Կիտա Չխենկելի | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 8, 1895 կամ հոկտեմբերի 8, 1895[1] |
Մահացել է | հոկտեմբերի 22, 1963 |
Կրթություն | Մոսկվայի պետական համալսարան, Հալլե-Վիտենբերգի համալսարան և Համբուրգի համալսարան |
Մասնագիտություն | բառարանագիր և լեզվաբան |
Աշխատավայր | Համբուրգի համալսարան և Ցյուրիխի համալսարան |
Կիտա "Պետրե" Չխենկելի (վրաց.՝ კიტა "პეტრე" ჩხენკელი, արևմտյան գրականության մեջ՝ Tschenkéli, նոյեմբերի 8, 1895 կամ հոկտեմբերի 8, 1895[1] - հոկտեմբերի 22, 1963), վրացի լեզվաբան և բառարանագիր, ով բնակվել է Գերմանիայում և Շվեյցարիայում։ Հայտնի է իր Georgisch-Deutsches Wörterbuch-ով (Վրաց-գերմաներեն բառարան), որը «համարվում է ամենաընդարձակ վրացերեն բառարանը ցանկացած արևմտյան լեզվով»[2]։
Ռուսաստանի և Վրաստանի մենշևիկյան շարժման առաջնորդ Ակակի Չխենկելիի կրտսեր եղբայրը։
Կիտա Չխենկելին ծնվել է Քութայիսում, հոգևորականի ընտանիքում։ 1912 թվականին գերազանցությամբ ավարտել է Քութայիսիի գիմնազիան, 1913-1917 թվականներին Մոսկվայի համալսարանում սովորել է իրավունք և համաշխարհային գրականություն։ 1918 թվականին վերադառնալով անկախ Վրաստան՝ ակտիվորեն ներգրավվել է երկրի հասարակական-քաղաքական կյանքում։ 1920 թվականին պետական միջոցներով ուղարկվել է Գերմանիա՝ բարձրագույն կրթությունն ավարտելու։ Հալլեի և Համբուրգի համալսարաններում սովորել է փիլիսոփայություն, քաղաքական տնտեսություն և գյուղատնտեսություն։ Այնուհետև, որպես ներգաղթյալ, հաստատվել է Գերմանիայում։ 1936 թվականին Կիտա Չխենկելին ստացել է քաղաքական տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան (ատենախոսության թեմա՝ «Վրաստանում հողի կառավարման հիմնական առանձնահատկությունները») և նույն թվականին աշխատանքի է անցել Համբուրգի համալսարանում։ Այստեղ դասավանդել է ռուսաց լեզու, իսկ մեկ տարի անց՝ վրացերեն։ Կիտա Չխենկելին բարձրագույն բանասիրական կրթություն չի ստացել, բայց մեծ հետաքրքրությամբ է սկսել լեզվաբանական գործունեությունը և վրացերենը հասանելի դարձրել արևմտաեվրոպացիներին[3]։
1938 թվականից Կիտա Չխենկելին մեծ ոգևորությամբ նյութեր է հավաքել վրաց-գերմաներեն բառարանի և վրացերենի դասագրքի համար, սակայն 1943 թվականին Համբուրգի ռմբակոծության ժամանակ ամբողջ նյութն ավերվել է։ Կիտա Չխենկելին տեղափոխվել է Շվեյցարիա, հաստատվել Ցյուրիխում, իսկ 50 տարեկանում վերսկսել է վրաց լեզվի դասագրքի և վրաց-գերմաներեն բառարանի պատերազմի ժամանակ ոչնչացված նյութերի վերականգնումն ու վերահավաքագրում-մշակումը։ Չխենկելին ռուսերեն և վրացերեն է դասավանդել Ցյուրիխի համալսարանում և Համադաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունում։ Ցյուրիխի համալսարանում հիմնել է վրաց լեզվի բաժին։ Գերմաներեն է թարգմանել և 1957 թվականին Ցյուրիխում հրատարակել «Վիսրամիանին» (վրաց.՝ ვისრამიანი, Wisramiani: oder die Geschichte der Liebe von Wis und Ramin, 1957) և Ընձենավորը (Der Mann im Pantherfell, 1974)։ Շվեյցարիայում վրացական տպարան չի եղել։ Չխենկելին Շվեյցարիայի իշխանությունների թույլտվությամբ և ֆինանսական աջակցությամբ Ցյուրիխում հիմնել է վրացական «Ամիրանի» հրատարակչությունը և իր ձեռքով ձուլել վրացական Sastambo տառատեսակի հավաքածու և տպել է իր աշխատանքները։ 1958 թվականին գերմաներեն լույս է տեսել 1500 էջանոց «Վրացերենի ներածություն» երկհատորյակը։ Այդ աշխատանքի համար 1961 թվականին Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը Կիտա Չխենկելիին շնորհել է փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում՝ «Honoris Cauza»[3]:
1960 թվականին հատվածներով տպագրվել է Կիտա Չխենկելիի երկրորդ մեծ աշխատությունը՝ «Վրաց-գերմաներեն բառարան» (deutsch-georgische Wörterbücher)[4], որոնց առաջին վեց գրքերը լույս են տեսել հեղինակի կենդանության օրոք, իսկ Կիտա Չխենկելին մահացել է յոթերորդին աշխատելիս։ Նրա գործը շարունակել են աշակերտները՝ պրոֆեսոր Յոլանդա Մարչևիի գլխավորությամբ, ով Կիտայի մահից հետո ղեկավարել է Ցյուրիխի համալսարանի վրաց լեզվի ամբիոնը։ Գրքի հրատարակման հարցում նրանց մեծ օգնություն է ցույց տվել Վիկտոր Նոզաձեն։
Կիտա Չխենկելին մահացել է թոքաբորբից, Ցյուրիխում, 68 տարեկան հասակում։ Թաղվել է Ցյուրիխում։ Գերեզմանը կորել է[3]
|