Ռիչարդ Բրանտոն անգլ.՝ Richard Henry Brunton | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 26, 1841 |
Ծննդավայր | Muchalls |
Մահացել է | ապրիլի 23, 1901 (59 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Գերեզման | Վեստ Նորվուդի գերեզմանատուն |
Մասնագիտություն | քաղինժեներ |
Զբաղեցրած պաշտոններ | foreign government advisor in Meiji Japan? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական աշխարհագրական ընկերություն |
Richard Henry Brunton Վիքիպահեստում |
Ռիչարդ Հենրի Բրանտոն (անգլ.՝ Richard Henry Brunton, դեկտեմբերի 26, 1841, Muchalls - ապրիլի 23, 1901, Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի ինժեներ։ 19-րդ դարի վերջին ղեկավարել է ծովային փարոսների համակարգի ստեղծումը Ճապոնիայում (Մեյձիի հեղափոխություն)։ Հայտնի է որպես «ճապոնական փարոսների հայր»։ Բրանտոնի նախագծերով և ղեկավարությամբ Ճապոնիայում կառուցվել են 26 փարոսներ։ Այդ ժամանակից ի վեր դրանք հայտնի են որպես «Բրանտոնի զավակներ»։
Բրանտոնը ծնվել է շոտլանդական Աբերդինշիր շրջանի Մաչալլս (Muchalls) գյուղում։ Կարիերայի սկզբում աշխատել է Շոտլանդիայի երկաթուղային գծերի շինարարությունում։
1865 թվականին Ճապոնիայի կառավարությունը (սյոգունատ) հինգ արևմտյան երկրների հետ կնքեց «Պայմանագիր բարեկամության և առևտրի մասին»։ Ի թիվս այլ հարցերի՝ պայմանագիրը պարտավորեցնում էր ճապոնական կողմին փարոսներ կառուցելու միջոցով ապահովել նավագնացության համար նպաստավոր պայմաններ։ Սակայն Ճապոնիայում չկային համապատասխան մասնագետներ, որոնք ընդունակ լինեին իրականացնել այդպիսի տեխնիկական առաջադրանք։ Չնայած Ճապոնիայում մինչ այդ էլ փարոսներ կառուցվել են, սակայն դրանք չեն համապատասխանել ժամանակակից պահանջներին։ Խնդրի լուծման համար 1867 թվականին ճապոնական կառավարությունը որոշեց հրավիրել բրիտանացի ճարտարագետների։ Բրիտանական կառավարությունը ընդառաջեց այդ նախաձեռնությանը։
1868 թվականին, «Փարոսների շոտլանդական խորհրդի» և Stevenson Brothers ընկերության երաշխավորությամբ, Բրանտոնը նշանակվեց Ճապոնիայի փարոսների ծառայության գլխավոր ճարտարագետ։ Բրանտոնի ժամանումից հետո սյոգունատի ռեժիմն անկում ապրեց, բայց դա չխանգարեց նախատեսված պլանների կատարմանը, քանի որ մեյձիի նոր ռեժիմը շարունակեց իրականացնել փարոսների համակարգի ստեղծման ծրագիրն այնպես, ինչպես որ նախատեսված էր նախագծով։ Այսպիսով՝ Բրանտոնը դարձավ Ճապոնիայի կառավարության կողմից հրավիրված այն օտարերկրյա մասնագետներից մեկը, ով պետք է արդիականացներ երկիրը մեյձիի դարաշրջանում։
Բրանտոնն աշխատեց Ճապոնիայում յոթ տարի, և այդ ժամանակահատվածում նա ոչ միայն նախագծեց 26 առանձին փարոսներ, այլև շոտլանդական ծառայության օրինակով կազմավորեց Ճապոնիայի փարոսների համակարգը։ Բրանտոնն աջակցում էր Ճապոնիայի կառավարության տեխնիկական կրթության համակարգ ստեղծելու ջանքերին։ Նա առաջարկում էր ստեղծել մասնագիտացված տեխնիկական դպրոցների ցանց։ Այդ դպրոցներից մեկը՝ «Փարոսների տեխնիկական դպրոցը», բացվեց 1870 թվականի նոյեմբերին։ Չնայած Բրանտոնի ջանքերին, այս փորձը հաջողությամբ չպսակվեց, ուսումնական ծրագրի անբավարար մշակումը հանգեցրեց ուսանողության դժգոհությունների, որն էլ շուտով դարձավ մասսայական դասալքությունների պատճառ։ Ճապոնիայում առաջին բարձրագույն տեխնիկական ուսումնական հաստատության՝ Կայսերական քոլեջի (բացվել է 1873 թվականին) ստեղծման ժամանակ, Բրանտոնի և Հենրի Դայերի միջև լուրջ տարաձայնություններ առաջացան։ Բրանտոնի կարծիքով՝ Դայերի կողմից ներկայացված ծրագիրը բավականին տեսական էր։ Փարոսների համակարգի ստեղծման հետ մեկտեղ Բրանտոնը զբաղվում էր նաև Յոկոհամայի (Կաննայ և Յամատե շրջանների) ենթակառուցվածքների զարգացմամբ։ Նա մասնակցել է կոյուղու, գազամատակարարման, էներգամատակարարման, լուսավորության և հեռահաղորդակցության համակարգերի ստեղծմանը։ Ճապոնական իշխանությունների հետ տարաձայնությունների պատճառով Բրանտոնը 1876 թվականին հեռացավ Ճապոնիայից։ Վերադառնալով Մեծ Բրիտանիա՝ նա սկզբում բնակություն հաստատեց Գլազգոյում, բայց շուտով տեղափոխվեց Լոնդոն, որտեղ էլ ապրեց մինչև իր կյանքի վերջը[1][2][3]։
Բրանտոնի նախագծով Ճապոնիայում կառուցված փարոսները հայտնի են որպես «Բրանտոնի զավակներ»։ Նրա կողմից կառուցված 26 փարոսներից շատերը պահպանվել են, դրանց որոշ մասը շարունակում է գործել իր նպատակային նշանակությամբ։ Սիկոկու մուրայի բացօթյա թանգարանում կարելի է տեսնել Բրանտոնի փարոսներից մեկի սպասավորի տունը[4]։
Իոկոհամայում տեղադրված է Բրանտոնի հուշարձանը։ Լոնդոնի West Norwood Cemetery գերեզմանատանը գտնվող Բրանտոնի գերեզմանը 1991 թվականին վերակառուցվել է Իոկոհամայի առևտրա-արդյունաբերական պալատի նախաձեռնությամբ[5]։
Ճապոնիայից վերադառնալուց հետո Բրանտոնը գրեց հուշերի գիրք, Pioneer Engineering in Japan: A Record of Work in helping to Re-Lay the Foundations of Japanese Empire (1868-1876) : Սակայն այն տպագրվել է միայն 1991 թվականին, միաժամանակ երկու տարբեր հրատարակչությունների կողմից, երկու տարբեր անվանումներով`
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Բրանտոն» հոդվածին։ |
|