Մոսես Գոլդբերգ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 30, 1905 Ռույիենա, Լատվիա |
Մահացել է | փետրվարի 17, 1964 (58 տարեկան) Մոնտկլեր, Էսեքս շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քիմիկոս |
Գործունեության ոլորտ | քիմիա |
Ալմա մատեր | Տարտուի համալսարան |
Գիտական ղեկավար | Լեոպոլդ Ռուժիչկա |
Պարգևներ | Վերների մրցանակ, Վերների մեդալ Շվեյցարիայի քիմիական միության կողմից (1940)[2] |
Մոսես Վոլֆ Գոլդբերգ (էստ․՝ Moses Wolf Goldberg, 30 հունիսի, 1905, Ռույիենա - 17 փետրվարի, 1964, Մոնտքլեր), հրեական ծագմամբ էստոնացի քիմիկոս։ 1949 թվականին Լեո Շտերնբախի հետ համատեղ մշակել է բիոտինի սինթեզման գործընթացը։
Մոսես Վուլֆ Գոլդբերգը ծնվել է 1905 թվականի հունիսի 30-ին Լատվիայի Ռույիենա քաղաքում։ Նրա ծնունդից կարճ ժամանակ անց ընտանիքը տեղափոխվում է Էստոնիայի Վիռու քաղաք։ Գոլդբերգը Տարտուում ավարտել է գերմանական դպրոց, իսկ 1923-1924 թվականներին սովորել է Տարտուի համալսարանում[3]։ Հետագայում կրթությունը շարունակել է Ցյուրիխի Շվեյցարական բարձրագույն տեխնիկական դպրոցում, որն ավարտելիս ստացել է քիմիկոս-ինժեների դիպլոմ։ Դոկտորական աշխատանքը կատարել է Լեոպոլդ Ռուժիչկայի ղեկավարությամբ[4], նրա գործընկերներն են եղել այնպիսի հայտնի քիմիկոսներ, ինչպիսիք են Տադեուշ Ռեյխշտեյնը, Գեորգ Ռոզենկրանցը և Լեո Շտերնբախը։ Նրա աշխատանքը, որը վերնագրված էր «Versuche zur Synthese Ephedrin-ähnlicher Körper» («Էֆեդրինանման միացությունների սինթեզման գիտափորձ»), պաշտպանվել է 1931 թվականին[3]։ 1935 թվականին Գոլդբերգn անցել է հաբիլիտացիայի գործընթացը։ Շվեյցարիայի քիմիական միությունը 1940 թվականին նրան շնորհել է Վերների մրցանակ և մեդալ[2]։
1942 թվականին Մոսես Գոլդբերգը մեկնել է ԱՄՆ[5] և աշխատանքի տեղավորվել Նյու Ջերսիում՝ «Hoffmann-La Roche» ընկերության գլխավոր բաժանմունքում։ Լեո Շտերնբախի հետ համատեղ նա 1949 թվականին արտոնագրում է բիոտինի սինթեզման գործընթացը[6]։ Ընկերությունում աշխատելու տարիներին Մոսես Գոլդբերգը ստացել է մի քանի արտոնագրեր, զբաղվել է հակաբիոտիկներով ու այլ դեղամիջոցներով։
Մոսես Գոլդբերգը մահացել է 1964 թվականի փետրվարի 17-ին 58 տարեկան հասակում[7]։
Մոսես Վուլֆ Գոլդբերգի ծնողները՝ Մեյեր Իցիկ Գոլդբերգն ու Կայլա Հաննա Գիբերմանը, ծնվել են Լատվիայի Բաուսկա քաղաքում։ Նրանք ամուսնացել են Ռիգայում 1904 թվականին։ Մոսես Գոլդբերգն ուներ կրտսեր եղբայր՝ Լեոն (ծնվել է 1907 թվականին)[8], որը նաև սովորում էր Տարտուի համալսարանում[9], և քույր՝ Միրիամը (ծնվել է 1909 թվականին)[10]։ Մոսես Գոլդբերգի հայրը՝ Մեյեր Իցիկ Գոլդբերգը, աքսորվել է Սիբիր ու սպանվել կամ մահացել 1941 թվականի դեկտեմբերին[11]։ Մայր՝ Կայլա Հաննա Գոլդբերգը, և հարսը (եղբոր կինը)՝ Էռնա Ֆուրման Գոլդբերգը, աքսորվել են Նեդոստուպնի[12] (Սիբիրում՝ Տոմսկի շրջանում) և հավանաբար սպանվել են այնտեղ։ Քույրը՝ Միրիամը, ամուսնու՝ Լեո Քլիոնսկու հետ փախել է Տաշքենդ[13][14]։ Լեո Քլիոնսկին պատերազմից հետո վերադարձել է Էստոնիա, իսկ Միրիամի ճակատագիրը հայտնի չէ։ Լեո Գոլդբերգը 1941 թվականին չի աքսորվել. նրա ճակատագիրը նույնպես հայտնի չէ[12]։
Մոսես Վուլֆ Գոլդբերգը մոտ 1928 թվականին ամուսնացել է շվեյցարացի Ռեգինա Հաուզերի հետ։ 1942 թվականին հունվարին նրանք մեկնել են ԱՄՆ Ռեգինայի մոր՝ Իդա Հաուզերի հետ միասին[15]։ Նրանք երեխաներ չեն ունեցել։
{{cite journal}}
: Cite uses deprecated parameter |authors=
(օգնություն)