Հովտաշուշաններ | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1898 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Ալեքսանդրա Ֆեոդորովնա, Մալքոլմ Ֆորբս, Ֆորբս ընտանիք և Վիկտոր Վեկսելբերգ |
Հավաքածու | Սանկտ Պետերբուրգի Ֆաբերժեի թանգարան |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | արծնապակի, ոսկի, ալմաստ, սուտակ, մարգարիտ, Լեռնային բյուրեղապակի, ջրաներկ և Փղոսկր |
Բարձրություն | 15,1 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Հովտաշուշաններ» (ռուս.՝ Ландыши), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար[1]։ Այն ստեղծվել է 1898 թվականին Նիկոլայ II կայսեր պատվերով։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է կնոջը՝ կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնային[2]։
Այսօր «Հովտաշուշաններ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Ֆաբերժեի թանգարանում (Նարիշկինների և Շուվալովների պալատ, Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան)[3]։
«Հովտաշուշաններ» ոսկերչական ձուն պատրաստված է մոդեռն ոճով[4]։ Բուն ձուն պատրաստված է կիսաթափանցիկ վարդագույն էմալով՝ գիլյոշինային մակերևույթով[1]։ Գոտևորված է օղակաձև ադամանդակուռ շերտագծերով։ Ձուն տեղադրված է ոսկյա չորս ոտքերի վրա։ Ոտքերի վրա նույնպես ադամանդներ կան։ Ոսկերչական ձուն ամբողջովին պատված է կանաչ էմալով, ոսկով և մարգարիտներով պատրաստված հովտաշուշաններով[5]։ Այդ ծաղիկները Ալեքսանդրայի ամենասիրելի ծաղիկներ են եղել և խորհրդանշում են մաքրությունը, երիտասարդությունն ու անմեղությունը[6]։ Ծաղկաթերթիկներին ադամանդներ են տեղադրված, որոնք ցողի տեսք տալու համար են արվել։ Գագաթը պսակված է կայսերական ադամանդակուռ թագի կրկնօրինակով, որի ամանածայրին տեղադրված է սուտակ։
«Հովտաշուշաններ» ոսկերչական ձվի կողքին տեղադրված հատուկ մեծ մարգարիտը պտտելիս գագաթային մասից, որտեղ կայսերական ադամանդակուռ թագն է, դուրս է գալիս երեք մեդալիոն։ Ամենաբարձր մեդալիոնի վրա Նիկոլայ II-ի մանրանկարն է[7], իսկ մյուս երկուսը կայսեր ավագ դուստրերի՝ Օլգայի և Տատյանայի[5] նկարներ են։
Նիկոլայ II կայսրը ձուն կնոջը՝ Ալեքսանդրա Ֆեոդորովնային նվիրել 1898 թվականի Զատկի տոնին[3]։ Ձվի գինն արժեցել է 6700 ռուբլի[8]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։
1927 թվականին ձուն վաճառում են Էմանուել Սնոումանին[3]։ 1935-ից 1948 թվականներն ընկած ժամանակահատվածում «Հովտաշուշաններ» ոսկերչական ձուն պատկանել է Չարլզ Փարսոնսին[4], իսկ հետո կրկին հայտնվել Սնոումանի մոտ։ 1978 թվականին ձուն ձեռք է բերում Ֆորբսը։ 2004 թվականին Նյու Յորքի Սոթբիս աճուրդի տունը ձուն վաճառում է Վիկտոր Վեկսելբերգին։ Այսօր էլ այն պատկանում է Վեկսելբերգի ֆոնդին և մշտական ցուցադրության մեջ է Ֆաբերժեի թանգարանում։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Հովտաշուշաններ (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |