Մարսելա Ալտաուս-Ռիդ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 11, 1952[1] |
Ծննդավայր | Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[2] |
Մահացել է | փետրվարի 20, 2009[3][1] (56 տարեկան) |
Մահվան վայր | Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Արգենտինա |
Կրոն | մեթոդիզմ |
Մասնագիտություն | աստվածաբան, համալսարանի դասախոս, գրող և կանանց իրավունքների պաշտպան |
Աշխատավայր | Էդինբուրգի համալսարան |
Կայք | althaus-reid.com |
Մարսելա Մարիա Ալտաուս-Ռիդ (իսպ.՝ Marcella Althaus-Reid, մայիսի 11, 1952[1], Ռոսարիո, Սանտա Ֆե նահանգ, Արգենտինա[2] - փետրվարի 20, 2009[3][1], Էդինբուրգ, Շոտլանդիա, Միացյալ Թագավորություն[2]), Էդինբուրգի համալսարանի Նյու քոլեջի կոնտեքստային աստվածաբանության պրոֆեսոր։ Նշանակվելուց հետո դարձել է Շոտլանդիայի համալսարանի աստվածաբանության միակ կին պրոֆեսորը և Նյու քոլեջի աստվածաբանության առաջին կին պրոֆեսորը 160 տարվա պատմության մեջ[4][5]։ Ծնվել է Արգենտինայի Սանտա Ֆե պրովինցիայի Ռոսարիո քաղաքում։ Աստվածաբանության բակալավրի աստիճան է ստացել ISEDET-ում, Բուենոս Այրեսի Բողոքական համալսարանի ինստիտուտում։ Դոկտորական թեզը պաշտպանել է Շոտլանդիայի Սենթ Էնդրյուս համալսարանում։ Նրա հետաքրքրությունների շրջանակում են եղել ազատագրական աստվածաբանությունը, ֆեմինիստական աստվածաբանությունը և քվիր աստվածաբանությունը[6]։
Ալտաուս-Ռիդը ծնվել է Արգենտինայի Ռոսարիո քաղաքում։ Մեծացել է Բուենոս Այրեսում, որտեղ էլ ստացել է Աստվածաբանության բակալավրի աստիճան Բուենոս Այրեսի Instituto Superior Evangelico de Estudios Teologicos (ISEDET) էկումենիկ աստվածաբանական հաստատությունում՝ կողմնորոշվելով ազատագրական աստվածաբանության ուղղությամբ։ Սովորել է ազատագրական աստվածաբանների, այդ թվում՝ Խոսե Միգես Բոնինոյի և Խոսե Սևերինո Կրոատոյի մոտ[6]։
Եղել է Արգենտինայի Ավետարանական մեթոդիստական եկեղեցու անդամ։ Հետևել է Պաուլու Ֆրեյրեի մեթոդներին՝ իրականացնելով համայնքային և սոցիալական ծրագրեր, որոնց աջակցել են Բուենոս Այրեսի աղքատ թաղամասերի եկեղեցիները։ Այդ առումով իր փորձի և ձեռքբերումների շնորհիվ Ալտաուս-Ռիդը հրավիրվել է Շոտլանդիա, որտեղ աշխատել է Դանդիի և Պերտի աղքատ թաղամասերում՝ համակարգելով Ֆրեյրեի ազատագրական մանկավարժությունից ներշնչված նախագծերը[6]։
1994 թվականին պաշտպանել է իր դոկտորական դիսերտացիան Շոտլանդիայի Սենտ-Էնդրյուս համալսարանում` Ազատագրության աստվածաբանության մեթոդաբանության վրա Պոլ Ռիկորի ազդեցության մասին թեմայով։ Նրա ակադեմիական հետաքրքրությունների շրջանակում են եղել ազատագրության աստվածաբանությունը, ֆեմինիստական աստվածաբանությունը և քվիր աստվածաբանությունը։ Հետագայում նա նշանակվել է Էդինբուրգի համալսարանի Նյու քոլեջի կոնտեքստային աստվածաբանության պրոֆեսոր[4][5]։
Ալտաուս-Ռիդը մահացել է 2009 թվականի փետրվարի 20-ին, Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքում, որտեղ նա ապրում էր 1986 թվականից։ Մահվան պահին եղել է Քվիր աստվածաբանության միջազգային ասոցիացիայի տնօրեն, Էդինբուրգի համալսարանի Քվիր աստվածաբանության նախագծի տնօրեն և Մետրոպոլիտեն համայնքային եկեղեցու անդամ[5]։ Իր կյանքի վերջին տարիներին աշխատել է արգենտինացի աստվածաբան Իվան Պետրելլայի հետ՝ անգլախոս աշխարհում ազատագրական աստվածաբանությունը հանրահռչակելու համար[6]։ Եղել է նաև «Համաշխարհային քրիստոնեական ուսումնասիրություններ» ամսագրի կրտսեր խմբագիր և «Concilium» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։
Ալտաուս-Ռիդն առավել հայտնի է 2002 թվականին գրված «Անպարկեշտ աստվածաբանություն»[7] աշխատությամբ, որում նա մարտահրավեր է նետել ֆեմինիստներին՝ օգտագործելով սեռական բացահայտ ձևակերպումներ։ Նա պնդել է, որ սեքսի գաղափարը ստեղծվել է հայրապետական աշխարհայացքի հիման վրա, որն ընկած է աշխարհի մեծագույն վայրագությունների հիմքում։ Հետևաբար, Մարիամ Աստվածածնի կուսությունը պետք է «ոտնահարվի», քանի որ նա թաքցնում է շատ աղքատ կանանց կյանքեր, որոնք, ըստ նրա, հազվադեպ են կույս լինում[8]։
Նա նաև խոսում է «անպարկեշտ Քրիստոսի» մասին, որով կենոտիկ քրիստոլոգիան խոսում է Աստծո ինքնաոչնչացման և Քրիստոսի մարմնավորման և մարդկային սեռականության մասին։ Նա բացատրում է, որ «[Հիսուսը] աստվածաբանորեն հագնված էր որպես հետերոսեքսուալ ուղղվածություն ունեցող (ողջախոհ) տղամարդ։ Հիսուսը եղծված սեռական օրգաններով է առանց էրոտիկ մարմնի»[9]։ Փոխարենը, նա խոսում է Քրիստոսի երկսեռության մասին, որպես ամբողջ մարմնավորման համապարփակ ըմբռնում։ Նա ցանկանում է հանդես գալ ավելի լայն քրիստոլոգիայի օգտին, որը վերափոխում է Հիսուսին հետմոդեռնային սեռական, գենդերային և տնտեսական պայմաններում։ Սա քննադատություն է Լատինական Ամերիկայի ազատագրական աստվածաբանության նկատմամբ, որը նա համարում էր, որ ի վիճակի չէ անդրադառնալ գենդերային և սեքսուալության հարցերին՝ Ամերիկայի նվաճման և գաղութացման խնդրին զուգահեռ[10]։
|