Մատթեոս Ուռհայեցի | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 1050 Ուռհա, Բյուզանդական կայսրություն[1] |
Մահացել է | մոտ 1144[1] Ուռհա, Զանգիների ամիրայություն[1] բռնի մահ[1] |
Քաղաքացիություն | Բյուզանդական կայսրություն |
Ազգություն | հայ |
Դավանանք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | ժամանակագիր |
Գործունեության ոլորտ | Հայոց պատմություն և Հայ պատմիչներ |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Քաղվածքներ Վիքիքաղվածքում |
Մատթեոս Ուռհայեցի (ոչ վաղ քան 1050, Ուռհա, Բյուզանդական կայսրություն[1] - մոտ 1144[1], Ուռհա, Զանգիների ամիրայություն[1]), հայ ժամանակագիր։
Ծնվել և ապրել է Եդեսիա քաղաքում, եղել վանական։ Հավանաբար զոհվել է Եդեսիա քաղաքի վրա Հալեպի Զանգի ամիրայի զորքերի գրոհի ժամանակ՝ 1144 թվականին։
Ենթադրվում է, որ «Ժամանակագրություն»-ը գրել սկսել է 1113 թվականին և շարունակել մինչև կյանքի վերջին օրերը։ Այն բաղկացած է 3 մասից։ Առաջինը (ընդգրկում է 952-1051 թվականների իրադարձությունները) շարադրված է գրավոր աղբյուրների, հիմնականում՝ Հակոբ Սանահնեցու «Ժամանակագրության» հիման վրա։ Երկրորդ մասի (1052-1101 թվականների իրադարձությունները) համար Մատթեոս Ուռհայեցին որպես աղբյուր օգտագործել է նաև ականատեսների պատմածները (մասամբ ինքն է ականատես)։ Այն ավարտել է 1128 թվականին։ Երրորդ մասը (1102-1137 թվականների իրադարձությունները), որը շարադրել է տասնամյա ընդմիջումից հետո, ամենաարժեքավորն է, որովհետև Մատթեոս Ուռհայեցին նկարագրել է իր ժամանակները։ «Ժամանակագրություն»-ում պատմվում է Բագրատունիների թագավորության, նրա կործանման, սելջուկների արշավանքների և նվաճումների, հայերի արտագաղթի, երկրից դուրս հայկական իշխանությունների հիմնադրման և օտարերկրյա նվաճողների դեմ նրանց պայքարի մասին։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մատթեոս Ուռհայեցի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 289)։ |
|