Չարլզ Ուիլիամ Փոստ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 26, 1854[1][2] |
Ծննդավայր | Սփրինգֆիլդ, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 9, 1914[1][2][3] (59 տարեկան) |
Մահվան վայր | Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3] |
Գերեզման | Oak Hill Cemetery[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | սննդաբան |
Ամուսին | Leila Diadema Young? և Ella Letitia Merriweather? |
Ծնողներ | հայր՝ Charles Rollin Post?[5], մայր՝ Caroline Lathrop Post? |
Երեխաներ | Marjorie Merriweather Post? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Չարլզ Ուիլիամ Փոստ (հոկտեմբերի 26, 1854[1][2], Սփրինգֆիլդ, ԱՄՆ - մայիսի 9, 1914[1][2][3], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկյան նորարար, նախաճաշի շիլաների և սննդամթերքի արտադրող, պատրաստի սննդի արդյունաբերության նախակարապետ։ Վերջինս «Post Consumer Brands»-ի հիմնադիրն է։
Փոստը՝ առավել հայտնի որպես «C. W.», ծնվել է 1854 թվականի հոկտեմբերի 26-ին Իլինոյս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում՝ Չարլզ Ռոլլին Փոստի և Քերոլայն Լեթրոպ Փոստի ընտանիքում։ Մեծացել է Աբրահամ Լինքոլնի հայրենիքում, որը Փոստի մանկության տարիներին Միացյալ Նահանգների նախագահն է եղել[6]։
Փոստն ավարտել է Սփրինգֆիլդի հանրակրթական դպրոցը, ինչից հետո ընդունվել է Իլինոյսի արդյունաբերական համալսարան, որտեղ սովորել է 2 տարի և լքել է համալսարանը առանց բակալավրի աստիճան ստանալու[7]։
Կանզաս նահանգի Ինդիփենդենս քաղաքում կարճ ժամանակ անցկացնելուց հետո, Փոստը վերադարձել է Սփրինգֆիլդ, որտեղ ավելի քան տասը տարի վաճառել և արտադրել է գյուղատնտեսական տեխնիկա։ Այս ժամանակահատվածում Փոստը ստեղծել և արտոնագրել է գյուղատնտեսական մի քանի գործիքներ և մեքենաներ՝ գութան, ցաքան և խոտ հավաքելու մեքենա[7]։
1874 թվականի նոյեմբերին Փոստն ամուսնացել է Էլլա Լեթիսիա Մերրիուեդերի հետ։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Մարջորի անունով։ Էլլան աջակցել է Փոստին նրա գործունեության ամբողջ ընթացքում և հոգ է տարել, երբ վերջինս վատառողջ է եղել։ Հենց Փոստը դարձել է ավելի հարուստ և սկսել է քիչ ժամանակ անցկացնել Էլլայի հետ, որը շատ հաճախ վատառողջ է եղել, նրանց հարաբերությունները սկսել են մարել։ 1904 թվականի նոյեմբերին, Էլլայի կամքին հակառակ՝ Փոստը բաժանվել է նրանից և ամուսնացել իր 27 տարեկան քարտուղարուհու՝ Լեյլա Յանգի հետ, որը նրա երկրորդ կինն էր[7]։ Մարջորին, որը կապված էր հոր հետ, մոր մահի պատճառ էր համարել նրա «կոտրված սիրտը», ինչի մեղավորը Փոստն էր, որը բաժանվել էր կնոջից և ամուսնացել իր քարտուղարուհու հետ[8]։ Իր քարտուղարուհու և դստեր հարաբերությունները լավացնելու նպատակով Փոստը դիմել է խարդախության՝ Մարջորիի ճանապարհորդությանը մասնակից դարձնելով Լեյլային։ Այդ ամենը հասկանալուց հետո Մարջորին խորապես սկսել է ատել Լեյլային։
1885 թվականի նոյեմբերին սթրեսի և գերծանրաբեռնվածության պատճառով՝ ինչը սկսել էր ուղեկցել նրան դեռևս գյուղատնտեսական գործիքների և մեքենաների արտադրելիս, Փոստը հոգեբանական խանգարում է ստացել։ Այդքանից հետո Փոստը որոշել է վերջ դնել իր սովորական ապրելակերպին և 1886 թվականին տեղափոխվել է Տեխաս՝ Ֆորտ-Ուերտ, որտեղ սկսել է համագործակցել մի խումբ անշարժ գույքի առքուվաճառքով զբաղվող մարդկանց հետ, ովքեր Ռիվերսայդ շրջանի արևելյան մասում փորձում էին նոր համայնք հիմնադրել։ 1888 թվականին Ֆորտ-Ուերտում Փոստը սկսել է ինքնուրույն զբաղվել անշարժ գույքի առքուվաճառքով իր սեփական 200 ակր (81 հա) տարածքում․ նա նախագծել է փողոցներ և տներ, ինչպես նաև կառուցել է 2 ջրաղաց[7]։
Հերթական սթրեսն իր հետևանքներն է ունեցել Փոստի վրա՝ 1891 թվականիննա երկրորդ անգամ է հոգեբանական խանգարում ստանում[7]։Փոստը սկսում է ճանապարհորդել աշխարհով մեկ՝ բուժվելու նպատակով․նա մասնավորապես հետաքրքրված էր մարսողության քիմիայով[6]։ Եվրոպայում ճանապարհորդելուց հետո Փոստն այցելել է Միչիգան՝ «Բեթլ Քրիք» առողջարան, որի ղեկավարն էր Ջոն Հարվեյ Քելլոգը («Քելլոգ» կազմակերպության հիմնադիր Ուիլլ Քեյթ Քելլոգի եղբայրը)։ Փոստը մեղադրվել է Քելլոգի մի քանի բաղադրատոմս գողանալու մեջ․ դրանք են՝ Քելլոգի կարամելով սուրճի համով շիլան, եգիպտացորենի փաթիլները և խաղողով շոկոլադապատ գնդիկները[9][10]։
1895 թվականին Փոստը հիմնադրել է «Postum Cereal» կազմակերպությունը՝ ներկայացնելով իր առաջին արտադրանքը՝ «Postum» հացահատիկային խմիչքը։ 1897 թվականին թողարկվել է Փոստի՝ նախաճաշի համար նախատեսված առաջին շիլան, որը վերջինս անվանել էր «Grape-Nuts»՝ արտադրական գործընթացի ժամանակ օգտագործված մրգային բույրի և խրթխրթան ընկույզի պատճառով։ 1904 թվականին Փոստը «Grape-Nuts» լեյբլին կցել է եգիպտացորենի փաթիլների ապրանքանիշ, որը, մինչև 1908 թվականին «Post Toasties» անվանափոխվելը կոչվում էր «Elijah's Manna»[11]։ Բրիտանական կառավարությունը չի թույլատրել Փոստին վաճառել իր արտադրանքը՝ «Elijah's Manna» անվանումը սրբապիղծ համարելու պատճառով[12]։
1906 թվականին իր արտադրանքներից ստացած եկամուտի զգալի մասը Փոստը ներդրել է Տեխասի անշարժ գույքի մեջ՝ գնելով 225,000 ակր (91,000 հա) տարածք Գարզա և Լին շրջաններում: Փոստը նախագծել է նոր քաղաք, որն անվանել է «Post City»։ Գարզա շրջանի նոր նստավայրի համար տնկվել են ստվերային ծառեր, նախագծվել են ֆերմերային հողատարածքներ և կառուցվել են հյուրանոցներ, դպրոցներ, եկեղեցիներ և հանրախանութներ[7]։ 1907 թվականին «Collier's Weekly» շաբաթաթերթը հրապարակել է մի հոդված, որը կասկածի տակ էր դնում գովազդներում արված այն պնդումը, որ «Grape-Nuts»-ը կարող է բուժել ապենդիցիտը: Փոստը պատասխանել է գովազդներով, որոնք կասկածի տակ են դրել հոդվածի հեղինակի մտավոր կարողությունները, իսկ «Collier's Weekly»-ն դատի է տվել նրան զրպարտության համար: Գործն ուսումնասիրվել է 1910 թվականին, և Փոստը տուգանվել է 50000 դոլարով։ Որոշումը չեղարկվել է բողոքարկման ժամանակ, սակայն «Postum»-ի արտադրանքի գովազդները դադարեցրել են նման հայտարարություններ անելը[13]։
Փոստը արհմիութենական շարժման խիստ հակառակորդ էր և Արդյունաբերողների ազգային ասոցիացիան հիշում էր նրան որպես մեկի, որը «խստորեն դեմ էր բոյկոտներին, գործադուլներին, լոկաուտներին, պիկետներին և գործատուի ու աշխատողի հարաբերություններում հարկադրանքի այլ ձևերին»: Փոստը նաև արհմիությունների առաջատար հանրային ջատագով է եղել[6]: Այնուամենայնիվ, որպես փոխհատուցում, Փոստը վճարել է ամենաբարձր աշխատավարձերը և տրամադրել է բոնուսներ և նպաստներ: Բեթլ Քրիք քաղաքի մոտակայքում նա կառուցել է տներ, որոնք վաճառվում էին աշխատակիցներին որոշակի պայմաններով[14]։
1913 թվականի վերջին Փոստի առողջական վիճակի վատթարացման պատճառով նա չեղարկել է բոլոր հանրային ելույթները[15]:
1914 թվականի մարտի սկզբին կարծիք է տարածվել, որ Փոստը տառապում է ապենդիցիտով։ Կալիֆորնիայից ուղիղ գնացքով նրան տեղափոխել են Մինեսոտա նահանգի Ռոչեստեր քաղաքում գտնվող Մայո կլինիկա, որպեսզի վերջինս վիրահատվի Ուիլյամ և Չարլզ Մայոների կողմից, ովքեր այդ ժամանակ համարվում էին երկրի առաջատար վիրաբույժներ: 1914 թվականի մարտի 5-ից մինչև մարտի 10-ը Մայո եղբայրները հաջողությամբ վիրահատել են Փոստին, սակայն, ըստ «American Empress: The Life and Times of Marjorie Merriweather Post» գրքի՝ Փոստի որովայնի ցավը շարունակվել է[16][17]:
Վիրահատությունից հետո Փոստը՝ որովայնի շարունակական ցավով, վերադարձել է իր տուն՝ Կալիֆորնիա նահանգի Սանտա Բարբարա քաղաք։ 1914 թվականի մայիսի 9-ին Փոստն ինքնասպանություն է գործել՝ ինքն իրեն կրակելով։ Վերջինս 59 տարեկան էր[16]։ Փոստը թաղվել է Բիթլ Քրիքում՝ «Oak Hill» գերեզմանատանը։
Փոստի 27 տարեկան դուստր Մարջորի Մերիուեդեր Փոստը ժառանգել է իր հոր կազմակերպությունը, ինչպես նաև նրա ունեցվածքի մեծ մասը, որը 20-րդ դարի ամենամեծ ունեցվածքներից էր[16][18]։
Հետագայում Մարջորի Մերիուեդեր Փոստն ամուսնացել է ֆինանսիստ Էդվարդ Ֆրենսիս Հաթթոնի հետ և ստացել է 177 ակր (72 հա) տարածքով կալվածք Լոնգ Այլենդի Հյուսիսային ափին՝ «Հիլվուդ» անվանումով: 1951 թվականին Մարջորին 200,000 դոլարով վաճառել է իր կալվածքը «Լոնգ Այլենդ» համալսարանին, որը 1954 թվականին հիմնադրել է իր բնակելի «C.W. Post» քոլեջը՝ Փոստի 100-ամյակի կապակցությամբ։ «C.W. Post» քոլեջը, որը որոշ ժամանակ կոչվել է «C.W. Post» կենտրոն, ապա «C.W. Post» կամպուս, այժմ կոչվում է «LIU/Post» և ունի մոտ 8,500 հեռակա և առկա կարգով սովորող ուսանող և 100,000-ից ավել շրջանավարտ[19]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործված «Լիբերթի» նավն անվանվել է Փոստի պատվին։
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)