Կաստրու Ալվիս | |
---|---|
Ծննդյան անուն | բրազ.-պորտ.՝ Antônio Frederico de Castro Alves |
Ծնվել է | մարտի 14, 1847[1][2][3][…] |
Ծննդավայր | Մուրիտիբա, Իտամարաժու[4] |
Վախճանվել է | հուլիսի 6, 1871[1][2][3][…] (24 տարեկան) |
Վախճանի վայր | Սալվադոր, Իտամարաժու, Բրազիլիա |
Գերեզման | Cemitério do Campo Santo |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծ |
Լեզու | պորտուգալերեն |
Ազգություն | Pardo Brazilians? |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Կրթություն | Faculdade de Direito do Recife? և Սան Պաուլոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ |
Գրական ուղղություններ | ռոմանտիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Espumas Flutuantes?, O Navio Negreiro? և Q19525373?[4] |
Անդամակցություն | Բրազիլական գրականության ակադեմիա |
Համատեղ ապրող | Eugênia Câmara? |
Castro Alves Վիքիպահեստում |
Կաստրու Ալվիս (պորտուգալերեն՝ Antônio Frederico de Castro Alves, մարտի 14, 1847[1][2][3][…], Մուրիտիբա, Իտամարաժու[4] - հուլիսի 6, 1871[1][2][3][…], Սալվադոր, Իտամարաժու, Բրազիլիա), 19-րդ դարի բրազիլացի բանաստեղծ, թատերագիր, որ լայն ճանաչում ու համբավ է նվաճել հատկապես աբոլիցիոնիստական (ստրկության դեմ) և հանրապետական ոգով գրած ստեղծագործությունների շնորհիվ։ «Կոնդորիզմ» (Condorism) ռոմանտիկական գրական շարժման համբավավոր ներկայացուցիչը լինելով՝ արժանացել է O Poeta dos Escravos (ստրուկների բանաստեղծ) պատվանունին[5]։ 22 տարեկան հասակում ընտրվել է Բրազիլական գրականության ակադեմիայի անդամ, որտեղ զբաղեցրել է 7-րդ աթոռը[6]։ Չնայած կարճ կյանք է ունեցել և ոչ տևական գրական գործունեություն, բայց հասցրել է ստեղծել այնպիսի երկեր, որ նրան համարում են Բրազիլիայի մեծագույն բանաստեղծներից մեկը։
Կաստրուն տասներկու տարեկան հասակում կորցրել է մորը։ Թեև դժվարությամբ, հաջողել է 1864 թվականին ընդունվել Ռեսիֆիի համալսարան։ Այդ ընթացքում գրած առաջին պոեմները՝ «Os Escravos»-ը («Ստրուկները») և «A Cachoeira de Paulo Afonso»-ն («Պաուլու Աֆոնսու ջրվեժը») արդեն լայն ճանաչում էին բերել նրան։
1866 թվականին մահացել է նաև հայրը, եղբայրն էլ ինքնասպան է եղել։ Այդուհանդերձ՝ Կաստրուն չի վհատվել, եռանդուն կերպով հասարակական գործունեություն է ծավալել, ընկերոջ՝ Ռույ Բարբոզայի հետ ստրկության վերացման համար պայքարող հասարակական կազմակերպություն է հիմնել։ Այդ ժամանակ է, որ ծանոթացել ու մտերմացել է պորտուգալացի դերասանուհի Էուժենիա Կամարայի հետ, և սերը ոգեշնչել է, մղել ստեղծագործական նոր նվաճումների։ 1867 թվականին Կաստրուն գրել է «Գոնզագա» դրաման, որը բեմադրվելով՝ փոթորկալի հաջողություն է ունեցել։ Այդ նույն տարում սիրահար զույգը տեղափոխվել է Սան Պաուլու, որտեղ Կաստրուն, դարձյալ հանրության և հատկապես երիտասարդության սիրով շրջապատված, դարձել է համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող։ Բայց 1868-ին Էուժենիան լքել, հեռացել է՝ խոր վշտի մեջ թողնելով պոետին։
1868 թվականի նոյեմբերի 11-ին որսի ժամանակ պատահական կրակոցից վիրավորվել է նրա ոտքը, որը ստիպված են եղել կտրել՝ փտախտի առաջացումը կանխելու համար։ Դրան գումարվել է տուբերկուլյոզը, և երիտասարդ բանաստեղծը 1870 թվականին վերադարձել է հայրենի եզերք՝ Բաիա, որտեղ հույս ուներ ապաքինվել։ Այդ ընթացքում հաջողել է հրատարակել «Espumas flutuantes» («Լողացող փրփուր») բանաստեղծական ժողովածուն՝ կենդանության օրոք լույս ընծայած իր միակ գիրքը։ Իսկ բուժվել, ցավոք, չի հաջողել. 1871 թվականին՝ 24 տարեկան հասակում, տաղանդավոր գրողը կնքել է իր մահկանացուն։
20-րդ դարի բրազիլացի նշանավոր գրող Ժորժի Ամադուն Կաստրու Ալվիսի մասին կենսագրական վեպ է գրել, որի հիման վրա 1949 թվականին նկարահանվել է Vendaval Maravilhoso գեղարվեստական կինոնկարը։ Տաղանդավոր բանաստեղծի կերպարը այստեղ մարմնավորել է Պաուլու Մաուրիսիուն[10]։ 1999 թվականին կինոռեժիսորներ Բրունո Գարսիան և Սիլվիո Տենդլերը նկարահանել են Castro Alves: Retrato Falado do Poeta փաստավավերագրական կինոնկարը[11]։
Կաստրու Ալվիսը նաև դրսևորել է վարպետ թարգմանչի անուրանալի ձիրք. թարգմանել է Վիկտոր Հյուգոյի և Ջորջ Գորդոն Բայրոնի մի շարք բանաստեղծություններ, որոնք տեղ են գտել նրա Espumas Flutuantes ժողովածուում։
Նախորդող՝ New creation |
Brazilian Academy of Letters – Patron of the 7th chair |
Հաջորդող՝ Valentim Magalhães (founder) |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաստրու Ալվիս» հոդվածին։ |
|