Հիդայաթ Օրուջև ադրբ.՝ Hidayət Xuduş oğlu Orucov | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 5, 1944 (80 տարեկան) |
Ծննդավայր | Թխկուտ, Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և դիվանագետ |
Լեզու | ադրբեջաներեն |
Քաղաքացիություն | Ադրբեջան |
Կրթություն | Բաքվի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ազգականներ | Q119818713? |
Hidayat Orujov Վիքիպահեստում |
Հիդայաթ Խուդուշ օղլի Օրուջև (ադրբ.՝ Hidayət Xuduş oğlu Orucov, սեպտեմբերի 5, 1944, Թխկուտ, Մեղրու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի բանաստեղծ, դրամատուրգ, արձակագիր, թարգմանիչ, Ադրբեջանի պետական և քաղաքական գործիչ։ Ադրբեջանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ (2006[1]-2012[2]): Ղրղզստանում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (2012 թվականի դեկտեմբերի 27)։
Հիդայաթ Օրուջևը ծնվել է 1944 թվականի սեպտեմբերի 5-ին, ՀԽՍՀ Մեղրու շրջանի Մարալզամի գյուղում։ 1968 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը (հեռակա)։ 1964-1966 թվականներին ուսուցչություն է արել հայրենի գյուղի դպրոցում։ 1966-1968 թվականներին աշխատել է «Սովետ Էրմենիստանի» թերթի խմբագրությունումէ որպես գրական աշխատող։ 1968 թվականից եղել է Ջ. Ջաբարլու անվան ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնի տնօրեն։ Օրուջևը ղեկավարել է նաև Հայաստանի գրողների միության ադրբեջանական գրականության խորհուրդը, Երևանի մանկավարժական ինստիտուտում դասավանդել է 19-20-րդ դարերի ադրբեջանական գրականություն։
Որպես գրող՝ հայտնի է եղել Հիդայաթ կեղծանունով։ Ադրբեջաներեն առանձին գրքերով լույս են տեսել նրա «Երբ կանչեցիր ինձ» (Երևան, 1970), «Սերը չի ծերանում» (Երևան, 1973), «Մի քիչ սպասիր ինձ» (Երևան, 1977), «Կանչեցի ծովին» (Բաքու, 1978), «Արահետներ որոնելով» (Բաքու, 1980) բանաստեղծությունների ժողովածուները։ 1975 թվականին Երևանի՝ Ջ. Ջաբարլու անվան ադրբեջանական թատրոնը բեմադրել է Հիդայաթի «Սերը դեռ չի խամրել» դրաման։ Գրել է նաև «Հասան աղայի բարեկամը» կատակերգությունը[3]։ 1975 թվականին «Հայաստան» հրատարակչությունը ադրբեջաներեն լույս է ընծայել «Սովետահայ պոեզիայի անթոլոգիա»-ն, որի տեքստը պատրաստել, կազմել և թարգմանել է Հիդայաթը։ Հայ գրողների բազմաթիվ գործեր հայերենից թարգմանել է ադրբեջաներեն և ռուսերեն, այդ թվում՝ Հ. Պարոնյանի, Վ. Պետրոսյանի, Կ. Սարգսյանի, Կ. Արշակյանի[4] գործերը։ 1984 թվականի մարտին տեղափոխվել է Բաքու և նշանակվել Gənclik («Երիտասարդություն») հրատարակչության խմբագրի օգնական, 1986 թվականի մարտից մինչև 1992 թվականը եղել է հրատարակչության գլխավոր խմբագիր։
Ղարաբաղյան շարժման վաղ փուլում՝ Արցախյան պատերազմի օրերին և նախքան Սումգայիթյան ջարդերը, Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջնորդ Հիդայաթ Օրուջևը Սումգայիթում ապրող հայերին նախազգուշացրել է.
Եթե դուք չդադարեցնեք Հայաստանին միանալու ձեր միասնական քարոզարշավը, եթե չսթափվեք, հարակից շրջաններից 100 հազար ադրբեջանցիներ կներխուժեն ձեր տներ, կհրկիզեն ձեր բնակարանները, կբռնաբարեն ձեր կանանց և կսպանեն ձեր երեխաներին[5]։ |
1992-1993 թվականներին Օրուջևը եղել է Ադրբեջանի նախագահի՝ ազգամիջյան հարաբերությունների հարցերով պետական խորհրդական, 1993-2006 թվականներին՝ Ազգային քաղաքականության հարցերով պետական խորհրդական[6], 2005-2006 թվականներին՝ Ազգային փոքրամասնությունների և կրոնական կազմակերպությունների հարցերով Ադրբեջանի նախագահի խորհրդական։ 2006 թվականի հունիսի 27-ին նշանակվել է Ադրբեջանի Հանրապետության կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ՝ փոխարինելով դոկտոր Ռաֆիկ Ալիևին[7]։ Որպես պետական կոմիտեի նախագահ՝ Օրուջևը հատուկ ուշադրություն է դարձրել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից առաջարկված կրոնական կազմակերպությունների գրանցման կանխմանը[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիդայաթ Օրուջև» հոդվածին։ |