Կարո Անդրեասյան | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 16, 1922[1][2] |
Ծննդավայր | Ինդիանապոլիս, ԱՄՆ[3] |
Մահացել է | նոյեմբերի 3, 2018[1] (96 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Herron School of Art and Design? (1948) և Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա (1950) |
Մասնագիտություն | վիմագրող և գրող |
Կայք | antreasian.com/garotop |
Կարո Անդրեասյան (անգլ.՝ Garo Antreasian, լրիվ անուն՝ Garo Zareh Antreasian, փետրվարի 16, 1922[1][2], Ինդիանապոլիս, ԱՄՆ[3] - նոյեմբերի 3, 2018[1][4]), հայկական ծագմամբ ամերիկացի նկարիչ և մանկավարժ[5]։
Ծնվել է 1922 թվականի փետրվարի 16-ին Ինդիանապոլիսում՝ Զարեհ և Թագուհի Անդրեասյանների ընտանիքում, որոնք փրկվել էին 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից[6]։
Արվեստի ուսումնասիրությունը սկսել է Ինդիանապոլիսի Arsenal Technical High School-ում։ Ապա կրթությունը շարունակել է Herron School of Art and Design գեղարվեստի դպրոցում՝ ընդհատելով այն Երկրորդ աշխարհամարտի պատճառով։ 1942 թվականին անցել է զինվորական ծառայության առափնյա պահպանութունում և որպես ռազմական նկարիչ աշխատել է հետախուզական նավի տախտակամածում՝ պատկերելով ռազմական գործողությունները խաղաղօվկիանոսյան թատերաբեմում։ Պատերազմի վերջում Անդրեասյանը ավարտել է կրթությունը Herron School of Art and Design-ում և որոշ ժամանակ դասավանդել է այնտեղ մինչև 1948 թվականին արվեստի բակալավրի աստիճան ստանալը։ Նույն թվականին նա արժանացել է Mary Milken Award for Travel and Study մրցանակի[7] և, ստանալով դրամական պարգև, մեկնել է Նյու Յորք, որտեղ հետագա երկու տարիների ընթացքում սովորել է Նյու Յորքի ուսանող նկարիչների լիգայում Ուիլ Բարնեթի մոտ և Նյու Յորքում Սթենլի Ուիլյամ Հեթերի մոտ նրա լեգենդար Atelier 17 ստուդիայում։
Փորագրության նկատմամբ հետաքրքրությունը Կարո Անդրեասյանին տարել է դեպի վիմագրություն։ 1950-ական թվականներին նա շարունակել է կատարելագործել վիմագրությունը, 1952 թվականին իր առաջին անհատական ցուցահանդեսն է անցկացրել Մանհեթենում, որտեղ ցուցադրել է իր ժամանակակից փորագրանկարները[8]։ Նա դարձել է Ջուն Ուեյնի՝ Կալիֆորնիայում հիմնած արհեստանոցի՝ Tamarind Lithography Workshop (1960—1970)-ի առաջին տեխնիկական տնօրենը, այժմ՝ Թամարինդի ինստիտուտ։ 1964 թվականին նա տեղափոխվել է Նյու Մեքսիկո նահանգ՝ Ալբուկերկե, որտեղ դարձել է Նյու Մեքսիկո համալսարանի արվեստի ֆակուլտետի դասախոս։ 1971 թվականին Քլինթոն Ադամսոնի հետ դարձել է «The Tamarind Book of Lithography: Art and Techniques» գրքի համահեղինակ, որը դարձել է միջազգային մակարդակով փորագրության արվեստի մասին բեսթսելլեր։ Թամարինդի արվեստանոցում Կարոն աշխատել է մինչև 1972 թվական։ Մինչև 1988 թվականին թոշակի անցնելը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ՝ դասախոսություններ կարդալով Նյու Մեքսիկո համալսարանում և ԱՄՆ-ի այլ բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Այդ ընթացքում նա ստացել է բազմաթիվ մրցանակներ և ճանաչում ողջ աշխարհում։
Թոշակի անցնելուց հետո Անդրեասյանը իրեն ամբողջությամբ նվիրել է իր արվեստին և սեփական ժառանգությանը՝ 2015 թվականին գրելով «Reflections on life and art» գիրքը[9]։
Մահացել է 2018 թվականի նոյեմբերի 3-ին Ալբուկերկեում, նրա կտակով մարմինը դիակիզվել է[6]։
Կարո Անտրեասյաի աշխատանքները ներառվել են բազմաթիվ խոշոր թանգարանների մշտական հավաքածուներում և Միացյալ Նահանգների ողջ տարածքում, այդ թվում՝ Աբուկերկեի արվեստի և պատմության թանգարան, Նյու Մեքսիկո համալսարանի արվեստի թանգարան, Մետրոպոլիտեն թանգարան, Բոստոնի Գեղարվեստի թանգարան, Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարան, Լոս Անջելես շրջանի արվեստի թանգարան և ուրիշներ[10]։
Նա եղել է Պերդյուի համալսարանի պատվավոր դոկտոր և Նյու Յորքի National Academy of Fine Arts-ի անդամ, նաև եղել է Ֆուլբրայթի ծրագրի կրթաթոշակառու և հրավիրյալ նկարիչ Բրազիլիայում[7]։