Միսս Բեյքեր | |
---|---|
![]() Միսս Բեյքերը կրող հրթիռի մոդելով | |
Տեսակ | առանձնյակ |
Ծնվել է | 1957 |
Ծննդավայր | Իկիտոս, Պերու |
Սատկել է | նոյեմբերի 29, 1984 |
Սատկելու վայր | ԱՄՆ |
Թաղվել է | U.S. Space & Rocket Center |
![]() |
Միսս Բեյքեր (անգլ.՝ Miss Baker, 1957, Իկիտոս, Պերու - նոյեմբերի 29, 1984, ԱՄՆ), էգ սկյուռակապիկ, որը Էյբլ (անգլ.՝ Able) էգ ռեզուս մակակի հետ տիեզերք է արձակվել Կանավերալի հրվանդանից 1959 թվականի մայիսի 28-ին[1]։ Սրանք առաջին կապիկներն էին, որոնք տիեզերք թռչելուց հետո վերադարձել են Երկիր։
Միսս Բեյքեր սկյուռակապիկը և Էյբլ ռեզուս մակակը տիեզերք են ուղարկվել Կանավերալի հրվանդանից 1959 թվականի մայիսի 28-ին։ Կապիկները բարեհաջող վայրէջք են կատարել։ Թռիչքը ենթաուղեծրային էր, և նրանք դարձել են առաջին կապիկները, որոնք տիեզերքից վերադարձել են Երկիր։ Էյբլը սատկել է վայրէջքից անմիջապես հետո, երբ բժիշկները նրա մարմնից հեռացրել են ներընտելացված տվիչները․ նա չի դիմացել անզգայացմանը։
Բեյքերը մինչև 1971 թվականն ապրել է Ֆլորիդայի ռազմածովային օդատիեզերական բժշկական կենտրոնում (անգլ.՝ Naval Aerospace Medical Center, Պենսակոլա)[2], այնուհետև՝ Ամերիկյան հրթիռատիեզերական կենտրոնում (Հանթսվիլ, Ալաբամա), որտեղ նա զվարճացրել է թանգարանի այցելուներին և դպրոցականներից օրական ստացել է 100-150 նամակ[3][4]։ Բեյքերն ապրել է մինչև 1984 թվականը և սատկել 27 տարեկանում[5][6][7]։
Միսս Բեյքերը հայտնվել է Life ամսագրի 1959 թվականի հունիսի 15-ի համարի շապիկին։ 1962 թվականին կայացել է պսակադրության արարողություն, և միսս Բեյքերը դարձել է Մեծ Ջորջ անունով պրիմատի կինը[8]։ Մեծ Ջորջը սատկել է 1979 թվականի հունվարի 8-ին։ Դրանից երեք ամիս անց Միսս Բեյքերը դարձել է Նորման անունով պրիմատի կինը։ Միսս Բեյքերը հրաժարվել է սպիտակ հարսանեկան զգեստ հագնելուց՝ պատռելով այն[9][10]։
Տիեզերական թռիչքի 25-ամյակի տոնակատարության շրջանակներում Բեյքերին հյուրասիրել են նրա սիրելի ուտելիքները՝ ելակ, բանանով ժելատին, հազարավոր մարդկանցից նա ստացել է երկար տարիների կյանքի մաղթանքներ[11]։
Բեյքերն ապրել է շատ երկար և սատկել երիկամների անբավարարությունից։ Թռիչքից նույնիսկ կես դար անց երախտապարտ երկրպագուները ծաղիկների փոխարեն նրա տապանաքարի վրա բանան են դնում[5][12]։