Հավուց Թառի վանք | |
---|---|
Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին | |
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | վանք և մշակութային արժեք |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Խոսրովի պետական արգելոց |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Թեմ | Արարատյան Հայրապետական թեմ |
Հոգևոր կարգավիճակ | Չգործող |
Հիմնական ամսաթվերը | 11-րդ դար |
Ներկա վիճակ | Կիսավեր |
Մասն է | Եկեղեցի Սբ. Ամենափրկիչ |
Կազմված է | Եկեղեցի Սբ. Ամենափրկիչ, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար Սբ. Սարգիս, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Խաչքար, Եկեղեցի, Գավիթ, Դամբարան, Մատուռ Սբ. Կարապետ, Քարավանատուն, Օժանդակ շինություններ, Պարիսպ և Խաչքար |
Ժառանգության կարգավիճակ | մշակութային հուշարձան Հայաստանում[1] |
Ճարտարապետական ոճ | հայկական ճարտարապետություն |
Կառուցման սկիզբ | 11-րդ դար |
Կառուցման ավարտ | 13-րդ դար |
Հիմնադրված | 11-րդ դար |
Havuts Tar Վիքիպահեստում |
Հավուց Թառ (հայտնի է նաև որպես Ամենափրկիչ, Արունեց եկեղեցի, Դարունեց եկեղեցի, Դարունից վանք, Կարմիր վանք, Կզըլվանք, Հայոց թառ, Հայվոց թառ Հայու թառ, Հավոց թառ, Հավու թառ, Հավուց թառի Ամենափրկիչ, Հավուց թառի վանք), վանքային համալիր, ճարտարապետական հուշարձան Հայաստանի Կոտայքի մարզում, Գառնի գյուղից արևելք, Ազատ գետի ձախ ափին, լեռան գագաթին։
Եղել է միջնադարյան Հայաստանի կրոնական ու մշակութային կենտրոններից։ Վաղ միջնադարից հիշատակվող այս վանքում 1013 թվականին, Գրիգոր Մագիստրոս Պահլավունին կառուցել է Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Հավուց Թառը վերելք է ապրել XII-XIV դդ.: Տուժել է 1679 թվականի երկրաշարժից, վերջնականապես ավերվել 1840 թվականի Ակոռիի երկրաշարժի ժամանակ։
Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից։ Արևմտյան հուշարձանախմբի գլխավոր եկեղեցին (XIII դ.) ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք ունի։ Բազմագունության սկզբունքով շարված պատերը (սրբատաշ կարմրավուն տուֆ) հարուստ են արձանագրություններով։ Քանդված են եկեղեցու գմբեթն ու ծածկը։ Նրան հարավից կից են երկու միանավ մատուռներ (այժմ՝ կիսավեր)։ Արևելյան հուշարձանախումբը XVIII դ. 1-ին կեսին հիմնովին վերակառուցվել է, որի ընթացքում օգտագործվել են Գրիգոր Մագիստրոսի կառուցած եկեղեցու և վանքի քառամույթ գավթի քարերը։ Վերջինիս ավերակի հյուսիսային մասի վրա 1721 թվականին Աստվածատուր Ա Համադանցի կաթողիկոսը հիմնել է Սուրբ Կարապետ եկեղեցին (գմբեթավոր դահլիճ, մնացել է անավարտ)։ Պարիսպներին հյուսիսից կից են բնակելի սենյակներ, հարավ-արևմուտքից՝ թաղածածկ հյուրատունը։
13-րդ դարից՝ հատկապես Եղիա առաջնորդի օրոք, Հավուց թառը դառնում է Այրարատ աշխարհի խոշոր կրթամշակութային կենտրոն։ Եսայու ստեղծած դպրոցն ուներ երաժշտական ուղղություն, ուր և իր ղեկավարությամբ գործել է երգչախումբ։ Կրթության կենտրոն լինելուց բացի Հավուց թառը եղել է խոշոր գրչության կենտրոն։ Այստեղ կազմված ձեռագրերից հնագույնը 1214 թվականի է։ Այդ ձեռագրերի ստեղծողներն են Գրիգորը՝ 1297, Ստեփանոսը՝ 1458 թվականին[2]։
Մխիթար Այրիվանեցու վկայությամբ, Գեղվո Գևորգ իշխանը կառուցում է Հավուց Թառը՝ 1001-1011 թվականների ժամանակամիջոցում։
Կաթողիկեն գմբեթավոր եկեղեցի է, որի հատակագիծը արտաքուստ քիչ երկարաձիգ ուղիղ քառանկյունի է, իսկ ներսից՝ շնորհիվ անկյուններում տեղադրված խորանների, դարձել է խաչաձև՝ ուղղանկյուն խաչթևերով։ Արևելյան խաչթևում մշակված է կիսակլոր աբսիդը՝ ցածր, քիչ դուրս շեշտված բեմով, ուր բարձրանում են ձախ կողմում եղած եռաստիճան քարե սանդուղքով։ Աբսիդի կողերի պատերում կան մեկական սլաքաձև գագաթ ունեցող խորշեր, որոնք եզերված ենբուսական և երկրաչափական ձևերի քանդակներ ունեցող շերտով։
Խաչաթևերի միացման անկյուններից ձգվող կիսասյուները միացած են եղել կամարներով, որոնք իրենց վրա են կրել գմբեթը։ Վերջինիս առաստաղները պատած են եռանկյունաձև բուսական միահյուսվածք զարդաքանդակներով։ Բոլոր խորանների ծածկը թաղակապ է, արևելյան կողմից ունեն փոքրիկ աբսիդներ։ Արևելյան կողմի խորանների մուտքերը բացվում են դեպի արևմուտք՝ եկեղեցու մեջ, իսկ արևմտյան կողմի խորանների մուտքերը՝ եկեղեցու արևմտյան խարթևի մեջ՝ իրար դիմաց։
Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ կիսակլոր խակատակալ մեծ քարով և գեղեցկազարդ պարակալով. վերջինիս կողերից գլանաձև զույգ կիսասյուներից է, որոնք ունեն խարիսխներ ու խոյակներ՝ զարդարված երկրաչափական միահյուսված քանդակներով և միանում են մուտքի ճակատակալ քարը եզերող կամարներով։ Պարակալի մյուս շերտը պատած է ծաղկեհյուս զարդաքանդակներով, իսկ սրանց միացնող կամարը, որը նույնպես եզերում է մուտքի ճակատակալ քարը, պատած է պտուտակաձև, շղթայանման զարդաքանդակներով։
Եկեղեցու յուրաքանչյուր ճակատից բացվում է մեկական երկար ու նեղ լուսամուտ։ մեկական նման շատ փոքր լուսամուտներ էլ բացվում են արևելյան կողմի խորանների արևելյան պատերից, մեկ հատ՝ հարավ-արևմտյան խորանի հարավային պատից և մեկ հատ էլ՝ հյուսիս-արևմտյան խորանի հյուսիսային պատից։ Ճակատներում բացված լուսամուտներն ունեն շրջանակներ, որոնք պատած են բուսական ու երկրաչափական ձևերի զարդաքանդակներով և գծավոր պսակներով. իսկ խորանի մեջ բացվող լուսամուտները՝ միայն պսակներով։ Բեմի առաջամասը պատած է բուսական ու շղթայաձև զարդաքանդակներով։
Արևելյան պատի մեջ, արտաքուստ կան երկու եռանկյունաձև խոր խորշեր, որոնց կամարաձև գագաթները զարդարված են բուսական ու երկրաչափական ձևերի զարդաքանդակներով։
Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է սև ու կարմիր տուֆի սրբատաշ քարերով՝ շախմատաձև դասավորությամբ։ Սալահատակված է եղել. տանիքը պատած է եղել սալաքարերով։ Ավերակ վիճակում է, քանդված են տանիքը գմբեթի հետ միասին, պատերի վերի մասերը, սալահատակը, թափված են երեսապատ քարերի որոշ մասը, կանգուն մնացած պատերի մեջ առաջացել են ճեղքեր։
Գտնվում է Կաթողիկե և Սուրբ Կարապետ եկեղեցիների արանքում, հավանաբար դամբարան է եղել։ Փոքր է, ուղիղ քառանկյունի հատակագծով։ Արևելյան կողմից ունի կիսակլոր շատ փոքրիկ աբսիդ՝ ցաժր բեմով և վեմքարով, որը կալունակի ձևով ագուցված է արևելյան պատի մեջ։
Կողերից պատեր չի ունեցել։ Պատերի փոխարեն օգտագործվել է երկու եկեղեցիների պատերը, որոնց կից կից ձգվում են կիսասյուներ։ Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ կիսակլոր ճակատակալ քարով. արևելյան պատի մեջ բացվում է մի փոքրիկ լուսամուտ՝ կամարակապ գագաթով և ծաղկեհյուս քանդակներ ունեցող պսակով։
Մուտքի առջևում կառուցված է փոքրիկ սրահ, որի մուտքը արևմտյան կողմից է՝ կիսակլոր ճակատակալքարով և գեղազարդ պարակալով։ Վերջինս կողերից գլանաձև կիսասյուների ձևով է, որոնք ունեն խարիսխներ ու խոյակներ։ Խարիսխները ստորին մասում քառակուսի են, հարթ կողերով, իսկ վերևի մասում՝ ծայրերից սեղմված գնդի ձևով։ Միաժամանակ մուտքը եզերվում էծաղկեհյուս քանդակներով պատած մեկ այլ շերտով։
Կառուցման վերաբերյալ արձանագրությունը փորագրված է եղել մուտքի ճակատակալ քարի վրա, որի սկզբնամասում, որտեղ սովորաբար լինում է կառուցման տարեթիվը կառուցողի անունը, պոկվել և անհետացել է, ուստի կառուցման ճիշտ ժամանակը և կառուցող ճարտարապետի անունը անհայտ է։
Կառուցված է կապտագույն բազալտի սրբատաշ քարերով։ Ավերակ վիճակում է՝ քանդված է ծածկը, արևմտյան պատը, ընկած է մուտքի ճակատակալ քարը, պահպանվել են սրահի որմնասյուները և որմնակամարների մի մասը։ Քանդված մասերը թափված են տեղում՝ փլատակների ձևով։
Գտնվում է Կաթողիկե մեծ եկեղեցու հարավային կողմում։
Միանավ բազիլիկ ձևով կառուցված փոքր շենք է, տանիքը թաղակապ է, արևելյան կողմից ունի կիսակլոր փոքրիկ աբսիդ՝ ցածրիկ բեմով։ Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ կողերից երեքական գլանաձև կիսասյուներ ունեցող շրջանակով։
Մի փոքրիկ լուսամուտ բացվելիս է եղել արևելյան պատից։ շարված է կոպտագույն բազալտի սրբատաշ քարերով, կրաշաղախով մածուցված։
Կառուցման ժամանակը և կառուցողները անհայտ են, իր կառուցողական ձևերով թվագրվում է 13-րդ դարին։
Ավերակ վիճակում է, պահպանվել է հյուսիսային պատը և դրան կից արևելյան պատի մի մասը, ինչպես և մուտքի շրջանակի հյուսիսային կողմի մասը։ Քանդված բեկորների մի մասը թափված են տեղում, իսկ մի մասը անհայտացել է։
Գտնվում է Կաթողիկե եկեղեցուց դեպի արևմուտք, եկեղեցու մուտքի հարավային կողմում։ Պատվանդանը ուղիղ քառանկյունի հատակագիծ ունի, երկարաձիգ՝ հարավից հյուսիս ուղղությամբ։ Կառուցված կապտագույն բազալտի սրբատաշ քարերով, կրաշաղախով։ Կազմված է չորս կարգից.
Պատվանդանի երկարությունը 3 մ է, լայնությունը 0.6 մ և բարձրությունը 1.6 մ։
Վրան եղած երեք խաչքարերից մեկը վայր է ընկած պատվանդանի առջևում և ջարդոտված մանր կտորների, որոնք խառնված են այլ բեկորների հետ։ Մահարձանի պատվանդանի վրա փորագրված արձանագրություններից պարզ է դառնում, որ խաչքարերից մեկը կանգնեցրել է Սարգիս քահանան ՈԿ (1211) թվականին, իսկ մյուս երկու խաչքարերը՝ Ենովք քահանան։
Պատվանդանի արձանագրությունները.
|
|
Տարածվում է Կաթողիկե և Սուրբ Կարապետ եկեղեցիների շուրջը, բարձունքի ողջ գագաթով, մեծ գերեզմանոց է։ Տապանաքարերը բոլորն էլ կապտագույն բազալտից են և մշակված են զանազան ձևերով՝ քառակող հարթ երեսով, օրորոցաձև, բարձրադիր լայն կողերով և այլն։ Դասավորված են առանձին շարքերով, իրար շատ մոտիկ՝ խիտ ձևով։ Բոլորն էլ թաղված են գետնի մեջ, ոմանք ծածկված հողով։ Հարթ երես ունեցող մի տապանաքարի վրա քանդակված է գավազան, մի քանիսի վար երևում են տապանագրություններ ՈՂԵ (1246), ՉԼԱ (1282) թվականներով։ Մենաստանի ամենահին գերեզմանոցն է։
Ամենափրկիչ - Սուրբ Աստվածածին եկեղեցու հարավային պատի արտաքին երեսեին Հավուց Թառ վանքի միաբան Քուրդ Հովհաննեսի փորագրված (ինչպես նաև արտագրված) վիմական արձանագրությունում ասվում է, որ Գրիգոր Մագիստորոսը 1013 թվականին կառուցել է այդ եկեղեցին, որպես.
«հանգստարան և աւթարան անձեռագործ սուրբ պատկերին Յիսուսի Քրիստոսի որ ի փայտին ... հրամանաւ Մօր Տեառն մերոյ Սուրբ Աստվածածին» |
Հիշյալ արձանագրությունը փորագրված է եղել այդ եկեղեցու վրա, քանի որ մնացած եկեղեցիների հարավային պատերը կանգուն են և միայն այդ եկեղեցու հարավային պատն է քանդված։
Եկեղեցին եղել է գմբեթավոր։ Ունեցել է ուղիղ քառանկյունի, արևելքից-արևմուտք քիչ երկարաձիգ հատակագիծ։ Կողերի պատերը արևմտյան ծայրերին մոտիկ ունեն հատուկ ելուստներ, որոնց ծայրերից, ինչպես և արևելյան աբսիդի եզրերից ձգվող կիսասյուները միացած են եղել կամարներով, իրենց վրա կրելով գմբեթը։ Արևելյան կողմից ունեցել է կիսակլոր աբսիդ՝ կից խորաններով։ Պահպանված մուտքը արևմտյան կողմից է, որը տանում է գավթի ներսը։
Եկեղեցին ամբողջությամբ կառուցված է եղել կարմիր տուֆի սրբատաշ քարերով՝ կրաշաղախով մածուցված։ Պատերն արտաքուստ ունեցել են երեք կարգ հենապատ և զարդարված են եղել գլանաձև կիսասյուներովորոնց մնացորդները նկատվում են պատերի կանգուն մնացած մասերի վրա։
Հիմնովին ավերվել է վիճակում է՝ սկզբնապես ավերվել է 1679 թվականի մեծ երկրաշարժից, ապա 1722 թվականին այնտեղ մի նոր եկեղեցու կառուցման նպատակով օգտագործում են երկրաշարժից քանդված քարերը, ինչպես նաև քանդում են կանգուն մնացած մասերը։ Պահպանվել է միայն եկեղեցու հարավային պատի կենտրոնական մասը։
Մի մասով կից է Ամենափրկիչ - Սուրբ Աստվածածին եկեղեցուն՝ արևելյան կողմից։ Գտնվում է ավերակ վիճակում՝ սկզբնապես քանդվել 1679 թվականի մեծ երկրաշարժից, ապա 1722 թվականին՝ նոր եկեղեցի կառուցելու կապակցությամբ։ Վերջինս տեղադրված է այնպես, որ բռնել է գավթի հյուսիսային կես մասը։ Պահպանվել են միայն արևելյան և արևմտյան պատերի հարավային կես մասերը, հարավային պատի ստորին քարաշարը և ներսում հարավային կողմի երկու սյուների խարիսխները։
Գավթի պահպանված մասերը, ինչպես և տեղում թափված բեկորներն վկայում են, որ այն իրենից ներկայացրել է ճարտարապետական Հոյակերտ կառույց։ Ներսում եղած չորս սյուները և յուրաքանչյուր պատին կից ձգվող երկուական կիսասյուներ միացել են կամարներով, կազմելով թաղակապ ծածկը, կենտրոնում հատուկ լուսանցքով՝ երդիկ ձևով։ Սյուների և կիսասյուների բները, խարիսխներն ու խոյակներն ամբողջական մի քարերից են եղել՝ բները գլանաձև, իսկ խարիսխներն ու խոյակները մի ծայրում քառակուսի, իսկ հակառակ ծայրում գնդաձև։ Կիսասյուները միաժամանակ միանալիս են եղել որմնակամարներով, պատերի վրա առաջացնելով սաղրիկ, բայց ծավալուն խորշեր։
Հարավ-արևելյան անկյունում ունի կրկնհարկ խորաններ, որոնց մուտքերը բացվում ենդեպի արևմուտք՝ գավթի մեջ։ Դեպի վերին հարկի խորանը բարձրանալիս են եղել գավթի արևելյան պատին կից կառուցված քարե սանդուխքով։
Գլխավոր մուտքը եղել է արևմտյան կողմից, կենտրոնի թևից։ Բացի Ամենափրկիչ եկեղեցին տանող մուտքից, մի ուրիշ մուտքից, մի ուրիշ մուտք էլ արևելյան պատից տանում է կից կառուցված դամբանատուն։ Մի փոքր լուսամուտ բացվում է արևելյան պատից։ Ամբողջ շենքը կառուցված է ղել կապտագույն բազալտի սրբատաշ քարերով, կրաշաղախով մածուցված, սալահատակված է եղել, հատակին նկատվում են մի քանի գերեզմաններ։
Հուշարձանը զարդարված է եղել բազմապիսի նուրբ ձևերով մշակված քանդակներով, որոնց մեջ խիստ բնորոշ ու հետաքրքիր են հնգաթև աստղերի ձևով զարդաքանդակները։ Հարուստ է եղել վիմական արձանագրություններով, որոնց բեկորները նկատվում են ամենուրեք՝ պատերի, սյուների բների, խոյակների, խարիսխների և ամեն տեսակ բեկորների վրա։
Գտնվում է գավթի արևելյան և Ամենափրկիչ եկեղեցու հարավային կողմերում, կից երկուսին։ Կառուցման ճիշտ ժամանակը հայտնի չէ[3]։
Ամբողջական շենքը քանդված լինելու պատճառով նրա վերին հարկերի ամբողջական պատկերը որոշ չէ։ Դամբանատունը ծառայել է որպես ննջեցյալների թաղելու տեղ։ Թաղման և Հարության հասկացողությունները առանչված են միմյանց հետ, այդ իսկ պատճառով շենքը անվանվել է Սուրբ Հարություն։ Դամբանատուն-զանգակատան հատակագիծն արտաքուստ քառակուսի ձև ունի, ներսից խաչաձև՝ ուղղանկյուն խաչթևերով։ Կիսագետնափոր է, գետինը փորելիս բացվել են գավթի և եկեղեցու՝ նրան կից պատերի հիմքերը։ Արևմտյան և հյուսիսային կողմերից ինքնուրույն պատեր չունի, այլ գավթի և եկեղեցու պատերին կից ձգվում են որմնասյուներ, որոնք միանալով որմնակամարներով, իրենց վրա են կրում ծածկի թաղի այդ կողմերի եզրերը։ Յուրաքանչյուր անկյունում կա մի-մի կամարակապ, խոր, մեծ խորշ՝ խորանների նմանությամբ։ Միակ մուտքը արևմտյան կողմից է, որը բացվելիս է եղել գավթի մեջ։
Ավերակ վիճակում է՝ քանդված է ողջ ծածկը, պատերի վերին մասերը՝ մինչև որմնակամարների կեսերը (միայն հարավային պատի որմնակամարն է մնում ամբողջական), թափված են հարավային պատի արտաքին երեսապատը քարերը։ Քանդված մասերը մասամբ թափված են ներսում, իսկ մեծ մասը տարել և օգտագործել են նոր եկեղեցու շինարարության վրա։ Կանգուն մասերը շարված են կարմրագույն տուֆի մաքուր տաշված քարերով՝ կրաշաղախով, որոնց վրա փորված են բազմաթիվ պարզ խաչեր։
Կառուցումն սկսվել է 1721 թվականին, Մաղաքիա վարդապետի առաջնորդության ժամանակ, հասցվել է մինչև ծածկի թաղի հիմքերի մասը և թողնվել անավարտ։ Այդ եկեղեցու հիմնադրմամբ, կարծես լրացվել է 1679 թվականի մեծ երկրաշարժի պատճառով վանքի հուշարձանների ավերումը, որովհետև հիմնադրելով գավթի շենքի տեղում, ամբողջովին քանդել են նրա հյուսիսային կողմից և այդ կողմի ներսի երկու սյուները, օգտագործելով նաև երկրաշարժից ավերված մասերը, այդպիսով միանգամայն ոչնչացնելով ճարտարապետական այդ հրաշալի ու հոյակապ կոթողը։ Նույն ձևով են վերաբերվել նաև համալիրի մնացած կառույցների հետ։
Այդ եկեղեցին իր հատակագծով արևելքից արևմուտք ձգվող ուղիղ քառանկյունի տեսք ունի։ Հարավային և հյուսիսային պատերը ներսից ունեն ելուստներ, որոնց ծայրերից ձգվում են որմնասյուներ։ Արևելյան ծայրում պատրաստված է աբսիդ, որի երկու կողմերում կան ուղղանկյուն հատակագծով խորաններ։ Վերջիններիս մուտքերը բացվում են դեպի արևմուտք՝ եկեղեցու մեջ, որոնք ունեն ճակատակալ քարեր և եզերվում են կրկնակի կամարներով, դրանցից մեկը անմիջապս եզերում է ճակատակալ քարը և վերջանում է սլաքաձև գագաթով, իսկ մյուսը ձգվում է մինչև որմնասյուների բարձրության հավասար և ավարտվում է կիսակլոր-կամարաձև գագաթով։
Միակ մուտքը արևմտյան կողմից է՝ արտաքուստ ուղղանկյուն, ներսից կամարակապ՝ կիսակլոր ճակատակալ մեծ քարով և զարդարուն պարակալով։ Վերջինիս զարդերը երկրաչափական, ստալակտիտ ձևերով են ու պտուտակաձև։ Հարավային և հյուսիսային պատերի մեջ բացվում են երկուական լուսամուտներ, իսկ արևմտյան պատի մեջ մեկ լուսամուտ։
Արևելյան պատի մեջ, արտաքուստ, կան երկու եռանկյունաձև մեծ խորշեր։ Արևմտյան պատի մեջ, արտաքուստ, մուտքի երկու կողքին կան մեկական կամարակապ գագաթով խոր, մեծ խորշեր, որոնց ներսը պատած է բուսական, երկրաչափական և ստալակտիտ ձևերի զարդաքանդակներով։ Նույնչափ հինգ խորշեր էլ գտնվում են արևելյան աբսիդի պատերում՝ համաչափ ձևով դասավորված, եզրերում և կենտրոնում եղած խորշերի գագաթները սլաքաձև են, իսկ մյուս երկուսի գագաթները կամարակապ։ Չորսական մեժ խորշեր էլ կան հարավային և հյուսիսային պատերի մեջ՝ ներսից։ Արևմտյան ծայրերին եղածները սլաքաձև գագաթով են, իսկ մյուսները կամարակապ գագաթով։ Բոլոր այդ խորշերը զարդարված են բուսական, երկրաչափական և ստալակտիտ ձևերի քանդակներով։
Արևմտյան պատում եղած խորշերի մեջ ագուցված են մեկական խաչքար, որոնք բերված են այլ տեղից։ Խաչքարերը շքեղ քանդակազարդ են, որոնց մեջ հետաքրքիր են եզրերի շերտերի վրա եղած 8-թևանի աստղաձև քանդակները։ Հյուսիսային պատի մեջ, արտաքուստ, դրված էմի մեծ քարի հին բեկոր, որի ամբողջ երեսը պատած է հնգաթև աստղանման զարդաքանդակներ։ Եկեղեցու պատերի վրափորված են բազմաթիվ խաչեր, բոլոր անկյունավորման մասերը պատած են պտուտակաձև-պարանահյուս քանդակներով, իսկ դրանց կից մասերը՝ երկրաչափական զանազանձևերի զարդաքանդակներով պատած նեղ շերտով։
Գտնվում է վանքի արևելյան խմբից 250 մետր դեպի արևելք, սարալանջին, անտառի մեջ։ Հյուսիսային պատի վրա փորագրված արձանագրության համաձայն այն կառուցել է Սոսթանես, Մատթեոս և Գրիգորես կրոնավորները՝ իրենց ուսուցիչները Սեթի և Սիևոնի ու այն ննջեցյալների գերեզմանների վրա՝ 1213 թվական։
Սովորական մատռան ձևով կառուցված, քիչ ավելի մեծ մի շենք է, որի մուտքը արևմտյան կողմից է՝ գլանաձև կիսասյուներ ունեցող շրջանակով ճակատակալ քարով, արևելյան պատի մեջ բացվում էմի փոքրիկ լուսամուտ։
Ամբողջ կառույցը կառուցված է կապտագույն բազալտի սրբատաշ քարերով՝ կրաշաղախով մածուցված։ Արևմտյան պատի մեջ, արտաքուստ, դրված են քանդակազարդ փոքր խաչքարեր։ Սալահատակված է, տանիքը պատած է սալաքարերով։ Քանդված է ծածկը, արևմտյան պատի վերին մասը՝ մուտքի ճակատի հետ միասին, արևելյան պատի կենտորնի մասը, թափվել է աբսիդի տանիքի սալաքարերը։ Սողանքի պատճառով հողը ամբողջությամբ ծածկել է հարավային պատը։
Ձգվում է վանական համալիրի արևելյան խմբի շուրջը՝ քառակուսի հատակագծով։ Պատերը շարված են անմշակ, տարբեր մեծության լեռնաքարերից՝ ցեխով մածուցված։ Պատերի մեջ օգտագործված են խաչքարերի բազմաթիվ քանդակազարդ բեկորներ և այլ քարեր, ոմանց վրա կան արձանագրության կտորներ։ Պարսպապատերի հաստությունը 1.5 մետր է, բարձրությունը մինչև 8 մետր։
Գլխավոր մուտքը հարավային կողմից է, մեկ այլ մուտք էլ բացվում է արևելյան կողմից։ Երկու մուտքերն էլ արտաքուստ ուղղանկյուն են, ներսից կամարակապ, առանձին ճակատակալ քարերով։ Հարավային մուտքի ճակատակալ քարը կիսակլոր է, իսկ արևելյան մուտքինը երկարավուն։ Պարսպապատերին կից՝ ներսից և դրսից, թափված են զանազան հին բեկորներ՝ տապանաքարեր, խաչքարեր, շենքի քարեր և այլն։ Ներքուստ երկու մուտքերի վերնամասուն ագուցված են խաչքարեր՝ հարավային 1 հատ, իսկ արևելյանին 3 խաչքար։ Արտաքուստ հարավային մուտքի վերնամասում ևս խաչքար է ագուցված։
Վանքային համալիրը ներկայումս ՀՀ Մշակույթի նախարարության հովանու ներքո ապահով կերպով կամաց-կամաց քանդվում է[4], կանոնավոր կերպով կազմակերպվում են խնջույքներ եկեղեցու շրջակայքում, իսկ երբեմն-երբեմն էլ շինության ներսում՝ որպես սեղաններ ու աթոռներ օգտագործելով վանքի խաչքարերը։ Վերջիններս արդյունավետ կերպով օգտագործվում են նաև խորովածի, հարիսայի և խաշլամայի պատրաստման գործընթացում՝ դրվելով կրակի երկու կողմերում[5][6][7][8][9]։
Ստորև ներկայավածէ հավուց Թառ վանքի առաջնորդների մասին համառոտ տեղեկատվություն[10]
« …յառաջնորդութեան սուրբ ուխտիս՝ հեզի և ամենաբարւոյ Պաւղոս վարդապետի» - Հիշատակարաններ, ԺԳ, էջ 83։
|
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հավուց Թառի վանք կատեգորիայում։ |
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 270)։ |