Մալին Հարտելիուս

Մալին Հարտելիուս
Բնօրինակ անունշվեդ.՝ Malin Hartelius
Ծնվել էսեպտեմբերի 1, 1966(1966-09-01)[1] (58 տարեկան)
Մալմյո
Երկիր Շվեդիա
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
Պարգևներ
Գրականության և արվեստի մեդալ
Կայքmalinhartelius.com
 Malin Hartelius Վիքիպահեստում

Մալին Հարտելիուս (շվեդ.՝ Malin Hartelius, սեպտեմբերի 1, 1966(1966-09-01)[1], Մալմյո), շվեդ օպերային երգչուհի (սոպրանո)։ Երգարվեստում կարիերան սկսել է հիմնականում Շվեդիայից դուրս՝ հանդես գալով տարբեր երկրների հայտնի դիրիժորների և նվագախմբերի հետ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մալին Հարտելիուսը ծնվել է 1966 թվականի սեպտեմբերի 1-ին, Մալմյոյում։ Մեծացել է Վեկշյո քաղաքի մոտ գտնվող Թինգսրիդում։ Դեռահաս տարիքում երգեցողություն է սովորել Վեկշյոյում՝ Սիլվիա Մանգ-Բորենբերգի մոտ, այնուհետև սովորել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում (օպերա, երգ և օրատորիա) հայտնի ուսուցիչներ՝ Մարգարետ Բենսի[2] և Վալդեմար Կմենտի մոտ։

1989 թվականին ընդունվել է Շվեյցարիայի Սանկտ Գալլենի թատրոն, որտեղ երգել է Պապագենայի (Papagena) իր առաջին պարտիան Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայում։ 1990-1991 թվականների խաղաշրջանում, որպես Վիեննայի պետական օպերայի անդամ, խաղացել է բազմաթիվ դերեր, այդ թվում՝ Սեսիլիան՝ Մոցարտի «Լուցիո Սուլլա» օպերայում և կրկին Պապենայի դերում։ 1990 թվականին գերմանական Լյուդվիգսբուրգ քաղաքում տեղի ունեցած փառատոնի ժամանակ Մալին Հարտելիուսը կատարել է Բլոնդայի դերը Մոցարտի «Առևանգում հարեմից» օպերայում։ 1991-1992 թվականներին երգչուհին հանդես է եկել Ցյուրիխի օպերայում, որտեղ կատարել է Պապենայի դերը, իսկ հետո՝ Արսենի դերը Յոհան Շտրաուսի «Գնչու բարոնը» օպերայում։ Դրան հաջորդել են Պամինայի դերը «Կախարդական սրինգ»-ում, Ադելը՝ «Չղջիկ»-ում, Բլոնդան՝ «Առևանգում հարեմից»-ում և Անխենը՝ «Ազատ հրաձիգը»-ում։

1990 թվականին Լյուդվիգսբուրգի փառատոնում և 1991 թվականին Շվեցինգենի փառատոնում իր դեբյուտից հետո Հարտելիուսն առաջին անգամ հայտնվել է Զալցբուրգի փառատոնում 1992 թվականին՝ Բարբարինայի դերում «Ֆիգարոյի ամուսնությունը» օպերայում։ 1996 թվականին Զալցբուրգի փառատոնին մեկ այլ մասնակցությունից հետո նա սկսել է համագործակցել դիրիժոր Ֆրանց Վելզեր-Մյոստի հետ՝ կատարելով Բախի «Մեսսա սի մինոր» (BWV 232) և «Մատֆեյի կրքերը» (BWV 244) ստեղծագործությունները Camerata Accademica նվագախմբի հետ, 1997 թվականին կատարել է Բլոնդայի պարտիան «Առևանգում հարեմից» օպերայում՝ Մարկ Մինկովսկու ղեկավարությամբ։ Մալին Հարտելիուսի երգացանկը շարունակել է ընդլայնվել Գաետանո Դոնիցետիի «Սիրո ըմպելիք» և «Դոն Պասքուալե» օպերաներում, ինչպես նաև Ռիխարդ Շտրաուս «Արիադնան Նաքսոսում» օպերայում կատարած դերերգերով։ 1999 թվականի աշնանը Փարիզի ազգային օպերայի հրավերով Ռամոյի «Նրբակիրթ Հնդկաստան» օպերայում կատարել է գլխավոր դերը դիրիժոր Ուիլյամ Քրիստիի ղեկավարությամբ։ Նույն թատրոնում երգչուհին հանդես է եկել Սերվիլիայի դերում՝ «Տիտոսի ողորմածությունը» օպերայում, իսկ 2000 թվականին՝ Ադելի դերում՝ «Չղջիկը» օպերայում։ 2000 թվականին հաջողության է հասել Պամինայի պարտիայով «Կախարդական սրինգ» օպերայում՝ Ցյուրիխի օպերայի նոր բեմադրության մեջ։

Հետագա խաղաշրջաններում Հարտելիուսը հանդես է եկել որպես մենակատար Ջոն Էլիոթ Գարդիների ղեկավարած Bach Cantata Pilgrimage-ում և իր դեբյուտը կատարել Մարսելինի պարտիայով «Ֆիդելիո»-ում՝ Բավարիայի պետական օպերայում։ Մեծ գնահատանքի է արժանացել նաև դիրիժոր Նիկոլաուս Արնոնկուրի հետ Շուբերտի հազվադեպ կատարվող «Ալֆոնսո և Էստրելլա» օպերայում կատարման համար։ Այնուհետև երգչուհին կրկին ելույթ է ունեցել Զալցբուրգի փառատոնում 2000 թվականին, ինչպես նաև մասնակցել է Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համերգներին Վոլֆգանգ Սավալիշի և Չարլզ Մակերասի ղեկավարությամբ։ 2001 թվականին Զալցբուրգի փառատոնում կատարել է Ադելի դերերգը «Չղջիկը» օպերայի նոր բեմադրության մեջ և ելույթ է ունեցել Զալցբուրգի Մոցարտեում նվագախմբի հետ՝ Իվոր Բոլթոնի ղեկավարությամբ։

2002 թվականի գարնանը Կլաուս Մարիա Բրանդաուերի և Պատրիսիա Պետիբոնի հետ երգել է Կոնստանտայի պարտիան «Առևանգում հարեմից» օպերայում՝ Ցյուրիխում նոր բեմադրության մեջ։ 2004 թվականին Մալին Հարտելիուսը կատարել է իր դեբյուտը Ցերլինի պարտիայով «Դոն Ժուան» օպերայում՝ Գլայնդբորնում Ռիկարդո Շայի ղեկավարությամբ։ Շարունակելով օպերային երգչուհու կարիերան՝ ելույթներ է ունեցել եվրոպական թատրոնների բեմերում և 2006 թվականին կրկին հրավիրվել Զալցբուրգի փառատոնին։

Պարգևներ, մրցանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 28-ին Մալին Հարտելիուսը Շվեդիայի թագավորից ստացել է Litteris et Artibus շքանշան՝ որպես օպերային երգչուհի ակնառու գեղարվեստական կատարման համար[3]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչուհին ամուսնացած է և ունի երկու երեխա՝ դուստրը՝ Հաննան ծնված 1993 թվականին և որդին՝ Սայմոնը՝ ծնված 1996 թվականին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Malin Hartelius — årets Schymberg-stipendiat» Արխիվացված 2014-12-16 Wayback Machine, Kungliga Operan 2012-06-12. Läst 8 november 2014.
  3. «Medaljförläningar 28 januari 2010». Sveriges Kungahus (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մալին Հարտելիուս» հոդվածին։