժամանակ Մադերան Կարրարայի քաղաքապետ Ֆիլիպո Մարտինելիի խնդրանքով ի պատիվ Օտավիե դել Ամիկոյի, որի ջանքերով ապագա արձանի համար Կարրարայում գտնվել և մշակվել են մարմարի հսկա բեկորները, կերտել է արձանի ձեռքերի կրկնօրինակը, որոնք հետագայում քաղաքապետը, ի նշան բարեկամության, նվիրել է Երևանին։ Հասնելով Երևան, քանդակագործ Արա Հարությունյանի միջամտությամբ ձեռքերը նոր հորինվածք ստացան և տեղադրվեցին Երևանի Օղակաձև զբոսայգում՝ «Բարեկամության ձեռքեր» անվամբ։ Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 1965 թվականին[1]։
Մադերան մի քանի ցուցահանդես է ունեցել Նյու Յորքում, նրա աշխատանքները տեղադրված են Կուբայի մայրաքաղաք Հավանայում, տարբեր ցուցասրահներում և թանգարաններում։