Կրթությունը Կիպրոսում վերահսկվում է Կրթության և մշակույթի նախարարության կողմից։
Կրթական համակարգը բաժանված է 4 մասերի՝ նախադպրոցական կրթություն (3–6 տարեկան), տարրական կրթություն միջնակարգ կրթություն և բարձրագույն կրթություն (18 տարեկանից բարձր)[1]։ 5-ից 15 տարեկան երեխաների համար առկա ուսուցումը պարտադիր է[2]։ Կրթությունը պետական պատվերի շրջանակներում, ներառյալ նաև բարձրագույն կրթությունը, ապահովվում է պետական հարկերի հաշվին։
Զուգահեռաբար գործում է նաև պաշտոնապես ճանաչված մասնավոր դպրոց, և ծնողները կարող են իրենց երեխաներին ապահովել պատշաճ կրթությամբ։ Մասնավոր դպրոցների և համալսարանների ուսման վճարները սովորաբար չեն ծածկվում պետության կողմից։
Բարձրագույն կրթությունը հիմնականում սկսվում է բակալավրիատի քառամյա մակարդակով։ Հետբուհական աստիճանները ներառում են մագիստրատուրա՝ ուսուցման կամ հետազոտության տեսքով, և ասպիրանտուրա (թեկնածուական աստիճան)՝ հետազոտական աստիճան, որը սովորաբար տևում է առնվազն 3 տարի։ Դիպլոմներ տալու թույլտվություն ունենալու համար համալսարանները պետք է պաշտոնապես արտոնագրված լինեն։
Նախադպրոցական կրթությունը Կիպրոսում պարտադիր է բոլոր այն երեխաների համար, ում չորս տարեկան, ութ ամսականն ուսման տարվա մեկնարկի դրությամբ լրացել է, իսկ տարրական կրթությունը՝ այն երեխաների համար, ում հինգ տարեկան, ութ ամսականն է լրացել ուսման տարվա մեկնարկի դրությամբ։ Կիպրոսում տարրական կրթությունն ուղղված է երեխաների մոտ քննադատական և ստեղծագործ մտածելակերպի զարգացմանը։ Դրա հիմնական պարտականությունն է աշակերտներին ծանոթացնել իրենց քաղաքակրթությանը, սովորույթներին, հարգանք և սեր սերմանել իրենց ազգային ժառանգության նկատմամբ, իրազեկ լինել իրենց ազգային ինքնության, հունարեն լեզվի, կրոնի և պատմության վերաբերյալ[3]։
Կրթության և մշակույթի նախարարության տարրական կրթության բաժինը ներառում է՝ տարրական կրթություն (մասնավոր և պետական տարրական դպրոցներ), նախադպրոցական կրթություն (մասնավոր, պետական և համայնքային նախադպրոցական հաստատություններ), հատուկ կրթություն (հատուկ դպրոցներ, միություններ և սատարման ծառայություններ, որոնք գործում են հատուկ կարիքներով երեխաներին ամբողջական կրթությամբ ապահովելու համար), Կիպրոսի կրթական առաքելություն (Կիպրոսի համայնքային դպրոցներ Մեծ Բրիտանիայում), Հունաստանում սփյուռքի երեխաների կրթություն, կրթական և ամառային դպրոցներ, չափահասների կրթական կենտրոններ։
2014-2015 կրթական տարում տարրական կրթության վիճակագրությունը հետևյալն է՝ նախադպրոցական կրթական հաստատությունների քանակ՝ 351, աշակերտներ՝ 14 254, տարրական դպրոցներ՝ 334, աշակերտներ՝ 48 796[4]։
Կիպրոսում միջնակարգ կրթությունը ներկայացված է երկու բաժինների միջոցով՝ հիմնական միջնակարգ կրթություն ու տեխնիկական և արհեստագործական միջնակարգ կրթություն։
Կիպրոսում հիմնական միջնակարգ կրթությունն ապահովվում է 12-ից 18 տարեկան աշակերտների համար և իրականացվում է եռամյա երկու կրթաշրջաններով՝ ավագ դպրոց և լիցեյ։ Երկու կրթաշրջանները ներառում են ընդհատ մոդուլներով դասընթացներ (հունարեն, մաթեմատիկա և այլն), միջառարկայական դասընթացներ (բժշկական կրթություն, շրջակա միջավայր և այլն) և բազմաթիվ արտադպրոցական ծրագրեր (ակումբներ, ուղեևորություններ, այցելություններ և այլն)՝ ուսանողների համապարփակ ու հավասարակշռված անհատականության ձևավորման նպատակով։ Ուսուցումն անվճար է հասարակության բոլոր դասերի համար և պարտադիր մինչև 15 տարին լրանալը[5]։
Հիմնական միջնակարգ կրթությունն ունի բազմազան նպատակներ։ Դրա հիմնական իրավասությունների մեջ են մտնում՝ պետական դպրոցների աշխատանքի մշտադիտարկում և գնահատում, մասնավոր դպրոցների աշխատանքի, պետական կրթական հաստատությունների, խորհրդատվական ծառայության և ուղղորդված ուսուցման, դպրոցների կանոնակարգման, ուսուցիչների տեսչության, անձնակազմի որոշման մշտադիտարկում, ուսանողների և չափահաս անձանց համար վերապատրաստման հնարավորությունների ստեղծում, կրթության վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովում[5]։
Տեխնիկական և արհեստագործական միջնակարգ կրթության ներկայիս համակարգը հիմնված է մի մոտեցման վրա, որի նպատակն է պատրաստել դպրոցն ավարտողներին այնպես, որ նրանք պատշաճ կերպով պատրաստ լինեն նոր իրավիճակներին և հնարավորություններին։ Երբ աշակերտներն ավարտում են իրենց ուսումը, նրանք արդեն պատրաստի կադրեր են աշխատանքի շուկայի համար և մրցակցային հավասար դիրքերում են գտնվում եվրոպական այլ երկրների համապատասխան մասնագետների հետ։
Կրթական նոր մոտեցումը բազմակողմ է։ Ուսման ծրագրի հիմնական նշանակետերն են[6].
Բարձրագույն կամ երրորդային կրթությունն ապահովվում է պետական և մասնավոր համալսարանների և քոլեջների միջոցով։ Մասնավոր համալսարաններն առաջին անգամ արտոնագրվել են 2005 թվականին, և գործունեություն ծավալելու ու դիպլոմներ տալու համար նրանց ներկայացվում է արտոնագիր ստանալու պահանջ։ Դա սահմանվել է 2005 թվականի «Մասնավոր համալսարանների մասին» օրենքով[7]։
Ներկայումս Կիպրոսի կրթության և մշակույթի նախարարության կողմից դիպլոմներ տալու արտոնագիր ունեն 3 պետական և 5 մասնավոր համալսարաններ։
|