Սարայբուրնու (թուրքերեն՝ Sarayburnu — պալատական թերակղզի[1]), անգլիական և իտալական գրականության մեջ օգտագործվում է նաև Սերալիո (իտալ.՝ Seraglio), թերակղզի, որը գտնվում է Ստամբուլում։ Թերակղզին բաժանում է Մարմարա ծովը Ոսկեղջյուրից։ Թերակղզու վրա են գտնվում Թոփքափը ամրոցը և Գյուլհանե այգին։ Սարայբուրնուն գտնվում է Ստամբուլի պատմական հատվածում և 1985 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկը։
ժամանակակից Սարայբուրնուի տեղանքում առաջին բնակավայրը ի հայտ է եկել մ․թ․ա․ 6600 թվականին և թվագրվում է նեոլիթի դարաշրջանին[2][3][4]։ Գոյություն ունենալով մոտ 1000 տարի, այն քաղաքի մեծ մասը ջրասույզ է եղել ծովի մակարդակի բարձրացման արդյունքում։ Բնակիչները տեղափոխվել են թերակղզու խորքային հատվածները։ Մինչ օրս հնագիտական բազմաթիվ պեղումներ են իրականացվել տեղանքում[2]։
Սարայբուրնուի տարածքում գտնվել է նաև մեկ այլ բնակավայր, որը կոչվել է Լիգոս (հունարեն՝ Λυγός), որը հիմնադրվել էր թրակիացիների կողմից՝ մ․թ․ա․ 13- 11-րդ դարերի ընթացքում[5]։ Ինչպես հարևան Սեմիստրան, այնպես էլ Լիգոսը հիշատակվում են Պլինիոս Ավագի աշխատություններում։ Այսօր Լիգոսի մնացորդներից մնացել են միայն մի քանի պատեր, որոնք պահպանվել են Թոփքափը ամրոցի մոտ։ Վերջինս կառուցվել է 15–րդ դարում Օսմանյան կայսրության սուլթանների կողմից։
Մ․թ․ա 667 թվականին Մեգարայից ներգաղթած հույները (քաղաքը գտնվել է Աթենքից փոքր հեռավորության վրա) Բյուզանդ արքայի գլխավորությամբ գաղթել են այստեղ և հիմնադրել Բյուզանդիոն քաղաքը։ Ժամանակակից Թոփքափը ամրոցի տեղանքում, նրանք կառուցել էին ակրոպոլիս[1]։ Էլ ավելի վաղ, մ․թ․ա․ 680 թվականին մեգարացիները Բոսֆորի ափին կառուցել էին Քաղկեդոն քաղաքը, ժամանակակից Ստամբուլի Կադըկոյ թաղամասը։
Սակայն, ինչպես պարզվում է, բնակավայր այստեղ գոյություն է ունեցել, մինչև հույները։ Այստեղ գտնված փյունիկյան նավահանգստի հետքերը վերագրվում են պղնձի դարին։ Հին դարերում Սարայբուրնու թերակղզու տեղում գոյություն են ունեցել բնական երկու նավահանգիստ` Պրոսֆորիոնը և Նեորիոնը, որոնք գտնվել են Ոսկեղջյուրի ափին։ Ներկայումս դա Էմինյոնյու շրջանի Սիրքեջի թաղամասն է։ Դրանից հետո կառուցվել են ծովային պատերը, որը առանձնացնում էր բուն քաղաքը ծովից։ Բյուզանդական կայսրության ժամանակ թերակղզին կոչվել է Այոս Դիմիտրիոս (հունարեն՝ Άγιος Δημήτριος` Սուրբ Դիմիտրի)։
1871 թվականինն, երկաթուղային գծի կառուցման ժամանակ, քաղաքային պատերը Սարայբուրնուում մասամբ հանվեցին, սակայն որոշ վայրերում դրանք մինչ օրս կանգուն են, հատկապես Թոփքափը ամրոցի շրջակայքում։
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 356 ռուս.. • անգլ.. • ֆր. |