![]() | |
Տեսակ | Ռուսաստանի ազգային պարկ և Ռուսաստանի հատուկ պաշտպանվող տարածք |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Արխանգելսկի մարզ |
Հիմնվել է | 2009 |
Մակերես | 14 260 կմ² |
Ռուսական Արկտիկա (ռուս.՝ Русская Арктика), ազգային պարկ Ռուսաստանի Արխանգելսկի մարզում։ Գտնվում է Նոր երկիր կղզու հյուսիսային հատվածում[1]։ Ստեղծվել է 2009 թվականի հունիսի 15-ին։
Տարածքի մակերեսը կազմում է 1 426 000 հեկտար, որից ցամաքը՝ 632 090 հեկտար, իսկ ծովային տարածքը՝ 793 910 հա[1]։ 2016 թվականի օգոստոսի 25-ին Ռուսաստանի կառավարության որոշումով Ֆրանց-Իոսիֆի երկիր կղզեխումբը նույնպես ներառվեց Ռուսական Արկտիկայի տարածքի մեջ։
Այս տարածքներում են գտնվում Հյուսիսային կիսագնդի ամենամեծ թռչնաշուկաները (կայրաների և այդերուկների), ծովափղերի մակաղատեղիները, ապրում են սպիտակ արջեր, գրենլանդական կետեր, բևեռաղվեսներ, գրենլանդական ծովաշներ և փոկեր[2]։ Բուսականությունից հայտնի են մի քանի տեսակի մամուռներ, քարաքոսեր և քիչ քանակության ծաղկավորներ։
Ազգային պարկը ստեղծվել է, որպեսզի պահպանվի Արկտիկայի յուրօրինակ բնությունը։
Պարկի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է աշխարհագրագետ և բևեռախույզ Պյոտր Բոյարսկուն[3][4]։
Ազգային պարկի տարածքը հետաքրքիր չէ միայն բնությամբ. այստեղ են գտնվում նաև այնպիսի վայրեր և օբյեկտներ, որոնք կապված են ռուսական արկտիկայի բացահայտման և յուրացման պատմության հետ՝ սկսած XVI դարից։ Այստեղ են գործունեություն ծավալել Վլադիմիր Ռուսանովը, Գեորգի Սեդովը, Վիլեմ Բարենցը։
Այսպիսով, այս շրջանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում էկոլոգիական, գիտական և ճանաչողական տուրիզմի համար։ 2009 թվականին Ռուսաստանի կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինը նախարարներին առաջարկեց իրենց հերթական արձակուրդն անցկացնել այսպիսի շրջաններում[2]։
2016 թվականի օգոստոսի 25-ի № 840 որոշմամբ ՌԴ կառավարությունը վերացրեց Ֆրանց-Իոսիֆի որսարգելոցը և տարածքը ներառեց Ռուսական Արկտիկայի կազմում[5]։