Գյուղ | ||
---|---|---|
Խնապատ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Ասկերանի | |
Այլ անվանումներ | Խանաբադ | |
ԲԾՄ | 575 մ | |
Բնակչություն | 827[1] մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Տեղաբնականուն | խանցքցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Խնապատ (նախկինում Խանաբադ) գյուղ է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում, հանրապետության արևելյան հատվածում, Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 3 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 19 կմ հեռավորության վրա։
Արցախի բնականուններում -ապատ եզրով բաղադրված են` Խնապատ, Կուսապատ, Ղազարապատ նաև Մուշկապատ բնականունները[3]։ Հատկանշելի է, որ այդ եզրով բաղադրված անվանումներում -ապատ արմատը դրսևորվել է իր նախնական` ջրային տարածք մինչտեղանվանական նշանակությունը և բնակության վայր ընդլայնված տեղանվանական իմաստը։ Իր նախնական իմաստով ապատ-ն առկայացած է Խնապատ բնականվան մեջ։ Այն, որ բնականվան իմաստն աղերսվում է ջրային տարածքին, հավաստում են պատմաաշխարհագրական տեղեկությունները։ Սլավա Սարգսյանը, թե տեղում կատարած ուսումնասիրությունների և թե արխիվային նյութերի տվյալների հիման վրա փաստում է, որ նախկինում՝ 9-17-րդ դարերում, գյուղն անվանվում էր Ջրվեր նաև Ջրհոր[4]։ Բանահավաք Լևոն Հարությունյանն էլ նշում է, որ գյուղի հին ու հայալեզու անունն է Ջրավեր կազմված ջուր և վայր բաղադրիչներից։ Իսկ Խնապատը Խոնապատի աղավաղված տարբերակն է համարում[5]։ Խոն-ը մեկնաբանում է ցած, ներքև, դաշտային, տափաստանային նշանակություններով, այսինքն` ցածրում գտնվող։ Եվ նշում, որ Խնապատը ջրային տարածք, ջրարառատ բնակավայր նշանակություն ուներ։ Ու ապատ արմատն իր նախնական իմաստով է վկայվել այդ բնականվան մեջ։ Նշենք,որ Խնապատ-ը թուրքական տիրապետության մի կարճ ճամանակաշրջանում վերանվանվել էր` Թեզխարաբ, ապա 1962թ. անվանադրվել Ոսկեվազ, իբրև լրացյալ անուններ առաջարկվել էին Այգեձոր և Մրգաշատ անունները։ Տրված անուններից և ոչ մեկը չամրակայվեց հանրային գիտակցության մեջ, ու նորից գյուղը վերանվանվեց Խնապատ։ Այս դեպքում կարծում ենք` իրավացի է Լ. Հարությունյանը, որ Խնապատ և Ջրավեր անունները իմաստային առումով նույնական է համարում[6]։
Ըստ լեզվաբանական բացատրության ապատն ունի բնակեցված, բարեկարգված իմաստը, նշանակում է նաև բնակատեղ, քաղաք, շեն, ավան, խանը աղավաղված է և տեղանունների ծագման սկզբունքներից ելնելով կարելի է ասել, որ խանի փոխարեն պետք է լիներ խաս այսինքն Խասապատ կամ Խսապատ որը ստուգաբանվում է սուրբ բնակավայր իմաստով։ Մակար Բարխատունյանց 19-րդ դարում տեղեկություններ է թողել Խնապատ գյուղի մասին.
Նշված տեղեկությունը վերաբերվում է Վերին Խնապատին, ներկայիս Երեշեն գյուղին։
Համայնքը լեռնային է, ունի 1815,74 հեկտար տարածք, որից 959.4 հա գյուղատնտեսական նշանակության, 714,75 հա անտառային հողեր։ Գյուղամիջով հոսող միակ գետը, որը սկիզբ է առնում Վ. Ղլիջբաղ տեղավայրից և ոչ վաղ անցյալում հասնում էր մինչև Կարկառ գետը, հանդիսանալով նրա ձախակողմյան վտակներից մեկը, ներկայումս սակավաջուր է և հիմնականում գործում է անձրևների և ձնհալի շրջանում։ Կլիմայի ձևավորման վրա ազդող հիմնական գործոներն են` նրա տարածքի աշխարհագրական լայնությունը, դրա հետ կապված արեգակի բարձրությունը, որն Արցախում կազմում է 73-74 աստիճան ամռանը և 27-28 աստիճան ձմռանը։
Գյուղի կիմայի վրա առավել ներգործուն ազդեցություն են թողնում հատկապես Կուր-Արաքսյան միջագետի հարթավայրային չոր մերձարևադարձային և Հայկական լերնաշխարհի չոր ու ցուրտ օդային հոսանքները։ Ջերմաստիճանի վրա ազդում են նաև լանջերի ու հովիտների դիրքը, քամիների ուղղությունը։ Տարեկան միջին ջերմաստիճանը կազմում է +16 աստիճան։
Համայնքի տարածքում առկա են կավի (շահագործվում էր), հանքային պաշարներ։
Նշենք, որ գյուղի տարածքի միջին բարձրությունը ծովի մակարդակից մոտ 600 մետր է, ընդ որում նախալեռները իջնում են մինչև 400-500 մ։ Տարածքը գտնվում է չոր մերձարևադարձային կլիմայական գոտում, սակայն հատկապես բնորոշ են բարեխառը կլիմայական պայմանները։
Խնապատ գյուղը զբաղեցնում է Արցախի նահանգի Խաչեն գավառի հարավարևելյան Մյուս Հաբանդ (Վարանդա) գավառին սահմանամերձ մի հատվածը[7]։ Գյուղի տարածքը հիմնականում ցածր և միջին բարձրության լեռներ են, որոնք իրարից բաժանվում են ձորերով և գետահովիտներով։ Գյուղի տարածքի արևմտյան սահմանը Բոզդաղի շարունակությունը կազմող Բիլա Խութ անտառապատ լեռնաբազուկն է (ավելի քան 3 կմ երկարությամբ), որը ձգվում է հարավ-արևելք-հյուսիս-արևմուտք ուղղությամբ։ Լեռնազանգվածի ամենաբարձրադիր գագաթը Բիլա Խութն է ծովի մակերևույթից շուրջ 1200 մ բարձրությամբ։ Դրան հետևում են Սարե խաչ (1175), Շեգունց (1145,5) և Հացոտ (968.1) բարձունքները։ Գյուղից հյուսիս գրեթե արևելք-արևմուտք ուղղությամբ ձգվում է Քարեն կլոխ (Քարագլուխ) արևելահայաց կողմից անտառազուրկ, 1.5 կմ երկարությամբ լեռնաբազուկը Կարմիր քերծ կամ Չոպոխ բարձունքով, որի համաձայն Ելիզավետպոլի նահանգի 1904 թվականին քարտեզի կազմում է 3360 ֆուտ։
Բնակավայր | Ծուխ | Ար | Իգ | Ընդ |
---|---|---|---|---|
Քարագլուխ | 73 | 337 | 274 | 611 |
Նորագյուղ | 76 | 337 | 391 | 728 |
Ղլիջբաղ | 50 | 227 | 236 | 463 |
Փառուխ | 5 | 12 | 13 | 25 |
Խնապատ | 88 | 434 | 364 | 798 |
Խրամորթ | 51 | 209 | 213 | 422 |
Բնակավայր | Ծուխ | Բնակչություն |
---|---|---|
Խնապատ | 78 | 1107 |
Նորագյուղ Փառուխի հետ միասին | 65 | 1024 |
Սարդարաշեն | 50 | 498 |
Քարագլուխ | 62 | 792 |
Խրամորթ | 45 | 515 |
Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել են 45 000 արցախցիներ, որոնցից 250 խնապատցիներ էին։ 1968 թվականին խնապատցի հերոսների պատվին հուշակոթող կանգնեցվեց գյուղի հարավարևելյան բարձունքին։
1996 թվականին նախընտրական քարոզչության շրջանակներում ԼՂՀ նախագահ թեկնածու Ռ. Քոչարյան Խնապատում լինելով ասաց հետևյալը.
Իսկ Զորի Բալայանը 2002 թվականի նոյեմբերի 9-ին լինելով Խնապատում նշեց.
![]() |
«Խնապատ Ասկերանի հետ միասին եղել է Արցախյան ազատամարտի սարդարապատը։ Ես բարձր եմ գնահատում այս հերոս բնակավայրի խաղացած դերը թուրքերի դեմ պատերազմում» | ![]() |
Խնապատ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1042 մարդ, կա 240 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[8].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 1006 | 1008 | 1019 |
Սովետական տարիներին կոլտնտեսությունը զբաղվել է անասնապահությամբ, խաղողագործությամբ, հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, շերամապահությամբ։
Խնապատ համայնքում 2015 թվականի դրությամբ կար 240 տնտեսություն[9]։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ, կան նաև տարբեր պետական համակարգերի աշխատողներ[10]։
Ջրամատակարարումն իրականացնում է պետության կողմից` կենտրոնացված ինքնահոս եղանակով, համակարգը սնվում է 1 ակունքից։ Համայնքի տարածքում առկա է թվով 3 աղբյուրներ` Կղատեղ, Կաթնաղբյուր և Խաչեն։ Համայնքի տարածքով անցնում է Իվանյան-Ասկերան և Խնապատ ջրաղացներ ոռոգման ջրատարները։ Գյուղի տարածքը հարուստ է աղբյուրներով։ Հիշատակության են արժանի Կիղատեղ, Ճիրվաճուր,Ղազար և Շուղուն/Թևուն աղբյուրները, Սիյամանց աղբյուրը։ Համայնքում գործում են առևտրի 3 օբյեկտներ։
Համայնքի տարածքում առկա են կավի (շահագործվում էր) հանքային պաշարներ։
Խնապատի տարածքում և շրջակայքում կան բազմաթիվ հուշարձաններ` միջնադարյան գյուղատեղիներ, եկեղեցիներ, գերեզմանատներ և խաչքարեր և այլն, որոնք յուրովի լույս են սփռում գյուղի պատմության մշուշապատ էջերի վրա։ Սակայն, Խաչեն և Կարկառ գետերի միջնամասում գտնվող այս բնակավայրը հայտնի է նաև հնագիտական մեծարժեք հուշարձաններով, որոնք հիմք են տալիս գյուղի պատմությունը վերագրելու շատ ավելի վաղ ժամանակների։ 1990 թվականին գյուղի արևելյան եզրամասում հայտնաբերվել են հազվադեպ գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 11-9-րդ դարերին։ Գյուղի տարածքում զգալի են միջնադարյան պատմական կոթողները։ Գյուղի ամենահին թվակիր հուշարձանը Ցեց քար Խաչքարն է (13-րդ դար)։
Կան պատմամշակութային հուշարձաններ` գյուղատեղի Ջրավեր (12-17-րդ դարեր) գերեզմանոց Նահատակ քարանձավ-սրբատեղի (17-րդ դարեր) Մեծ նան միջնադար, Սբ Ատվածածին եկեղեցի (19-րդ դար), մատուռ 1224 թվականին, գյուղատեղի Երեշեն (18-20-րդ դարեր), գյուղատեղի Վ. Ղլիջբար, Խնապատ գյուղից 3 կմ արևմուտք (12-20-րդ դարեր), գերեզմանոց (19-20-րդ դարեր), հաշվառկված է 42 հուշարձան։
Կան նաև կարաններ, որոնցից են Ըշեղանց, Ճիրվիճրի, Շեգունց, և Իծատանը[11]։
1979 թվականի դրությամբ ունեցել է միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, փոստի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար։
2010 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, Ասկերանի մանկական երաժշտական դպրոց, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 117 աշակերտներ, ունի 1 պետական մանկապարտեզ, որտեղ հաճախում են 30 երեխաներ[12]։
Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, Խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից։ Տրանսպորտային կապը կարգավորված է։ Ուղևորափոխադրումներն իրականացվում են Խնապատ-Ստեփանակերտ-Խնապատ թիվ 119 միջշրջանային կանոնավոր ավտոբուսային երթուղիներով։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 10)։ ![]() |