Յուսեֆինա Դելանդ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 1, 1814[1] |
Ծննդավայր | Հորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] |
Մահացել է | մարտի 8, 1890[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[1] |
Քաղաքացիություն | Շվեդիա |
Մասնագիտություն | գրող, ուսուցչուհի և կանանց իրավունքների պաշտպան |
Ծնողներ | հայր՝ Louis Deland?[1] |
Յուսեֆինա Դելանդ (շվեդ.՝ Josefina (Josephine) Deland, հոկտեմբերի 1, 1814[1], Հորֆյորսամգլինգեն, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1] - մարտի 8, 1890[1], Փարիզ[1]), շվեդ գրող, իրավապաշտպան, ֆեմինիստ, ֆրանսերենի ուսուցչուհի։ Շվեդիայի թոշակառու ուսուցիչների ասոցիացիայի (շվեդ.՝ Svenska lärarinnors pensionsförening) հիմնադիր և նախագահ (1855-1859 թվականներին)։
Յուսեֆինա Դելանդը բալետի դերասան Լուի Դելանդի և դերասանուհի Մարիա Դելանդի դուստրն է։ Նրա հայրը, որ լյուքսեմբուրգյան արմատներ ուներ, մի քիչ ֆրանսերեն գիտեր. ինքը, Յուսեֆինան, Ֆրանսիա է մեկնել վաղ տարիքում։ Արդյունքում նա դարձել է ֆրանսերենի ուսուցչուհի Ստոկհոլմում, իսկ 1839 թվականին հրատարակել է իր գիրքը ֆրանսերենով։
Դելանդն ուսուցչի աշխատանքից բացի ակտիվորեն զբաղվել է հասարակական գործունեությամբ` դառնալով շվեդ առաջին ֆեմինիստուհիներից մեկն այն պատմական ժամանակաշրջանում, երբ երկրում գոյություն չուներ կանանց իրավունքների համար կազմակերպված պայքար։ 1852 թվականին սկսել է հանրային քննարկում առ այն, որ պետությունը թոշակ չի հատկացնում կին ուսուցիչներին և դաստիարակներին, որոնք հաճախ են հայտնվում աղքատության շեմին։ 1855 թվականին նրա ջանքերի շնորհիվ ստեղծվել է պետական Svenska lärarinnors pensionsförening ֆոնդը։ Սակայն նրա առաջնային պահանջը, որը վերաբերում էր ֆոնդի` կանանց կողմից հիմնադրված լինելուն, ինչպես նաև` նրա «ագրեսիվ» պահվածքը ծաղրվել ու մերժվել է զանգվածային լրատվամիջոցների կողմից, և բանավեճը երկար ժամանակ հիշվել է նրա «Ոչ մի տղամարդ, ոչ մի տղամարդ» խոսքերով[2]։ Յուսեֆինան ժամանակակիցների կողմից բնութագրվել է որպես «կրքոտ ու գրավիչ կին, որի տղամարդկային պահվածքը զազրելի տպավորություն կթողներ ներկաների վրա, եթե միայն այն չմեղմվեր նրա մազերի ոսկե փայլով ու նրա աչքերի վառ խաղով»[2]։
1859 թվականին Դելանդը հեռացել է Շվեդիայից` մեկնելով Ֆրանսիա։ Կենսաթոշակային ֆոնդի նախագահի պաշտոնում նրան փոխարինել է հասարակական գործիչ Սոֆյա Ահլբոմը։
Նույն տարի Օգոստ Սաֆսթրյումի Mamsell Garibaldi eller Inga herrar, inga herrar! (Մամսել Գարիբալդին կամ Ոչ մի տղամարդ, ոչ մի տղամարդ) պիեսը ցուցադրվել է Ստոկհոլմի Հումլեգարդ թատրոնում, որը ծաղրանկարում էր Յուսեֆինա Դելանդին։
|