Ռաիսա Ադլեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1872 |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 21, 1962[1] (89 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | Ավստրիա և Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Ամուսին | Ալֆրեդ Ադլեր[2] |
Կուսակցություն | Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն և Ավստրիայի կոմունիստական կուսակցություն |
Երեխաներ | Ալեքսանդրա Ադլեր, Վալենտին Ադլեր, Կուրտ Ա. Ադլեր և Կորնելիա Ադլեր |
Ռաիսա Տիմոֆեևնա Ադլեր (ծննդյան ազգանունը` Էպշտեյն, գերմ.՝ Raissa Timofejewna Adler / Epstein, նոյեմբերի 9, 1872, Մոսկվա, Ռուսական կայսրություն - ապրիլի 21, 1962[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]), ռուս և ավստրիացի ֆեմինիստ, տրոցկիստ։
Հոգեբույժ Ալֆրեդ Ադլերի կինը։
Ռաիսա Ադլերը ծնվել է հրեա վաճառականների ընտանիքում։ Նրա հայրը՝ տոհմական պատվավոր քաղաքացի Տիմոֆեյ Մոիսեևիչ Էպշտեյնը (1850—?), կնոջ՝ Աննա Զախարովնայի և երեխաների հետ բնակվում էր Խլեբնի նրբանցքի թիվ 6 սեփական տանը[3][4]։ 1898 թվականից եղել է Մոսկվայի ռետինային իրերի արտադրության մանիֆակտուրայի վարչության տնօրեն[5]։ Նրա պապը` առաջին գիլդիայի վաճառական Մովսես Տիմոֆեևիչ Էփշտեյնը (1832-?), Տագանրոգից տեղափոխվել է Մոսկվա[6], 1879 թվականին Տագանրոգում բացել է «Մ. Տ. Էպշտեյն և որդիներ» մեխանիկական հաստատությունը, նրան են պատկանել Խլեբնի նրբանցքի թիվ 12, 14 և 16 տները։
Նախնական կրթությունը ստացել է տանը։ 1895 թվականին Ռուսական կայսրությունից մեկնել է Շվեյցարիա, քանի որ իրավունք չի ունեցել բարձրագույն կրթություն ստանալ իր հայրենիքում։ Ցյուրիխում նա երեք կիսամյակ սովորել է կենսաբանություն, 1896 թվականի վերջին հաստատվել է Ավստրիայում՝ Վիեննայում, որտեղ միացել է տեղի ֆեմինիստներին։ Այնտեղ ծանոթացել է Ալֆրեդ Ադլերին և ամուսնացել նրա հետ 1897 թվականին Սմոլենսկում։ Ամուսնության ընթացքում ծնվել է չորս երեխա՝ Վալենտինան (1898), Ալեքսանդրան (1901), Կուրտը (1905) և Կոռնելիան (1909)։ Մտքի և համոզմունքների ազատության հանդեպ իր հավատքի շնորհիվ Ռաիսան կապ է հաստատել Ռուսական կայսրությունից գաղթած հեղափոխականների հետ, իսկ Ռուսաստանից արտագաղթած Ալինա Ֆյուրտմյուլլերի օգնությամբ հանդիպել է Լև Տրոցկու հետ, որի հետ համագործակցել է 1929 թվականից։
Ադլերը Յուլիուս Թանդլերի և Մարգարիտ Հիլֆերդինգի հետ միասին ընդգրկվել է Վիեննայի քաղաքային խորհրդի կանանց կոմիտեի կազմում և դարձել Ավստրիայում աշխատողների համերաշխության միջազգային կոմիտեի համահիմնադիրներից, ինչպես նաև միացել Կարմիր օգնության կոմիտեին և Ավստրիայի կոմունիստական կուսակցությանը։ 1930-ականների սկզբին եղել է Անհատական հոգեբանության ընկերության անդամ։ 1934 թվականի փետրվարին քաղաքացիական պատերազմից հետո նա ձերբակալվել է իր հայացքների համար և երկու օր անցկացրել բանտում, որի արդյունքում էլ Ադլերների ընտանիքը 1935 թվականին արտագաղթել է Միացյալ Նահանգներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռաիսա Ադլերը եղել է Նյու Յորքի անհատական հոգեբանության ասոցիացիայի գործադիր կոմիտեի նախագահ, իսկ 1954 թվականին ընտրվել է խորհրդի պատվավոր նախագահ։
Հորեղբայրը՝ Էֆիմ (Եխիել) Մոիսեևիչ Էպշտեյնը (1857-1939) տնտեսագետ էր, հրապարակախոս և ֆինանսիստ, Ռուսաստանում և այլ երկրներում դրամաշրջանառության, բանկային և ֆոնդային բորսաների պատմության վերաբերյալ աշխատությունների հեղինակ է։ Եղել է Մոսկվայի «Ջամգարով եղբայրներ» բանկային տան տնօրեն (1890-ականներ), Սանկտ Պետերբուրգի միջազգային առևտրային բանկի մոսկովյան մասնաճյուղի տնօրեն (1900-ականներ), Սանկտ Պետերբուրգի «Ազով-Դոնյան» բանկի խորհրդի անդամ (1910-ականներ)։ Դասավանդել է Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի առևտրային ինստիտուտներում։ Նրա աշխատությունները հրապարակվել են «Իրավաբանական տեղեկատու» ամսագրում, նա մի շարք մենագրությունների հեղինակ է՝ «Թղթադրանները Իտալիայում, Ավստրիայում և Հյուսիսամերիկյան Միացյալ Նահանգներում» (1895), «Բանկային գործ` դասախոսություններ, ընթերցումներ Մոսկվայի առևտրական ինստիտուտում 1909-1910 թթ.» (4 հրատարակություն, 1910-1917), «Էմիսիոն և վարկային բանկերը ժողովրդական տնտեսության նորագույն էվոլյուցիայում» (1913), «Les Banques de commerce russes»(1925), «La Circulation monétaire et les banques de dépot» (1936), «Ռուսաստանի առևտրային բանկեր (1864-1914)` դրանց դերը Ռուսաստանի տնտեսական զարգացման և ազգայնացման գործում» (2011 թվական, ռուսական հրատարակություն)։
Վտարանդիությունը Ֆրանսիայում։ Նրա որդին (Ռաիսա Ադլերի զարմիկը)` Սամուիլ Էֆիմովիչ Էպշտեյնը (1887-1942), եղել է իրավաբան, «Ազով-Դոնյան» առևտրային բանկի խորհրդի անդամ, «Հյուսիսային թղթի և ցելյուլիոզի ֆաբրիկա» ընկերության տնօրեն, կինոարտադրող, մահացել է տեղահանության ժամանակ։ Մյուս որդին՝ Միխայիլ Էֆիմովիչ Էպշտեյնը (1896-1942), ինժեներ էլեկտրիկ և ֆիզիկոս էր, ամուսնացել էր ֆրանսիացի գրող Իռեն Նեմիրովսկայայի հետ (երկուսն էլ մահացել են տեղահանության ժամանակ)[7][8]։
|