Հրեական դիմադրությունը Հոլոքոստի ժամանակ, հրեաների կազմակերպված կամ ինքնաբերական դիմադրությունը 1933-1945 թվականներին նացիստների, նրանց դաշնակիցների և հրեաների հետապնդման ու ոչնչացման հարցում նրանց հետ համագործակցողների իրականացրած քաղաքականությանը։
Հրեաների դիմադրությունն ունեցել է տարբեր ձևեր՝ ինչպես պասիվ, այնպես էլ ակտիվ, հոգևոր ընդդիմությունից մինչև զինված հակահարված թշնամուն։
Պասիվ դիմադրությունն առավել տարածված էր։ Դրա ձևերից էին այն բոլոր ոչ բռնի գործողությունները, որոնք նպաստում էին հրեաների փրկությանը՝ հակառակ նացիստների պլանների։ Մասնավորապես գետտոներում փակված հրեաների՝ սովից ու հիվանդություններից զանգվածային մահացությունները կանխելու նպատակով գաղտնի կերպով գետտոներ էին հասցվում ուտելիք և դեղամիջոցներ, հնարավորինս պահպանվում էին անձնական հիգիենայի կանոնները, կազմակերպվում էին բժշկական ծառայություններ[1]։
Դիմադրության ձևերից էին փախուստները։ Հրեաները փախչում էին զանգվածային սպանությունների վայրերից, գետտոներից ու ճամբարներից՝ թաքնվելով օկուպացված տարածքներում։ Եվրոպայում հրեաները փորձում էին փախչել նացիստների գրաված տարածքներից, օրինակ՝ հեռանալ Շվեյցարիա, Ֆրանսիայի չգրավված տարածքներ (մինչև 1942 թվականի նոյեմբեր), Շվեդիա, ԽՍՀՄ և այլն[2]։ Ուկրաինայի ու Մոլդովայի՝ գերմանացիների կողմից գրավված տարածքներից հրեաները փախչում էին Ռումինիայի տարածք, ինչպես նաև Հունգարիա, որտեղ փրկության հնարավորությունն ավելի մեծ էր[1]։
Դիմադրության ձևերից էր ինքնազոհողությունը։ Օրինակ՝ Դաուգավպիլսում նացիստները հայտարարեցին, որ եթե չներկայանան երկու կամավորներ անմիջապես մահապատժի ենթարկվելու համար, ապա կգնդակահարվեն բոլոր հրեաները։ Այդ ժամանակ առաջ են եկել երկու ռաբբի։ Մի շարք դեպքերում հրեաները ինքնասպանություն են գործել, որպեսզի չընկնեն դահիճների ձեռքը։ Հայտնի են խմբակային ինքնասպանությունների դեպքեր[1], օրինակ՝ ինքնահրկիզումը Մոզիրում։
Օկուպացիայի ամենասկզբից հրեաներն ստիպված են եղել ամենօրյա պայքար մղել հանուն փրկության։ Պասիվ դիմադրության զգալի մասն իրականացվել է առօրյա կյանքում։ Օրինակ՝ երբ կալանավորներին տրվող օրաբաժինը չէր բավականացնում ֆիզիկական գոյության պահպանման համար, խնդիր էր դառնում սնունդ հայթայթելն ու գաղտնի կերպով այն գետտո հասցնելը։ Չնայած նացիստները պահանջում էին հայտնել վարակիչ հիվանդությունների յուրաքանչյուր դեպքի մասին, արգելված էին հղիությունն ու ծննդաբերությունները, բժիշկները հաճախ թաքցնում էին հիվանդներին, հղի կանանց ու «ապօրինի» նորածիններին՝ չնայած խիստ պատիժների սպառնալիքներին։ Գետտոյի կյանքի կարևոր մասն էր մշակութային ու հոգևոր դիմադրությունը, օրինակ՝ ընդհատակյա դպրոցները, կրոնական ծեսերի կատարումը և այլն[3]։
Շուրջկալներից ու սպանության ակցիաներից խուսափելու համար հրեաները թաքնվում էին հատուկ ապաստարաններում ու զետեղարաններում։ Նացիստներն ու նրանց հետ համագործակցողները հաճախ այրում կամ պայթեցնում էին հրեաների ապաստարանները դրանց մեջ եղած մարդկանց հետ միասին։ Զետեղարանները հրեա ընդհատակայինների կողմից օգտագործվում էին նաև զենքի ու այլ պաշարների պահպանման համար[4]։
Ակտիվ դիմադրության ձևերից գոյություն են ունեցել՝ գետտոներից ու համակենտրոնացման ճամբարներից հրեաների փախուստի նախապաստրաստում ու կազմակերպում, հրեաների ուղարկում չեզոք երկրներ, զինված ապստամբություններ գետտոներում ու համակենտրոնացման ճամբարներում, մասնակցություն պարտիզանական պայքարին, գերմանական ձեռնարկություններում անցկացվող դիվերսիաներին ու սաբոտաժներին։
Դիմադրության ամենահայտնի ակցիան եղել է ապստամբությունը Վարշավայի գետտոյում։ Հրեական ամենամեծ պարտիզանական խմբավորումը եղել է Բելսկի եղբայրների ջոկատը, որի կազմում պատերազմի ավարտին կար 1230 մարդ։
Գետտոներում ու համակենտրոնացման ճամբարներում նացիստների դեմ ուղղված բռնի գործողությունները եղել են ոչ զինված կամ թույլ զինված մարդկանց վրա հարձակումներից մինչև մանրամասն ծրագրված ու կազմակերպված ապստամբություններ։ Պատերազմի ընթացքում մահվան ճամբարում իրականացված միակ դիմադրությունը, որ հաջողությամբ է պսակվել, կայացել է Սոբիբոր ճամբարում Ալեքսանդր Պեչերսկու ղեկավարությամբ։
Շատ գետտոներում ստեղծվել են ընդհատակյա կազմակերպություններ։ Մասնավորապես Մինսկի գետտոյում ստեղծվել են մի քանի տասնյակ ընդհատակյա խմբեր, որոնց անդամների ընդհանուր քանակը կազմում էր ավելի քան 300 մարդ։ Ընդհատակայինները տպագրում էին հականացիստական թղթեր, լսում դաշնակիցների ռադիոն և տարածում այդ ինֆորմացիան, հայթայթում զենք և դեղամիջոցներ, կազմակերպում դիվերսիաներ ու սաբոտաժներ, կալանավորներին ուղարկում պարտիզանական ջոկատներ։ Հայտնի են դեպքեր, երբ հրեաները գետտոյում թաքցնում էին ընդհատակայինների, վիրավոր կարմիրբանակայինների ու պարտիզանների։
Հրեաները ակտիվ մասնակցություն են ունեցել հականացիստական պարտիզանական շարժմանը, հատկապես Բելառուսիայում, պակաս չափով՝ Ուկրաինայում ու Լիտվայում[6]։ Հրեա պարտիզանների մեծ մասը եղել են փախստականներ գետտոյից։ Արևելյան Եվրոպայի երկրներում պատմաբանները հաշվել են ընդհանուր առմամբ շուրջ 100 հրեական պարտիզանական ջոկատներ[7]։
Ամենամեծ պարտիզանական ջոկատը, որ կազմված էր միայն հրեաներից, ստեղծվել է Բելսկի եղբայրների կողմից 1941 թվականին՝ գերմանական զորքերի՝ Բելառուսիա ներխուժելուց և հրեա բնակչության հետ մասսայական հաշվեհարդար տեսնելուց հետո։ Ջոկատը գործել է մինչև Բելառուսի օկուպացիայի ավարտը 1944 թվականին և պատերազմի ավարտին ուներ 1230 անդամ, այդ թվում՝ 350 զինված մարտիկներ։
Հայտնի է եղել նաև Շոլոմ Զորինի 106 հրեական պարտիզանական ջոկատը, որի կազմում կար 600 մարդ, որոնցից 137-ը կազմում էին մարտական վաշտ, իսկ մյուսները քաղաքացիական անձինք էին (հիմնականում կանայք ու երեխաներ)[8][9]։ Պարտիզանական շարժման բելառուսական շտաբի պետի առաջին տեղակալը եղել է Բելառուսիայի կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղար Գրիգորի Էյդինովը, երկու հրեաներ եղել են պարտիզանական բրիգադների հրամանատարներ[10]։
Մինչ 1943 թվականի ապրիլի 1-ը «Լիտվա» շրջանի տարածքում գործող խորհրդային 29 պարտիզանական ջոկատների անդամների թիվը կազմում էր 199 մարդ, որոնք հիմնականում գետտոներից ու համակենտրոնացման ճամբարներից փախած հրեաներ էին։ 1944 թվականի ամռանը Լիտվայում գործող հրեական պարտիզանական ջոկատների անդամների թիվը կազմում էր 700 մարդ։ Հրամանատարներից հայտնի են Հենրիխ Զիմանասը, Աբբա Կովները, Խաիմ Ելինը և Իոսիֆ Գլազմանը։ Ըստ ռուս պատմաբան Իլյա Ալտմանի՝ Լիտվայի հրեա պարտիզանների ընդհանուր քանակը գերազանցել է հազարը[7][11]։ Շուրջ 1500 հրեաներ կռվում էին Ուկրաինայի հրեական խմբերում ու ջոկատներում։ Ուկրաինացի 26 հրեաներ ղեկավարում էին պարտիզանական ջոկատներ ու միավորումներ[7]։ Ուկրաինայի տարածքում կռվող հրեա պարտիզանների ընդհանուր քանակը կազմել է շուրջ 4 000 մարդ[12], որոնցից Ս, Ելիսավետինսկու «Մոռացման կես դար։ Հրեաները Ուկրաինայի դիմադրության շարժման մեջ և պարտիզանական պայքարում (1941-1944)» (ռուս.՝ «Полвека забвения. Евреи в движении Сопротивления и партизанской борьбе в Украине (1941-1944)») գրքում բերված անվանական ցանկում նշված են 2000-ը[13]։
ԽՍՀՄ տարածքում կռվել է միայն հրեաներից կազմված 70 պարտիզանական ջոկատ, որոնց կազմում եղել է շուրջ 4 000 մարդ։ ԽՍՀՄ տարածքում գործող պարտիզանական ջոկատներում ընդհանուր առմամբ կռվել է տարբեր տվյալներով 15-49 հազար հրեա[7][14][15]։
Վարշավայի ու մի շարք այլ լեհական գետտոներում գործում էր ընդհատակյա Հրեական մարտական կազմակերպությունը։ Կենտրոնական Լեհաստանում գործում էին 27 հրեական և 13 խառը պարտիզանական ջոկատներ, որոնցում հրեաները եղել են մեկ երրորդից ոչ պակաս[16][17]։ Լեհաստանում ծավալված պարտիզանական շարժման մասշտաբները եղել են զգալիորեն փոքր, քան ԽՍՀՄ տարածքում, քանի որ գետտոներից փախած հրեաներին հաճախ սպանում էին տեղացի ազգայնականները, իսկ երբ Լեհաստանում ծավալվել է հզոր պարտիզանական շարժում, հրեաների մեծ մասն արդեն ոչնչացված է եղել[18]։ Պատերազմից հետո ճանաչման է արժանացել հրեական պարտիզանական ջոկատի հրամանատար Յոզեֆ Սերչուկը։
Ֆրանսիական դիմադրության շարժման շրջանակներում ստեղծվել է «Հրեական մարտական կազմակերպությունը» (ֆր.՝ Organisation Juive de Combat), որն իրականացրել է շուրջ 2000 մարտական գործողություններ, այդ թվում 750 դիվերսիաներ երկաթուղիներում և 32 պայթյուններ ռազմական գործարաններում։ «Լիբերասյոն-Սյուդ» շարժման վեց հիմնադիրներից երեքը եղել են հրեաներ, «Ֆրան-տիրյոր» (Ազատ հրաձիգ) կազմակերպությունը ղեկավարել են Ժան Պիեռ Լևին, Ժոզեֆ Էպշտեյնը («գնդապետ Ժիլ») Զ. Գոտեսմանը («կապիտան Ֆիլիպ»)[16]։
Լիոնում դիմադրության ղեկավարներից մեկը եղել է հայտնի պատմաբան և ֆրանսիական բանակի կապիտան Մարկ Բլոկը։ Նա ձերբակալվել է գեստապոյի կողմից և տանջանքներից հետո մահապատժի ենթարկվել 1944 թվականի հունիսի 16-ին[19]։
Մեծ թվով հրեաներ են եղել Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության շարքերում։ Կոմունիստական ընդհատակի զոհված անդամների շարքում են եղել Ա. Սուզինը, Ժ. Մեյխլերը, Լ. Բրասլավսկին, Ժ. Յաֆոն, Ս. Իտկինը և այլք[16]։ Միսաք Մանուշյանի՝ նվաճողների դեմ մի շարք հայտնի դիվերսիաներ իրականացրած խմբի՝ նացիստների կողմից մահապատժի ենթարկված 23 անդամներից 11 ընդհատակայիններ եղել են հրեաներ[20]։
Ֆրանսիայի պարտիզանական ջոկատների անդամների առնվազն 20 %-ը եղել են հրեաներ[21]։ Պարտիզանական հարավային տարածաշրջանում «Ռեգինա» անվան ներքո պայքարել և 1944 թվականի հուլիսին զոհվել է Սառա Կնուտը (ծննդյան անունը՝ Արիադնա Սկրյաբինա)՝ հրեա բանաստեղծ, Ֆրանսիայում դիմադրության առաջին խմբի՝ «Հրեական բաստիոնի» ստեղծող Դովիդ Կնուտի կինը[22]։ Սառա Կնուտը հետմահու պարգևատրվել է ռազմական խաչով և Դիմադրության մեդալով, իսկ Թուլուզում տեղադրվել է նրա հուշարձանը[23][24]։
Տարբեր գնահատականներով՝ Հունաստանում 1941 թվականին պարտիզանական ջոկատների անդամ են դարձել 1300-2000 հրեաներ և պայքարել նվաճողների դեմ։ Հրեական համառոտ հանրագիտարանի տվյալներով՝ մինչ 1943 թվականը Սալոնիկում և Թեսալիայում ձևավորվել են հրեական առանձին պարտիզանական ջոկատներ[25], սակայն պարտիզան Իոսիֆ Մատսասի պնդմամբ` հույն պարտիզանների շարքում հրեական առանձին պարտիզանական ջոկատներ չեն եղել[26]։ Աթենքում ու մի շարք այլ հունական քաղաքներում գործել են հրեական ընդհատակայինները։ Մերձավոր Արևելքում դաշնակիցների զորքերի հրամանատար ֆելդմարշալ Հենրի Վիլսոնը շնորհակալություն է հայտնել հրեա պարտիզաններին Հունաստանը գերմանական օկուպացիայից ազատագրելուն օգնելու համար[25][27]։
Սլովակիայի տարածքում 1942 թվականից ակտիվացել է պարտիզանական շարժումը, որին մասնակցել է մոտ 2500 հրեա։ Սլովակիայի ապստամբությանը մասնակցել է շուրջ 1200-1500 հրեա։ Ապստամբության ղեկավարներից մեկը եղել է Ռուդոլֆ Սլանսկին, իսկ հայտնի մասնակիցներից են եղել Ֆրիդրիխ Գիլֆրայխը և Իոսիֆ Դոլինան[28]։ Հրեական առանձին պարտիզանական ջոկատի հրամանատար է եղել Ալեքսանդր Բախնարը, որի ղեկավարության տակ կար շուրջ 300 մարտիկ։ Բախնարի ջոկատում է կռվել ողջ Եվրոպայում միակ առանձին «կաշրութական վաշտը», որ կազմված է եղել հավատացյալ հրեա-ուղղափառներից[6]։ Ապստամբների շարքում կռվել են 5 հրեա պարաշյուտիստներ Պաղեստինից, որոնցից չորսը զոհվել են։ Գոյություն են ունեցել մի քանի հերական առանձին ընդհատակյա ու պատիզանական կազմակերպություններ[16][18]։
Հարավսլավիայում ծավալված պարտիզանական շարժման զգալի մասը կազմել են հրեաները։ Պարտիզանների շարքում կռվել են 4572 հրեաներ, որոնցից 3000-ը՝ ռազմական զորամասերում, այդ թվում նաև հրեական առանձին գումարտակի կազմում Ադրիատիկ ծովի Ռաբ կղզում։ Հարավսլավացի պարտիզաններին առաջիններից մեկը միացել է հայտնի ինտելեկտուալ և Հարավսլավիայի կոմունիստական կուսակցության գործիչ Մոշե Պյադեն, որ հետագայում դարձել է Իոսիպ Տիտոյի օգնականը[16][29][30]։ Տասը հրեաներ արժանացել են Հարավսլավիայի ազգային հերոսի կոչման։ Մոշե Պյադեից բացի նրանց թվում են եղել Իսիդոր Բարուխը, Պավլե Գորանինը, Նիսիմ Ալբախարին, Սամուել Լերերը, Ռոբերտ Դոմանին, Իլյա Էնգելը, Պավլե Պապը, Ադոլֆ Շտեյնբերգերը և Էսթեր Օվադիան։ Նրանցից յոթին կոչումը շնորհվել է հետմահու[31]։
Մի շարք գետտոներում և համակենտրոնացման ճամբարներում գոյություն են ունեցել ընդհատակյա կազմակերպություններ, որոնցից մի քանիսում կալանավորներին հաջողվել է հայթայթել սառը և հրազենային զենք։ Սովորաբար գետտոներում ապստամբությունները տեղի են ունեցել մահվան ճամբարում տեղի ունեցող տարհանումների կամ զանգվածային սպանությունների ակցիաների ժամանակ։ Ամենաերկարատևը եղել է Վարշավայի գետտոյի ապստամբությունը, որ տևել է մի ամբողջ ամիս։ Գերմանացիներն ստիպված են եղել ապստամբների դեմ կիրառել տանկեր, հրետանի և օդուժ։
Ամսաթիվ | Վայր | Ղեկավար |
---|---|---|
29 հունիսի – 15 հուլիսի, 1942 | Սլոնիմի գետտո[32] | |
21 հուլիսի, 1942 | Կլեցկի գետտո[33] | Մ. Ֆիշեր |
24 հուլիսի, 1942 | Կոպիլի գետտո[32] | |
22 հուլիսի, 1942 | Նեսվիժի գետտո | Շոլոմ Խոլյավսկի |
1 օգոստոսի, 1942 | Բենձինի գետտո | |
9 օգոստոսի, 1942 | Միրի գետտո[32] | Շմուել (Օսվալդ) Ռուֆայզեն |
10 օգոստոսի, 1942 | Կրեմենեցի գետտո[34] | |
3 սեպտեմբերի, 1942 | Լախվայի գետտո[35] | Իցհակ Ռոխչին, Բեռլ Լոպատին |
9 սեպտեմբերի, 1942 | Կամենեցի գետտո[32] | |
12 դեկտեմբերի, 1942 | Լուցկի գետտո[36] | |
19 ապրիլի – 16 մայիսի 1943 | Վարշավայի գետտո | Մորդեխայ Անելևիչ |
հունիս, 1943 | Չեստոխովի գետտո | Մ. Զիլբերբերգ |
16-21 օգոստոսի, 1943 | Բելոստոկի գետտո | Մորդեխայ Տենենբաում |
29 օգոստոսի, 1943 | Գլուբոկոեի գետտո[32] | Բ. Ցիմեր և Մ. Լիբերման |
1 սեպտեմբերի, 1943 | Տարնուվի գետտո |
Համակենտրոնացման ճամբարներում կալանավորների ապստամբությունները հազվադեպ էին, քանի որ նրանց գոյության պայմանները խիստ ծանր էին, և զենք հայթայթելու հնարավորություն գրեթե չի եղել։ Պատերազմի ընթացքում մահվան ճամբարում տեղի ունեցած միակ ապստամբությունը, որ հաջողությամբ է ավարտվել, եղել է օկուպացված Լեհաստանի տարածքում՝ Սոբիբորում։
Պատմաբան Կարլ Շչուլկինը (անգլ.՝ Carl Р. Schulkin) նշում է գրող Ռիչարդ Ռաշկեի թեզիսը, որ նա բերում է «Փախուստ Սոբիբորից» գրքի 1995 թվականի հրատարակության վերջաբանում. Ռաշկեն գրում է, թե Հոլոքոստի մասին գրող շատ հեղինակներ աղավաղում են իրական պատմությունը՝ հրեաներին պատկերելով սոսկ որպես զոհեր՝ «որպես հնազանդ հոտ՝ նման կոտորվելու գնացող ոչխարների»։ «Փախուստ Սոբիբորից» գիրքը մարտահրավեր է նետում այդ մոտեցմանը՝ հիշեցնելով նրանց մասին, ովքեր մարտնչել են ու պայքարել։ Շչուլկինը համաձայնում է Ռաշկեի բերած փաստարկների հետ և պատմություն դասավանդողներին կոչ անում վերանայել իրենց հայացքները, որ վերաբերում են հրեական դիմադրության դերին[37]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հրեական դիմադրությունը Հոլոքոստի ժամանակ» հոդվածին։ |
|