Մարջորի Լոուրենս


Մարջորի Լոուրենս
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 17, 1909(1909-02-17)[1][2]
ԾննդավայրՎիկտորիա, Ավստրալիա
Մահացել էհունվարի 13, 1979(1979-01-13)[3] (69 տարեկան)
Մահվան վայրԼիթլ Ռոք, ԱՄՆ
ԳերեզմանGreenwood Cemetery
Քաղաքացիություն Ավստրալիա
Մասնագիտությունօպերային երգչուհի
ԱշխատավայրՀարավային Իլինոյսի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
 Marjorie Lawrence Վիքիպահեստում
Մարջորի Լոուրենսը 1943 թվականին, ամենայն հավանականությամբ՝ Մոնրեալում

Բրիտանական կայսրության շքանշանակիր Մարջորի Ֆլորենս Լոուրենս (փետրվարի 17, 1909(1909-02-17)[1][2], Վիկտորիա, Ավստրալիա - հունվարի 13, 1979(1979-01-13)[3], Լիթլ Ռոք, ԱՄՆ), ավստրալիացի սոպրանո, որը հայտնի էր Ռիխարդ Վագների օպերաների կատարմամբ[4][5]։ Մետրոպոլիտեն օպերայի առաջին սոպրանոն էր, որը «Աստվածների մայրամուտը» օպերայի զոհաբերության տեսարանը կատարել է ձիով հայտնվելով կրակի բոցերի մեջ, ինչպես նախատեսել էր Վագները[4]։ 1941 թվականին վարակվել է պոլիոմիելիտով։ Հետագայում աշխատանքի է անցել Հարավային Իլիոնոյսի Քարբոնդեյլ համալսարանի երաժշտական դպրոցում։

Նրա կյանքի մասին պատմում է 1955 թվականին նկարահանված «Ընդհատված մեղեդի» կինոնկարը, որտեղ նրան մարմնավորել է Էլինոր Պարկերն ու այդ դերակատարման համար առաջադրվել «Օսկար լավագույն դերասանուհու համար» մրցանակի։

Ծնվել է Ավստրալիայում, Մելբուռնից 135 կմ դեպի հարավ արևմուտք գտնվող Դինզ Մարշ քաղաքում։ Տեղաբնակ մսավաճառ Ուիլյամ Լոուրենսի և վերջինիս երգեհոնահար կնոջ՝ Էլիզաբեթի վեց երեխաներից հինգերորդն էր[4]։ Մայրը մահացել է, երբ Մարջորին երկու տարեկան էր ու նրան մեծացրել է հայրական տատը[4]։ Հաճախել է տեղի դպրոցը, միացել անգլիական սուրբ Պողոսի եկեղեցու երգչախմբին ու տաս տարեկանում մենակատար դարձել[4]։ Օպերայի նկատմամբ սերն առաջացել է Նելլի Մելբայի ու Կլարա Բաթի ձայնապնակների շնորհիվ։ Դեռահասության տարիքում հաղթել է մի շարք վոկալ մրցույթներում, իսկ 18 տարեկանում ուղևորվել Մելբուռն՝ աշխատելու։ Վոկալի դասեր է ստացել Այվոր Բուստիդից, սակայն ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված է եղել տուն վերադառնալ։ 1928 թվականին հաղթել է Ջելոնգ քաղաքում անցկացված «Sun Aria» մրցույթում[4]։ Ավստրալիացի բարիտոն Ջոն Բրաունլին նրան խորհուրդ է տվել Փարիզում դասեր առնել Սեսիլ Ջիլիից[4] և վերջինիս օգնությամբ կարողացել է ընդլայնել ձայնի վերին սահմանը[4]։

1932 թվականի հունվարին օպերային դեբյուտը կատարել է Մոնտե Կառլոյում Ռիխարդ Վագների «Տանհոյզեր» օպերայից Էլիսաբեթի դերեգով[4]։ 1933 թվականի փետրվարի 25-ին առաջին անգամ հանդես է եկել Փարիզի Գրանդ օպերայում «Լոհենգրին» օպերայից Օրտրուդի դերերգով[4]։

1935 թվականի դեկտեմբերի 18-ին դեբյուտով հանդես է եկել Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայում «Վալկիրիա» օպերայից Բրյունհիլդայի դերով։ Հաջորդ տարի «Աստվածների մայրամուտը» օպերայի զոհաբերության տեսարանը կատարել է՝ ձիով հայտնվելով կրակի բոցերի մեջ, ինչպես նախատեսել էր Վագները՝ դառնալով այդպես վարված առաջին սոպրանոն[4]․ ատլետիկ երեխա էր եղել ու ձիավարություն սովորել էր Ավստրալիայում։ Ներկայացումը ձայնագրվել է։

Արտաքին տեսքի ու գեղեցկության շնորհիվ վայելում էր հանդիսատեսի սերը․ Ռիխարդ Շտրաուսի «Սալոմե» օպերայում կատարել է «Յոթ քողի պարը»[4] ավելի համոզիչ կերպով, քան մյուս սոպրանոները։ Այնպես, ինչպես իր հանճարեղ հայրենակցուհի Ֆլորենս Օստրելն էր կարողացել Բրյունհիլդայի դերը կատարել Ֆրիդա Լյայդերի հետ, նույնը կարողացել է կատարել ինքը 1937 թվականին Մետրոպոլիտեն օպերայում Կիրսթեն Ֆլագսթադի հետ։

1939 թվականից պարբերաբար վերադարձել է Ավստրալիա, 1939 թվականին հայտարարվել էր, որ «Մելբայի կյանքը» ֆիլմում մարմնավորելու է Նելլի Մելբային, սակայն ծրագիրն անկատար է մնացել պատերազմի պատճառով[6][7]։

1941 թվականի մարտի 29-ին Նյու Յորքի քաղաքապետարանում ամուսնացել է օստեոպաթ բժիշկ Թոմաս Քինգի հետ[4]։

Մեքսիկայում 1941 թվականի մի ներկայացման ժամանակ Լոուրենսը հանկարծ զգացել է, որ չի կարողանում կանգնել․ նա վարակվել էր պոլիոմելիտով[4]։ 18 ամիս երկու ոտքի անդամալուծության դեմ բուժում ստանալուց հետո բեմ է վերադարձել՝ երգելով աթոռին կամ հատուկ հարթակի վրա․ չնայած տեղաշարժման անկարողությանը՝ շարունակել է հանդես գալ մինչև 1952 թվականը[4]։ 1944 թվականին Ավստրալիայում աթոռին գամված մասնակցել է բարեգործական համերգների[4]։ 1946 թվականին Փարիզում հանդես է եկել Վերդիի «Աիդա» օպերայից Ամներիսի դերով, իսկ 1947 թվականի դեկտեմբերին՝ Ռիխարդ Շտրաուսի «Էլեկտրա» օպերայում, որոնք երկուսն էլ լավ են ընդունվել հանդիսատեսի կողմից։ Այնուհետև թողել է բեմը և զբաղվել դասավանդելով։ Տեղափոխվել է Արկանզաս նահանգի Հոթ Սպրինգս քաղաքում գտնվող իր ագարակը և դասավանդել տարբեր ազգերի ուսանողների․ 1970-ական թվականների վերջից մինչև 1979 թվականին իր մահը ընդունել է ուսանողներ Արկանզասի Լիթլ Ռոքի համալսարանից[4]։

Թեև հանրաճանաչ էր դարձել վագներյան կատարումներով, Լոուրենսը հանդես է եկել նաև այլ երգահանների գործերում, ինչպիսիք են՝ «Սալոմեն» ու Ժորժ Բիզեի «Կարմենը»։ Կատարել է հատկապես վագներյան գործերի մի շարք գերազանց ձայնագրություններ, ամբողջ կարիերայի ընթացքում արժանացել դրական գնահատանքի։ Ծանրակշիռ կարիերա է ունեցել Ֆրանսիայում, Մեքսիկայում, Ավստրալիայում, ամբողջ Հարավային Ամերիկայում ու ԱՄՆ-ում։

1949 թվականին գրել է «Ընդհատված մեղեդի» ինքնակենսագրականը[4], իսկ արդեն 1950 թվականի փետրվարին Հոլիվուդը հետաքրքրված էր դրա հիման վրա ֆիլմ նկարահանելով։ Լոուրենսն ասել է․ «Եթե ֆիլմ նկրահանվի, կերգեմ ես ինքս»[8]։ 1955 թվականին Մետրո-Գոլդուին-Մայեր կինոընկերությունը թողարկել է գրքի ֆիլմային տարբերակը, որտեղ Էլինոր Պարկերը մարմնավորել է Լոուրենսի կերպարը․ վերջինս սիրում էր երգել ու սովորել էր բոլոր արիաները/մեներգերը, սակայն հետագայում նրան կրկնօրինակել է սոպրանո Էյլին Ֆարելը[9]։ Լոուրենսին ֆիլմը դուր չի եկել[4]։

Վախճանվել է 71 տարեկանում սրտի անբավարարությունից 1979 թվականի հունվարի 13-ին Լիթլ Ռոք քաղաքի սուրբ Վինսենտի հիվանդանոցում։ Հուղարկավորվել է Հոթ Սպրինգսի Գրինվուդ գերեզմանատանը[4]։

1946 թվականին Ֆրանսիայում իր աշխատանքի համար արժանացել է Պատվավոր Լեգեոնի շքանշանի։ 1976 թվականին Ավստրալիայի կառավարության երաշխավորությամբ արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Australian Dictionary of BiographyMUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1996.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 4,15 4,16 4,17 4,18 4,19 4,20 Griffin, Helga M. (1986). «Lawrence, Marjorie Florence (1907–1979)». Australian Dictionary of Biography. Vol. 10. Melbourne, Vic: Melbourne University Press. էջեր 14–15. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.
  5. «LAWRENCE, Marjorie Florence». It's an Honour – Honours – Search Australian Honours. Australian Government. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.
  6. «Jack Lester Plans New Perth Show». Sunday Times (Perth). No. 2180. Western Australia. 1939 թ․ նոյեմբերի 5. էջ 5. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին – via National Library of Australia.
  7. Vagg, Stephen (2019 թ․ օգոստոսի 10). «Unmade Cinesound». Filmink.
  8. «Film likely of story of Marjorie Lawrence». The Canberra Times. National Library of Australia. 1950 թ․ փետրվարի 2. Վերցված է 2009 թ․ հունիսի 30-ին.
  9. Los Angeles Times, 10 December 2013, Obituary for Eleanor Parker and quote from Paul Clemens, her son.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարջորի Լոուրենս» հոդվածին։