Հյուբերտ Սեսիլ Բուտ | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1871 |
Ծննդավայր | Գլոստեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունվարի 14, 1955 (83 տարեկան) |
Մահվան վայր | Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | գյուտարար, ճարտարագետ, գործարար և քաղինժեներ |
Hubert Cecil Booth Վիքիպահեստում |
Հյուբերտ Սեսիլ Բուտ (անգլ.՝ Hubert Cecil Booth, հուլիսի 4, 1871, Գլոստեր, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 14, 1955, Կրոյդոն, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ճարտարագետ։ Հայտնի է որպես փոշեկուլի գյուտարար[1][2][3][4][5]։ Մշակել է նաև անիվը[1][6], կախովի կամուրջներ, ֆաբրիկաներ[1]։ Հետագայում դարձել է British Vacuum Cleaner & Engineering Co ընկերության նախագահ և գործադիր տնօրեն[1]։
Բուտը ծնվել է Փարիզում, սակայն երբ նա եղել է երկու ամսական, ընտանիքը տեղափոխվել է Գլոստեր։ Կրթություն է ստացել Գլոստերի քոլեջում և Գլոստերի կոմսության դպրոցում Գ. Լլոյդ Բերետոնի ղեկավարությամբ։ 1889 թվականին քննություն է հանձնել և ընդունվել Լոնդոնի Կենտրոնական տեխնիկական քոլեջ[7]։ Ավարտել է եռամյա դասընթացը քաղաքացիական շինարարության և մեքենաշինության ոլորտում պրոֆեսոր Վիլյամ Անվինի ղեկավարությամբ և դարձել Քաղաքացիական ինժեներների ինստիտուտի ուսանողը։
1892 թվականի դեկտեմբերին սկսել է աշխատել որպես ինժեներ-մեխանիկ։ Այս պաշտոնում նախագծել է կամուրջներ և մեծ անիվներ` Լոնդոնի, Փարիզի, Վիեննայի, Բլեքփուլի Պտտվող անիվ կարուսելների համար։ Նա նաև աշխատել է Թագավորական ծովային ուժերի գծանավերի շարժիչների նախագծի շուրջ։
Բուտը ստեղծել է առաջին փոշեկուլներից մեկը։ Մինչ փոշեկուլի իր տարբերակի ներկայացնելը, որն աշխատում էր ներքին այրման շարժիչով, մաքրման համար նախատեսված մեքենաները միայն մաքրում էին կեղտը, ոչ թե կլանում այն։
Բուտը ստեղծել է սարք, որը աշխատում էր ներքին այրման շարժիչով[8]։ «Puffing Billy» անվանված փոշեկուլն ուներ բենզինային շարժիչ[9]։ Օդը կլանվում էր մխոցային պամպի օգնությամբ կտորից ֆիլտրի միջոցով։ Այն չի ունեցել որևէ խոզանակ. բոլոր մաքրումներն իրականացվել են երկար խողովակների միջոցով, որոնց ծայրին եղել է ծայրափողակ։ Չնայած այն բանին, որ մեքենան եղել է չափազանց մեծ, որպեսզի այն օգտագործեն տանը, նրա շահագործման սկզբունքները ներկայիս փոշեկուլների հետ նույնն են եղել։ Ավելի ուշ ստեղծվել է էլեկտրական շարժիչով տարբերակը, սակայն սարքավորման երկու տարբերակներն էլ եղել են չափազանց մեծ, և դրանք հնարավոր է եղել տեղափոխել միայն ձիերի քարշակների օգնությամբ։ Անգլերեն «vacuum cleaner» եզրն առաջին անգամ օգտագործվել է 1901 թվականին ընկերության կողմից Բուտի հայտնագործած սարքն անվանելու համար[10]։
Բուտը սկզբում չի փորձել վաճառել իր մեքենան, այլ միայն իրականացրել է մաքրման ծառայություններ։ Նր դեմ բողոք է ներկայացվել սարքավորման բարձր ձայնի համար, և Բուտը նույնիսկ տուգանվել է այն բանի համար, որ մեքենան վախեցրել է ձիերին։ Ստանալով հավաստագրման թագավորական կնիքը` շարժիչով փոշեկուլը կիրառվել է Վեստմինստերյան աբբայությունում գորգերի մաքրման համար 1901 թվականին, երբ թագադրվում էր Էդվարդ VII-ը։
Իր առաջին արտոնագրերը Բուտը ստացել է 1901 թվականի փետրվարի 18-ին և օգոստոսի 30-ին[5]։
Բուտն ամուսնացել է Priday, Metford and Company Limited ընկերության տնօրեն Ֆրենսիս Թրինգ Պիրսի դուստրերից մեկի հետ։ Եղել է Հյու Փեմբրուք Վոուլզի ընկերը։ Մահացել է 1955 թվականի հունվարի 14-ին Անգլիայի Կրոյդոն քաղաքում[1]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հյուբերտ Սեսիլ Բուտ» հոդվածին։ |
|