Չինական դար (պարզեցված չինարեն՝ :中国世纪, ավանդական չինարեն՝ :中國世紀, փինյին՝ : Zhōngguó shìjì), նորաբանություն, ըստ որի ենթադրվում է, որ 21-րդ դարում համաշխարհային մասշտաբով տնտեսապես և քաղաքականապես կարող է գերակայող դառնալ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը[1] (ինչպես հայտնի է, տնտեսական ու քաղաքական գերակայության պարագան նկատի առնելով՝ 20-րդ դարն անվանել են ամերիկյան, 18-րդ և 19-րդ դարերը՝ բրիտանական)[2]։ «Չինական դար» արտահայտությունը գործածվում է այն կանխատեսմամբ, որ 21-րդ դարում Չինաստանի տնտեսությունը կարող է անցնել ԱՄՆ-ի տնտեսությանը և դառնալ խոշորագույնն ամբողջ աշխարհում[3]։ «Չինական դար»-ը հաճախ գործածվում է որպես «Չինաստանի վերելք» (China's rise կամ rise of China, պարզեցված չինարեն՝ :中国崛起, ավանդական չինարեն՝ :中國崛起, փինյին՝ : Zhōngguó juéqǐ ) եզրույթի հոմանիշ[4][5]։
Չինաստանը հանդես է եկել «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությամբ, որը վերլուծաբանների կարծիքով՝ համաշխարհային գործերում առավել կարևոր դեր խաղալու ռազմավարական փորձ է և սպառնում է հետպատերազմյան դարաշրջանում ԱՄՆ-ի հեգեմոնիային[6][7][8]։ Բացի այդ, Չինաստանը դարձել է Ասիական բանկի և Զարգացման նոր բանկի համահիմնադիր՝ ֆինանսավորման ասպարեզում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մրցակցելու նպատակով[9][10]։ 2015 թվականին Չինաստանը գործի է գցել «Պատրաստված է Չինաստանում 2025» ծրագիրը, որը արտադրական սեկտորի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական պլան է։
Չինաստանի՝ որպես համաշխարհային տնտեսական տերության կայացումը կապված է աշխատող ազգաբնակչության մեծաթիվության հետ։ Այդուհանդերձ՝ հարկ է հաշվի առնել նաև, որ Չինաստանի բնակչությունն ավելի արագ է ծերանում, քան աշխարհի մնացած գրեթե բոլոր երկրներինը։ Ներկայիս ժողովրդագրական միտումները կարող են խոչընդոտել տնտեսական աճին, հասարակական լուրջ հիմնախնդիրներ առաջացնել և սահմանափակել Չինաստանի՝ իբրև համաշխարհային նոր հեգեմոն գործելու հնարավորությունները[11][12][13]։ Կարևոր է նշել նաև, որ Չինաստանի տնտեսական աճն առաջին հերթին պայմանավորված է վերցրած պարտքերով, և դա նույնպես որոշակի վտանգ է պարունակում՝ վարկային դեֆոլտի և ֆինանսական պոտենցիալ ճգնաժամի զգալի ռիսկայնության առումով։
Ըստ The Economist ամսագրի՝ Չինաստանի տնտեսությունը դեռևս 2013 թվականին աշխարհում խոշորագույնն է դարձել գնողունակության պարիտետի (համամասնականության) տեսանկյունից[14]։ Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ արտարժույթի փոխանակման վարկանիշի առումով Չինաստանն ԱՄՆ-ին կարող է անցնել 2028[15] կամ 2026 թվականին, եթե չինական յուանը շարունակի առավել ամրապնդվել[16]։ 2021 թվականի հուլիս ամսվա դրությամբ՝ Bloomberg LP-ի վերլուծաբանները հաշվարկել են, որ Չինաստանը կամ 2030-ական թվականներին կանցնի ԱՄՆ-ին ու կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցեղ երկիրը, կամ երբեք չի հասնի այդ նպատակին։ Որոշ գիտնականներ էլ գտնում են, որ Չինաստանն արդեն իսկ հասել է իր վերելքի գագաթնակետին, և դրան կարող են հաջորդել վերահաս լճացումը կամ անկումը։
Ըստ որոշ գնահատումների՝ Չինաստանի տնտեսությունը խոշորագույնն է եղել 16-րդ, 17-րդ դարերում և 19-րդ դարի առաջին տարիներին[17]։ Ջոզեֆ Ստիգլիցն էլ գտնում է, որ «Չինական դարը» սկսվել է 2014 թվականին[18]։ The Economist-ը, մեջբերելով Չինաստանի 2013 թվականի համախառն ներքին արդյունքի՝ ՀՆԱ-ի ցուցանիշը՝ ըստ գնողունակության պարիտետի (հավասարակշռվածության), իր հերթին պնդում է, որ «Չինական դարը» ամբողջ թափով առաջ է ընթանում[19]։
2013 թվականին Չինաստանը հանդես եկավ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությամբ՝ գրեթե մեկ տրիլիոն ամերիկյան դոլարի ընդհանուր ներդրումների հեռանկարով[20]։ Վերլուծաբանների կարծիքով՝ դա ռազմավարական քայլ էր՝ համաշխարհային գործերում ավելի մեծ դեր ստանձնելու նպատակով[6][7]։ Բացի այդ, Չինաստանը դարձել է Ասիական բանկի և Զարգացման նոր բանկի համահիմնադիր՝ ֆինանսավորման ասպարեզում Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ մրցակցելու նպատակով[9][10]։ 2015 թվականին Չինաստանը գործի է գցել «Պատրաստված է Չինաստանում 2025» ծրագիրը, որը արտադրական սեկտորի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական պլան է և նպատակ է հետապնդում նորացնել չինական արդյունաբերական կարողությունները, աշխատատար արտադրությունները դարձնել տեխնոլոգիապես առավել հագեցված։
2020 թվականի նոյեմբերին Չինաստանն ստորագրել է տարածաշրջանային համընդգրկուն գործընկերության փաստաթուղթ՝ որպես ազատ առևտրի համաձայնագիր[21][22][23] և ի հակակշիռ Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության[24][25][26]։ Որոշ մեկնաբաններ այդ գործարքը գնահատել են որպես Չինաստանի մեծ հաղթանակ[27][28], թեպետ ցույց է տրվել, որ դա Չինաստանի ՀՆԱ-ին 2030 թվականին կարող է հավելել ընդամենը 0.08% (առանց Հնդկաստանի մասնակցության)[29][30]։
Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող (արտաքին քաղաքականության գծով) Ռայան Հասսը կարծիք է հայտնել, որ մեծամասամբ չինական պետական ԶԼՄ-ներն են առաջ տարել, տարածել այն պատումը, թե «Չինաստանն անշեղորեն առաջ է ընթանում և արդեն չափազանց մոտ է երերացող ԱՄՆ-ին հասնելու սահմանագծին»։ Նա հավելել է, որ ավտորիտար համակարգերը չափազանց հաջողակ են իրենց ուժեղ կողմերը ցուցադրելու և թույլ կողմերը քողարկելու գործում։ Քաղաքագետ Մեթյու Քրոյինգը նշել է. «Չինաստանի ղեկավարության հեռատեսությունը ցուցադրելու նպատակով հաճախակի մատնանշվող պլանները՝ «Մեկ գոտի՝ մեկ ուղի» նախաձեռնությունը, «Պատրաստված է Չինաստանում 2025» ծրագիրը Սի Ցզինպինի կողմից հռչակվել են ընդամենը մի քանի տարի առաջ՝ համապատասխանաբար 2013 և 2015 թվականին, և դեռևս չափազանց վաղ է դրանց փառաբանել որպես ռազմավարական պլանավորման փայլուն օրինակների»[31]։
Սան ԴիեգոյիԿալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր, Չինաստանի գծով փորձագետ Բարրի Նոտոնը նշել է. 2019 թվականին Չինաստանի քաղաքային բնակավայրերում տնային տնտեսությունների միջին եկամուտը կազմել է 42,359 յուան, գյուղական բնակավայրերում՝ 16,021 յուան։ Նույնիսկ ըստ գնողունակության հավասարակշվածության (պարիտետի) վերահաշվարկելիս ստացվում է, որ քաղաքային ընտանիքների միջին եկամուտը եղել է ամերիկյան 10 դոլարից մի փոքր ավելի, իսկ գյուղականներինը՝ 4 դոլարից էլ պակաս։ Նոտոնը հարց է տալիս՝ այսպիսի միջին եկամուտներ ունեցող երկրի համար արդյո՝ք խելացի քայլ է նոր տեխնորլոգիներ ներդնելու նպատակով այդքան անհամաչափ ռիսկային ծախսեր կատարել։ Նա մեկնաբանել է, որ թեև զուտ տնտեսական հեռանկարի տեսակետից դա անիմաստ է, չին քաղաքագետները այլ պատկերացումներով ու հաշվարկներով են առաջնորդվում[32]։
Ելակետ ունենալով տարբեր ենթադրություններ ու սցենարներ՝ վերլուծաբանները հաշվարկել են, որ Չինաստանը կամ 2030-ական թվականներին կանցնի ԱՄՆ-ին ու կդառնա աշխարհի խոշորագույն տնտեսություն ունեցող երկիրը, կամ այդ նպատակին երբեք չի հասնի[33]։
↑Elliot, Larry (2020 թ․ դեկտեմբերի 26). «China to overtake US as world's biggest economy by 2028, report predicts». The Guardian. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին. «With the US expected to contract by 5% this year, China will narrow the gap with its biggest rival, the CEBR said. Overall, global gross domestic product is forecast to decline by 4.4% this year, in the biggest one-year fall since the second world war. Douglas McWilliams, the CEBR's deputy chairman, said: "The big news in this forecast is the speed of growth of the Chinese economy. We expect it to become an upper-income economy during the current five-year plan period (2020-25). And we expect it to overtake the US a full five years earlier than we did a year ago. It would pass the per capita threshold of $12,536 (£9,215) to become a high-income country by 2023.»
↑Mahadevan, Renuka; Nugroho, Anda (2019 թ․ սեպտեմբերի 10). «Can the Regional Comprehensive Economic Partnership minimise the harm from the United States–China trade war?». The World Economy. Wiley. 42 (11): 3148–3167. doi:10.1111/twec.12851. ISSN0378-5920. S2CID202308592.
Brown, Kerry (2017) China's World: The Global Aspiration of the Next Superpower. I. B. Tauris, Limited 9781784538095.
Brahm, Laurence J. (2001) China's Century: The Awakening of the Next Economic Powerhouse. Wiley 9780471479017.
Fishman, Ted (2006) China, Inc.: How the Rise of the Next Superpower Challenges America and the World. Scribner 9780743257350.
Jacques, Martin (2012) When China Rules the World: The End of the Western World and the Birth of a New Global Order. Penguin Books 9780143118008.
Overholt, William (1994) The Rise of China: How Economic Reform is Creating a New Superpower. W. W. Norton & Company 9780393312454.
Peerenboom, Randall (2008) China Modernizes: Threat to the West or Model for the Rest?. Oxford University Press 9780199226122.
Pillsbury, Michael (2016) The Hundred-Year Marathon: China's Secret Strategy to Replace America as the Global Superpower. St. Martin's Griffin 9781250081346.
Schell, Orville (2014) Wealth and Power: China's Long March to the Twenty-first Century. Random House Trade Paperbacks 9780812976250.
Shenkar, Oded (2004) The Chinese Century: The Rising Chinese Economy and Its Impact on the Global Economy, the Balance of Power, and Your Job. FT Press 9780131467484.
Shambaugh, David (2014) China Goes Global: The Partial Power. Oxford University Press 9780199361038.