Շելբի Սթարներ | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1984 East Stroudsburg, Մոնրո շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մահացել է | հունիսի 22, 2003 (19 տարեկան) Bartonsville, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Ժանրեր | փոփ |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Warner Bros. Records |
Շելբի Է. Սթարներ (անգլ.՝ Shelby E. Starner, հունվարի 3, 1984, East Stroudsburg, Մոնրո շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ - հունիսի 22, 2003, Bartonsville, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի երգիչ-երգահան և երաժիշտ։ Նա պայմանագիր է կնքել Warner Bros. Records-ի հետ 1997 թվականին, թողարկել է իր պաշտոնական դեբյուտային «Don't Let Them» սինգլը երկու տարի անց։ Սթարները թողարկել է իր դեբյուտային ստուդիական «From in The Shadows» ալբոմն ավելի ուշ, 1999 թվականին, սակայն այն կոմերցիոն հաջողություն չի ունեցել։ 2000 թվականին Սթարներն աշխատել է երկրորդ ալբոմի վրա, սակայն այն երբևէ չի թողարկվել։ Դժգոհ լինելով Warner Bros. Records-ից` Սթարները դադարեցրել է իր պայմանագիրը։ 2003 թվականի հունիսին Սթարները հանկարծամահ է եղել իր տանը` նյարդային բուլիմիայի բարդությունների պատճառով։
Շելբի Է. Սթարները ծնվել է 1984 թվականի հունվարի 3-ին[1], Արևելյան Սթրոուդսբորգում։ Նա ուներ խորթ մայր` Սյուզան Լարոուզը և խորթ հայր` Ալեն Բեննը, ինչպես նաև` կրտսեր քույր` Էմիլի Պ. Բեննը և խորթ եղբայր` Վիլլի Լարոուզը։ Սթարները բնակվել է Բարթոնսվիլում։ Նա սկսել է բանաստեղծություններ և երգեր գրել 11 տարեկանում։
12 տարեկան հասակում Սթարները գրել է իր կողմից «ընդունելի» համարվող առաջին, «Straight A Student» վերնագրով երգը։ Այն պատմում էր իր 17-ամյա ընկերոջ մասին, որը մահացել էր` հարբած մեքենա վարելիս։ Ավելի ուշ, 1996 թվականի դեկտեմբերին, իր հոր շնորհիվ ձայնագրել է իր օրիգինալ երգերի չորս դեմո տարբերակները[2]։ Ընտանիքի ընկերներից մեկը ցույց է տվել դեմո տարբերակները Warner Bros. Records-ի ղեկավարներին։ 1997 թվականի դեկտեմբերին Սթարները Warner Bros. Records-ի հետ ձայնագրության գործարք է կնքել։ Այն կազմված էր վեց ալբոմի վերաբերյալ պայմանագրից, որն արժեր ավելի քան 5 միլիոն դոլար[3]։ Նրա մամուլի ներկայացուցիչն էր Ուորներսի հրապարակայնության հարցերով այն ժամանակվա փոխնախագահ Լիզ Ռոզենբերգը։
Սթարները երաժշտական տեսահոլովակ է նկարահանել իր առաջին` «Don't Let Them» սինգլի համար։ Նա թողարկել է իր առաջին դեբյուտային From the Shadows ալբոմը 1999 թվականին՝ Warner Bros. Records-ի միջոցով։ Ալբոմը լավ է ընդունվել հանրության կողմից, բայց կոմերցիոն հաջողություններ չի ունեցել։ Պրոդյուսերը Քրեյգ Սթրիթն էր, ալբոմում ներկայացված էր 13 երգ։ "You" խորագրով հարաբերություններում վստահության և հավատարմության բացակայության մասին Սթարների երգը ցուցադրվել է Dawson's Creek-ի գովազդներում։ Լուսաբանվել է Billboard-ում, Newsweek-ում և USA Today-ում[4]։ Newsweek-ը Սթարներին գնահատել է որպես «փոփի հրաշամանուկ»[5]։ 1999 թվականի փետրվարին Billboard-ը հայտարարել էր, որ գարնան կեսին Սթարները կմեկնի ոչ մեծ համերգային շրջագայության Միացյալ Նահանգներում, իսկ տոմսերի ամրագրման գործակալությունը Monterey Peninsula Artists-ն է։ 1999 թվականի ապրիլին Սթարները սկսել է մինի համերգային շրջագայություն դեպի Հեռավոր Արևելք և Ավստրալիա։ Ավստրալիայում նա հայտնվել է Լարի Էմդուրի «Hey Hey It Saturday» հաղորդման դրվագում։
|