Մինաս Ավետիսյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 20, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Ջաջուռ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5] |
Վախճանվել է | փետրվարի 23, 1975[6][7] (46 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[5] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1952), Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1954)[4] և Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ (1960)[4] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | աբստրակտ էքսպրեսիոնիզմ |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուսուցիչ | Մարտիրոս Սարյան |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[4] |
Ամուսին | Գայանե Մամաջանյան |
Զավակներ | Նարեկ Ավետիսյան |
Մինաս Ավետիսյան Վիքիքաղվածքում | |
Մինաս Ավետիսյան Վիքիդարանում | |
Minas Avetisyan Վիքիպահեստում |
Մինաս Կարապետի Ավետիսյան (հուլիսի 20, 1928[1][2][3][…], Ջաջուռ, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5] - փետրվարի 23, 1975[6][7], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[5]), հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում (այժմ՝ Հայաստանի Շիրակի մարզում)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում[8]։ Մինասի գեղարվեստական և էսթետական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը և իտալական վերածննդի նկարչությունը, որին ծանոթացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) ուսանելու տարիներին[8]։
Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անդրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն և այլն։ Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-1967 թվականներին ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թվականներին, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
1975 թվականի փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մի քանի օր անց՝ փետրվարի 23-ին[9]։ Նրա մահվան օրը խորհրդային տարիներին համարվել է փետրվարի 24-ը[10][11]։
1928 թվականին Ջաջուռում ծնվել է ապագա նկարիչ Մինաս Կարապետի Ավետիսյանը։ Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր, իսկ մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր[12]։
Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպել է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է եղել նրա համար։
Գեղագիտական կրթությունը նկարիչը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում (1947-1952)։ Մի տարի սովորելուց հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, 1953 թվականին տեղափոխվել է Լենինգրադի Իլյա Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ, որտեղ սովորել է Ա. Զայցևի և Լ. Խուդյակովի արվեստանոցում։ Ավարտել է 1960 թվականին ու վերադարձել է Երևան։ Դիպլոմային աշխատանքի ղեկավարը եղել է Բորիս Յոհանսոնը։
1964 թվականին Մինասը ամուսնանում է նկարչուհի Գայանե Մամաջանյանի հետ։ 1966 թ. ծնվում է առաջնեկը՝ Արմանը։ 1969 թ. ծնված կրտսեր որդին՝ Նարեկ Ավետիսյանը նույնպես նկարիչ է։
1975 թվականի փետրվարի 16-ին նկարիչը Երևանում ենթարկվել է ավտովթարի տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն[10], որը սակայն սովորաբար նշվում է փետրվարի 24-ին[9]։ Մինաս Ավետիսյանի որդին՝ Նարեկ Ավետիսյանն այս առիթով հայտնում է․
Փետրվարի 23-ը սովետական բանակի օրն էր։ Ամեն ինչ իրենք ցենզուրայի էին ենթարկում։ Պաշտոնապես հայտարարել էին, որ 24-ին է։ Հիմարություն։ - Նարեկ Ավետիսյան[9]
|
Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են ամբողջությամբ չպարզված[15]։
Մինասը՝ համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, միանգամից ուշադրություն է գրավում իր անսովոր մտածողությամբ։ 1960 թվականին անհատական ցուցահանդեսից հետո, կարծիքները հակասական էին։ Որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին։ Նկարչի հիմնական թեմաներից մեկը Ջաջուռի բնաշխարհն է, այն տունը, որտեղ ծնվել է նկարիչը, մայրը՝ դռան շեմքին կանգնած, ձեռքերը խաչած («Շեմքին», 1975, Ժամանակակից արվեստի թանգարան, Երևան), հայրենի լեռները, բնաշխարհը։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան՝ Մինասը մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։
Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը…
Մանկության օրերին գյուղում ստացած տպավորություններից են բխում նկարչի ամենավառ ու գունեղ կոմպոզիցիոն կտավները. («Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը» և այլն)։ Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ջաջուռյան պատկերաշարը։ «Ջաջուռ» բնանկարը (1960 թ. Կտավ, յուղաներկ, Ժամանակակից արվեստի թանարան, Երևան) սինթեզն է այն առավել արժեքավորի, որ նկարիչը ձեռք է բերել բնությունը պատկերող իր բազմաթիվ կտավներում։
Ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ։
Մինասը հայտնի է նաև իր բազմաթիվ դիմանկարներով (ինքնանկարները, ակադեմիկոս Արմեն Թախտաջյանի, Կոստան Զարյանի, Մարտիրոս Սարյանի և այլոց դիմանկարները)
Մինասը իր որմնանկարները ստեղծել է 1970-1974 թվականներին։ Երևանում, Գյումրիում, Վահրամաբերդ գյուղում ստեղծել է թվով 20 որմնանկարներ, որոնց ընդհանուր տարածությունը հասնում է հինգ հարյուր քառակուսի մետրի [փա՞ստ]։ 1988 թվականին Սպիտակի երկրաշարժի պատճառով որմնանկարները կրում են մասնակի կորուստներ։ Փլուզվում կամ վթարային են դառնում այն շենքերը, որտեղ գտնվում են որմնանկարները։
Բացառությամբ «Աղբյուրի մոտ» և «Լեռներում» որմնանկարների, մնացած որմնանկարները գտնվում են աղետալի վիճակում և ոչնչացման եզրին են[16]։ 2009 թվականին «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը իտալացի մասնագետների կողմից հաջողությամբ տեղափոխվում է Ջաջուռ գյուղի Մինասի թանգարանը[17][18][19]։
2010 թվականի հունիսից կրկին իտալացի մասնագետների օգնությամբ սկսվում են «Խաչքարի մոտ» և «Հանդիպում» որմնանկարների տեղափոխումը և ռեստավրացիան Գյումրիի էլեկտրատեխնիկական գործարանի ճաշարանից։ Նոյեմբերին այդ որմնանկարները տեղափոխվում են Հայաստանի կառավարության շենք[20]։
Գծանկարչությանը անդրադարձել է կյանքի վերջին տարիներին։ «Իմ մայրը», «Պատշգամբում», «Տեսիլ», «Զրույց», «Նարեկացու ընթերցում»։
1969 Նկարահանվել է Միքայել Վարդանովի Հայկական հողի գույնը ֆիլմում։
Մինասն աշխատել է նաև կինոյում, որպես Յուրի Երզնկյանի և Էռնեստ Մարտիրոսյանի «Այս կանաչ, կարմիր աշխարհը» ֆիլմի նկարիչ։
Մինասի խառնվածքը ուժեղ է, վառ... Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը։ |
Մինաս Ավետիսյանի տունը և արվեստանոց-թանգարանը գտնվում են Երևանի Նալբանդյան փողոցում։ Տարբեր տարիների այստեղ հյուրընկալվել են Արամ Խաչատրյանը, Եվգենի Չանգան, Եժի Կավալերովիչը, Վիլիամ Սարոյանը և այլք[22]։
Հայրենի Ջաջուռում 2005 թվականից վերաբացվել է Մինասի Տուն-թանգարանը, որը փլվել էր 1988 թվականի ավերիչ երկրաշարժի հետևանքով[23]։ Մինչև 2008 թվականը թանգարանում ցուցադրվում էին բացառապես կրկնօրինակներ։ 2008 թվականին թանգարանում բացվեց նկարչի բնօրինակների ցուցադրությունը՝ շուրջ 30 կտավ, որն ամենամեծաքանակն է Հայաստանում։
Մինասի նկարները ցուցադրվում են նաև Հայաստանի Ազգային Պատկերասրահում, Երևանի Ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի Արևելքի երկրների արվեստի թանգարանում, Ռուսաստանի այլ պատկերասրահներում, Հայաստանի, Լիբանանի, Սիրիայի, Ֆրանսիայի, ԱՄՆ–ի և այլ երկրների մասնավոր հավաքածուներում, և նկարչի ընտանիքի հավաքածուում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 613)։ |
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաս Ավետիսյան» հոդվածին։ |
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաս Ավետիսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մինաս Ավետիսյան» հոդվածին։ |
|