Կառլո Սկորցա | |
---|---|
իտալ.՝ Carlo Scorza | |
հունիսի 15, 1897[1] - դեկտեմբերի 23, 1988[1] (91 տարեկան) | |
Ծննդավայր | Պաոլա, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա |
Մահվան վայր | Սան Գոդենցո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա |
Քաղաքացիություն | Իտալիա և Իտալիայի թագավորություն |
Կոչում | լեյտենանտ |
Մարտեր/ պատերազմներ | Առաջին համաշխարհային պատերազմ, Երկրորդ համաշխարհային պատերազմ և Երկրորդ իտալա-եթովպական պատերազմ |
Պարգևներ |
Կառլո Սկորցա (իտալ.՝ Carlo Scorza, հունիսի 15, 1897[1], Պաոլա, Կոզենցա, Կալաբրիա, Իտալիա - դեկտեմբերի 23, 1988[1], Սան Գոդենցո, Ֆլորենցիա, Տոսկանա, Իտալիա), իտալացի պետական գործիչ, Իտալիայի ազգային ֆաշիստական կուսակցության գլխավոր քարտուղար (1943)։
Կառլո Սկորցան ծնվել է 1896 թվականի հունիսի 20-ին, Պաոլայումում։ Մասնակցելով Առաջին համաշխարհային պատերազմին՝ բերսալիերների կորպուսի կազմում հասել է մինչև լեյտենանտի կոչման։ Զբաղվել է լրագրությամբ, եղել «Ինտրեպպիդո» ամսագրի տնօրեն, «Պոպոլո դի Տոսկանա» ֆաշիստական թերթի հիմնադիր։ 1920 թվականի դեկտեմբերի 14-ին միացել է ֆաշիստական շարժմանը և անդամագրվել «Իտալիայի պայքարի միության»-ը և Ազգային ֆաշիստական կուսակցությանը։ Եղել է Լուկայի Դաշնային կուսակցության քարտուղար։ Մասնակցել է Լուկայի մերձակայքում կոմունիստների և սոցիալիստների դեմ բռնության գործողություններին։ 1922 թվականին մասնակցել է «Դեպի Հռոմ երթ»-ին։
1924-1939 թվականներին եղել է խորհրդարանի անդամ։ 1925 թվականին մասնակցել է լիբերալ առաջնորդ Ջիովաննի Ամենդոլայի ծեծին։ 1928 թվականից եղել է Ֆորլիի արտակարգ կոմիսար, 1929 թվականից՝ Ազգային ֆաշիստական կուսակցության վարչության անդամ։
1935 թվականին կամավոր Եթովպիայում մասնակցել է մարտական գործողություններին։ 1931 թվականից եղել է «Ջովենտի ֆաշիստ»-ի տնօրեն։ Հետագայում հիմնականում զբաղվել է կորպորացիաների և մամուլի խնդիրներով։ Եղել է Ազգային խորհրդի անդամ (1939-1943), քիմիական արդյունաբերության կորպորացիայի անդամ (1938-1941), ծանր մետաղագործության կորպորացիայի (1941-1942) անդամ, մամուլի պալատի նախագահ (1940-1943)։ 1942 թվականի դեկտեմբերին նշանակվել է Ազգային ֆաշիստական կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ։
1943 թվականի ապրիլի 17-ին Ազգային ֆաշիստական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Ալդո Վիդուսոնին։ 1943 թվականի հուլիսի 25-ին կայացած Մեծ ֆաշիստական խորհրդի նիստում առաջ է քաշել Դինո Գրանդին հակակշռելու սեփական բանաձևը, որը նախատեսում էր ռազմական հրամանատարության փոխանցում մարշալ Ռոդոլֆո Գրացիանին և ֆաշիստական կուսակցության բռնապետության հետագա ամրապնդում[2]։ Վերջնական քվեարկության ժամանակ քվեարկել է ընդդեմ Գրանդիի բանաձևի։ Նույն օրը Մուսոլինը ձերբակալվել է, իսկ Ազգային ֆաշիստական կուսակցությունը դադարել է գոյություն ունենալ։ 1943 թվականի հոկտեմբերին նացիստները նրան ձերբակալել են Իտալիայի սոցիալական հանրապետության տարածքում, բայց նրան չեն դատել։ Պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականի օգոստոսի 23-ին, Կառլո Սկորցան ձերբակալվել է, բայց շուտով ազատվել է և արտագաղթել Արգենտինա։ Ավելի ուշ նա վերադարձել է Իտալիա։ Մահացել է 1988 թվականի դեկտեմբերի 23-ին, Սան Գոդենցոյում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլո Սկորցա» հոդվածին։ |
|