Նավակում ֆր.՝ En bateau | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Էդուարդ Մանե |
տարի | 1874 |
բարձրություն | 97,2 |
լայնություն | 130,2 |
ուղղություն | ռեալիզմ և իմպրեսիոնիզմ |
ժանր | կենցաղային ժանր |
նյութ | յուղաներկ, կտավ |
գտնվում է | Մետրոպոլիտեն թանգարան[1] |
հավաքածու | Մետրոպոլիտեն թանգարան[2] |
սեփականատեր | Louisine Havemeyer?[1] |
պատկերված են
| |
Ծանոթագրություններ |
Նավակում (ֆր.՝ En bateau,անգլ.՝ Boating), ֆրանսիացի նկարիչ Էդուարդ Մանեի կտավը՝ նկարված 1874 թվականին։ Այժմ այն պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում[3][4]։
«Նավակում» կտավը ստեղծվել է 1874 թվականի ամռանը, որը Մանեն անցկացրել է Փարիզի հյուսիս-արևմուտքում գտնվող Ժենվիլյե արվարձանում՝ Արժանտյոյից ոչ հեռու, որտեղ էլ ապրում էր Կլոդ Մոնեն իր ընտանիքով[4]։
Նկարը ցուցադրվել է 1879 թվականին Փարիզի սալոնում, որտեղ 1500 ֆրանկով այն ձեռք է բերել հավաքորդ Վիկտոր Անտուան Դեֆոսեն (ֆր.՝ Victor Antoine Desfossés)։ 1895 թվականի մայիսին կտավը Դեֆոսենից 25,000 ֆրանկով գնել է Պոլ Դյուրան-Ռյուելը (Paul Durand-Ruel) և նույն թվականի սեպտեմբերին էլ 55,000 ֆրանկով վաճառել Նյու Յորքի ձեռնարկատեր և հավաքորդ Հենրի Օսբորն Հեվեմայերին (Henry Osborne Havemeyer)։ Վերջինիս մահից հետո՝ 1907 թվականին, նկարը մնաց նրա կնոջը, նրա մահից հետո էլ՝ 1929 թվականին, կտակի համաձայն, փոխանցվեց Մետրոպոլիտեն թանգարանին[3]։
Կտավում պատկերված են տղամարդ և երիտասարդ կին՝ նստած առագաստանավում։ Տղամարդը նստած է նավեզրի մոտ՝ ղեկի առաջ, և ձախ ձեռքով կառավարում է այն։ Կինը կիսահենված է նավակի եզրին։ Նկարը այնպես է մտածված, որ կերպարները առավելագույնս մոտեցված են հանդիսատեսին՝ շնորհիվ այն բանի, որ նավակի առաջամասը նկարում պատկերված չէ. երևում են միայն հետնամասը և առագաստի մի փոքր հատված։ Այդպիսով՝ հանդիսատեսի մոտ այնպիսի տպավորություն է առաջանում, որ ինքը գտնվում է նավակում[5]։
Նավակի հետևում երևում է կապույտ-փիրուզագույն ջուրը, որը կազմում է կտավի ֆոնը։ Գունային բաց երանգների օգտագործումը օգնում է փոխանցելու օդի թարմությունն ու թափանցիկությունը։ Կտավը իմպրեսիոնիստական ոճով է. փոխանցում է շարժման զգացողություն, միաժամանակ ընդգծում կերպարների և շրջապատող միջավայրի միասնությունը[5]։
Մանեի ստեղծագործությունն ուսումնասիրողները կարծում են, որ տամարդու բնորդը նկարչի կնոջ եղբայրն է՝ Ռոդոլֆ Լեենհոֆը (Rodolphe Leenhoff)[3][4]: Թե ով է պատկերված կնոջ համար բնորդ եղել, պարզ չէ, չնայած կան ենթադրություններ, որ նա նկարչի առաջին կինն է՝ Քամիլա Դոնսյեն (Camille Doncieux)[6]:
Նկարչուհի Մերի Կեսսետը, ով խորհուրդ է տվել հավաքորդ Հեվեմայերին գնել այս նկարը, այն անվանել է գեղանկարչության վերջին խոսք (անգլ.՝ the last word in painting)[4]:
|