Տ. Սահակ Բ Մաշալյան | |
---|---|
Ծնվել է | մարտի 17, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մայրենի լեզու | թուրքերեն |
Կրոն | Քրիստոնեություն |
Կրթություն | Ստամբուլի համալսարան (1987), Լոնդոնի համալսարան (1994) և Դուբլինի համալսարան (1999) |
Երկեր | «Երկու ուխտավոր» (վեպ) |
Մասնագիտություն | հոգևորական (եպիսկոպոս), Հայաստանյայց Առաքելական Եկեղեցի |
Աշխատավայր | Սրբոց թարգմանչաց վարժարան, Սևանի Վազգենյան դպրանոց, Գևորգյան հոգևոր ճեմարան և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն |
Զբաղեցրած պաշտոններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք |
Տ. Սահակ Բ Մաշալյան (ավազանի անունը՝ Շահան, մարտի 17, 1962, Ստամբուլ, Թուրքիա), Պոլսո Հայոց Պատրիարք 2019 թվականի դեկտեմբերի 11-ից[1]։ Հայտնի է իր քարոզչական և գրական գործունեությամբ։
«Երկու ուխտավոր» վարքագրական վեպի հեղինակն է։
Սահակ արքեպս. Մաշալյանը ծնվել է 1962 թվականին մարտի 17-ին Ստամբուլ քաղաքում։ 1983 թվականին սկսել է իր հոգևոր ծառայությունը Կ. Պոլսի հայոց պատրիարքարանում։ 1983-1987 թթ. ուսանել է Ստամբուլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1986 թվականին ձեռնադրվել է սարկավագ ձեռամբ Կ. Պոլսի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյանի։ 1989-1994 թթ. աստվածաբանություն է ուսանել Լոնդոնի համալսարանում։ 1992 թվականին կուսակրոն քահանա է ձեռնադրվել ձեռամբ Կ. Պոլսի հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Գազանճյանի։ 1994-1997 թթ. զբաղեցրել է Երուսաղեմի հայոց պատրիարքության Սրբոց թարգմանչաց վարժարանի տեսչի պաշտոնը, միաժամանակ այնտեղ կրոն դասավանդել։ 1997-1999 թթ. իր աստվածաբանական կրթությունը խորացրել է Դուբլինի համալսարանում (Իռլանդիա)։ 1999-2005 թթ. պաշտոնավարել է Կ. Պոլսի հայոց պատրիարքարանում որպես միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բաժնի վարիչը, միաժամանակ նաև հոգևոր հովվություն արել Կ. Պոլսի հայոց եկեղեցիներում։ 2005 - 2010 թթ. Նոր Կտակարանի ներածություն և մեկնություն առարկաներն է դասավանդել Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սևանի Վազգենյան դպրանոցում։ 2006 թվականի ապրիլի 21-ին Մայր Աթոռում վարդապետական թեզ է պաշտպանել «Հավատք և հրաշք» թեմայով և ապրիլի 22-ին Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, Գերաշնորհ Տ. Շահան արքեպս. Սվաճյանի կողմից, ստացել է մասնավոր վարդապետության չորս աստիճանները[2]։ 2007 - 2010 թթ. պաշտոնավարել է որպես Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ[3]։ 2008 թ. օգոստոսի 24 -ին ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի արժանացել է եպիսկոպոսական ձեռնադրության[4]։ 2011 թվականից վերստին պաշտոնավարում է որպես Կ. Պոլսի հայոց պատրիարքարանի միջեկեղեցական և միջկրոնական հարաբերությունների բաժնի վարիչ։ 2019 թ․ դեկտեմբերի 11-ին ընտրվել է Պոլսո Հայոց Պատրիարք։