Մարիամ Մկրտչյան | |
---|---|
Պետություն(ներ) | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 27, 2004[1] (20 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայաստան |
Կոչում | կանանց վարպետության թեկնածու[2], կանանց ՖԻԴԵ-ի վարպետ[3] և կանանց միջազգային վարպետ[4] |
Ներկայիս վարկանիշ | 2354 |
ՖԻԴԵ համար | 13310828 |
365chess | Mariam_Mkrtchyan |
Chesstempo համար | 357705 |
ICCF համար | 357705 |
mkrtchyanmariam.com |
Մարիամ Արմենի Մկրտչյան (փետրվարի 27, 2004[1], Երևան, Հայաստան), հայ շախմատիստուհի, կանանց միջազգային վարպետ, Հայաստանի կանանց չեմպիոն (2022), շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի և Եվրոպայի չեմպիոն (2022)[5], Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ[6]։
Մարիամ Մկրտչյանը ծնվել է 2004 թվականի փետրվարի 27֊ին, Երևանում։ Շախմատով սկսել է զբաղվել 8 տարեկանից, առաջին մարզիչը եղել է շախմատի ուսուցիչը՝ Սևակ Բաղդասարյանը։ Նրա գլխավորությամբ Մարիամը 2014 թվականին դարձել է մինչև 10 տարեկանների Եվրոպայի փոխչեմպիոն։ Մարիամի մարզիչներն են եղել նաև Արարատ Սանթրյանը, Արտաշես Մինասյանը, Վահե Բաղդասարյանը, Զավեն Անդրիասյանը[7]։
2022 թվականի հունվարին Մարիամ Մկրտչյանը դարձել է շախմատի Հայաստանի կանանց 77-րդ առաջնության չեմպիոն և ընդգրկվել Հայաստանի շախմատի կանանց հավաքականի կազմում[8]։
2022 թվականի սեպտեմբերին Ռումինիայի Մամայա քաղաքում տեղի ունեցած շախմատի աղջիկների մինչև 18 տարեկանների աշխարհի առաջնությունում հայազգի շախմատիստուհին ժամանակից շուտ դարձել է շախմատի մինչև 18 տարեկանների աշխարհի չեմպիոն[9][10]։ Այդ առաջնությունում նա ցույց է տվել բացարձակ արդյունք՝ 11 խաղափուլում տանելով 11 հաղթանակ և անհատական վարկանիշն ավելացնելով 58,4 կետով[11]։
2022 թվականի նոյեմբերին Անթալիայում տեղի ունեցած Եվրոպայի պատանեկան առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրում, Մարիամ Մկրտչյանը հաղթանակի է հասել իռլանդացի Տրիշա Կանյամարալայի նկատմամբ և ժամանակից շուտ նվաճել Եվրոպայի մինչև 18 տարեկանների չեմպիոնի տիտղոսը[12]։