Կլարա Բաթ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 1, 1872[1][2] կամ 1873[3] |
Ծննդավայր | Southwick, Adur, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] |
Մահացել է | հունվարի 23, 1936[1][2][3] |
Մահվան վայր | Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երաժշտության թագավորական քոլեջ |
Մասնագիտություն | օպերային երգչուհի |
Ամուսին | Kennerley Rumford? |
Պարգևներ և մրցանակներ | |
![]() |
Բրիտանական կայսրության շքանշանակիր տիկին Կլարա Էլեն Բաթ (փետրվարի 1, 1872[1][2] կամ 1873[3], Southwick, Adur, Արևմտյան Սասեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4] - հունվարի 23, 1936[1][2][3], Օքսֆորդշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի կոնտրալտո։ Գլխավորապես հանդես է եկել մենահամերգներով ու որպես համերգային կատարող։ Հզոր ու խոր ձայնը տպավորել է ժամանակակից այնպիսի երգահանների, ինչպիսիք են Քամիլ Սեն-Սանսը և Էդուարդ Էլգարը․ վերջինս հատուկ Կլարայի համար երգաշարք է գրել։
Հանդես է եկել միայն երկու օպերային ներկայացման մեջ, երկու անգամ էլ՝ Քրիստոֆ Վիլիբալդ Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայում։ Կարիերայի ընթացքում ամուսնու՝ բարիտոն Քեններլի Ռամֆորդի հետ հաճախ է հանդես եկել մենահամերգներով։ Բազմաթիվ ձայնագրություններ է արել գրամոֆոնի համար։
Ծնվել է Սասեքսի Սաութվիք քաղաքում և նավապետ Հենրի Ալբերտ Բաթի ու վերջինիս կնոջ՝ Կլարայի ավագ դուստրն էր[5]։ 1880 թվականին ընտանիքը տեղափոխվել է Անգլիայի Բրիստոլ քաղաքը, որտեղի ավագ դպրոցում Կլարան կրթություն է ստացել, բացահայտվել է երգելու նրա կարողությունն ու կատարողի նրա տաղանդը խրախուսվել է։ Տնօրենուհու խնդրանքով բաս Դանիել Ռուտեմը սկսել է զբաղվել նրա հետ ու նրան ընդունել իր ղեկավարած Բրիստոլի փառատոնային երգչախմբի կազմում[5]։
1890 թվականի հունվարին արժանացել է կրթաթոշակի, որը նրան հնարավորություն էր տալիս սովորել թագավորական երաժշտական քոլեջում։ Նրա վոկալի ուսուցիչներն էին Ջոն Հենրի Բլոուերն[6] ու Ալբերտ Վիզետտին[7], դաշնամուրի ուսուցիչը՝ Մարմադյուկ Բարտոնը[8]։ Քոլեջի չորրորդ կուրսում Վիկտորյա թագուհու ֆինանսավորմամբ երեք ամիս ուսանել է Փարիզում։ Սովորել է նաև Բեռլինում և Իտալիայում[5]։
Կատարողական դեբյուտով հանդես է եկել 1892 թվականի դեկտեմբերի 7-ին Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահում Արթուր Սալլիվանի «Ոսկե լեգենդ» կանտատում։ Երեք օր անց Լիցեում թատրոնում կատարել է Օրփեոսի դերը Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայում[6]։ Բեռնարդ Շոուն, որն այն ժամանակ «Աշխարհ» շաբաթաթերթի երաժշտական քննադատն էր, գրել է, որ նա «միանգամայն գերազանցեց այն առավելագույն սպասումները, որոնք կարող էին ողջամտորեն ակնկալվել» և նրա համար կանխատեսել է հաջողակ կարիերա[9]։
Բաթը վերադարձել է Փարիզ ու սկսել ուսումնառությունը Ժակ Բուիի մոտ (որը միջազգային հեղինակություն ունեցող նշանավոր կոնտրալտոներ Լուիզ Հոմերի ու Լուիզ Քիրքբի Լանի ուսուցիչն էր)։ Հետագայում հմտությունները կատարելագործել է Բեռլինում՝ հանրահայտ սոպրանո Էտելկա Գերստերի ղեկավարությամբ[5]։ Ֆրանսիացի երգահան Քամիլ Սեն-Սանսը լսել է նրան ու առաջարկել ուսումնասիրել իր «Սամսոն և Դալիլա» օպերան, բայց այդ ժամանակ բրիտանական բեմում արգելված էր աստվածաշնչյան թեմաների բեմադրումը, հետևաբար համագործակցությունը չի ստացվել[10]։ Երբ օրենքը փոխվել է, և 1909 թվականին օպերան բեմադրվել է Կովենտ գարդեն արքունական թատրոնում, ի հիասթափություն Բաթի՝ Դալիլայի դերը կատարել է Լանը[11]։
Բրիտանիայում Բաթը հեղինակություն է ձեռք բերել իր ձայնային տվյալների ու արտաքին տեսքի շնորհիվ․ ունեցել է 1․88 հասակ[6]։ Ձայնապնակների վրա ձայնագրություններ է կատարել, որոնցում հաճախ նրան նվագակցել է դաշնակահար Լիլիան Բրայանտը։ Ձայնագրությունների թվում են Սալլիվանի «Կորուսյալ ակորդը» երգի մի քանի կատարումները[12]։ Հիմնականում հանդես է եկել համերգներով, միայն երկու անգամ է երգել օպերայում, այն էլ՝ «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի երկու բեմադրություններում։ Այդ ժամանակի առաջատար բրիտանացի երգահան Էդուարդ Էլգարը նրա համար ստեղծել է «Ծովային պատկերներ» երգաշարը, որը նա կատարել է 1899 թվականի հոկտեմբերի 5-ին Նորիջի փառատոնի ժամանակ երգահանի դիրիժորությամբ։ Երգաշարքի միակ ձայնագրությունը «Որտեղ են գտնվում կորալները» երգն է։
1900 թվականի հունիսի 26-ին ամուսնացել է բարիտոն Քեններլի Ռամֆորդի հետ, որից հետո հաճախ է նրա հետ համերգներով հանդես եկել[6]։ Ունեցել են երկու որդի և մեկ դուստր[5]։ Բացի բազմաթիվ կարևոր փառատոններում ու համերգներում հանդես գալը, արքայական հրամաններով ելույթներ է ունեցել Վիկտորյա թագուհու, թագավորներ Էդուարդ VII-ի ու Գեորգ V-ի համար։ Շրջագայություններով հանդես է եկել Ավստրալիայում, Ճապոնիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, ԱՄՆ-ում և եվրոպական մի շարք քաղաքներում[5]։
Առաջին աշխարհամարտի տարիներին կազմակերպել ու ելույթներ է ունեցել մի շարք բարեգործական համերգներում, որի համար 1920 թվականին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[5]։ Նույն տարում Միրիամ Լիսետեի հետ Կովենտ գարդենում երգել է Գլյուկի «Օրփեոս և Էվրիդիկե» օպերայի չորս բեմադրություններում[13], որն օպերային բեմում նրա միակ ելույթն է եղել[14]։
110 անգամ հանդես է եկել Ալբերտ թագավորական սրահում՝ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կազմակերպելով բարեգործական նպատակներով կարևոր ֆոնդահավաք համերգներ[15]։
Բաթի երեք քույրերը նույնպես երգչուհիներ էին։
Կյանքի վերջին շրջանում Բաթը ողբերգություններ է ապրել․ ավագ որդին դեռևս դպրոցական հասակում մահացել է մենինգիտից, իսկ կրտսերը՝ ինքնասպանություն գործել[5]։ 1920-ական թվականներին ինքն է լրջորեն հիվանդացել ողնաշարի քաղցկեղով։ Հետագա ձայնագրությունների մեծ մասն արել է անվասայլակին նստած։ Մահացել է 1936 թվականին 63 տարեկանում Օքսֆորդշիրի Նորթ Ստրոք գյուղի իր տանը։ Հուղարկավորվել է գյուղի սուրբ Մարիամ եկեղեցու գերեզմանատանը[5]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կլարա Բաթ» հոդվածին։ |
|