Սերենա Լեդերեր գերմ.՝ Serena Lederer | |
---|---|
Ծնվել է | մայիսի 20, 1867[1] |
Ծննդավայր | Պեշտ, Պեշտ, Հունգարիա[1] |
Մահացել է | մարտի 27, 1943[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1] |
Քաղաքացիություն | Հունգարիա և Ավստրիա |
Մասնագիտություն | արվեստի կոլեկցիոներ |
Ամուսին | August Lederer?[1] |
Երեխաներ | Elisabeth Bachofen-Echt?[1] |
Serena Lederer Վիքիպահեստում |
Սերենա Լեդերեր (գերմ.՝ Serena Lederer, հունգ.՝ Szeréna Lederer, ի ծնե՝ Պուլիցեր (Pulitzer), մայիսի 20, 1867[1], Պեշտ, Պեշտ, Հունգարիա[1] - մարտի 27, 1943[1], Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[1]), ավստրիացի արդյունաբերող Ավգուստ Լեդերերի կինը, Գուստավ Կլիմտի մոտ ընկերուհին, որը քաջալերել է իր ամուսնուն ստեղծել նկարչի ստեղծագործությունների հավաքածու։
Սերենան արմատներով հրեական հարուստ ընտանիքից է, ամերիկացի լրագրող և հրատարակիչ Ժոզեֆ Պուլիցերի ազգակիցն է և երիտասարդ տարիքում գեղեցկուհի է ճանաչվել։ Ավստրիայի մայրաքաղաքում Սերենան համարվել է ամենանրբաճաշակ հագնված վիեննուհին[2]։ Գուստավ Կլիմտը լուսանկարել է երիտասարդ գեղեցկուհի Սերենա Պուլիտցերին իր քեռու՝ Զիգմունդի կողքին Վիեննայի ընտրյալ հասարակության ներկայացուցիչների շրջանում, իր հին «Բուրգթատրոնում գտնվող դահլիճ» գուաշով արված նկարում[3]։ Սերենան ողջ կյանքի ընթացքում պահպանել է մեծ տիկնոջ իր իմիջն ու ոճը։ 1892 թվականի հունիսի 5-ին Սերերնան Պեշտում ամուսնացել է արդյունաբերող Ավգուստ Լեդերերի հետ։ Նրանց ընտանիքում ծնվել է երեք երեխա՝ Ֆրիցը, Էրիխը և Էլիզաբեթը։ Լեդերերները ապրել են Դյորում, Վեննայում, Վայդլինգաուում։ Վիեննայի նրանց բնակարանում Կլիմտի ստեղծագործությունների համար առանձնացվել է առանձին սենյակ։ 1899 թվականին Կլիմտը նկարել է Սերենայի դիմանկարը՝ սկիզբ դնելով մտերմիկ ընկերական հարաբերությունների, ավելի ուշ նկարել է ևս երկու դիմանկար՝ Լեդերերների աղջկա՝ Էլիզաբեթ Բահոֆեն ֆոն Էխթի և Սերենայի մոր՝ Շարլոտա Պուլիցերի, նաև զարմուհի Ռիա Մունկի։ Դիմանկարում Սերենան պատկերված է նրբաոճ սպիտակ զգեստով։ Նկարի վրա աշխատանքը տևել է երեք տարի, մինչև մի անգամ 1916 թվականին Սերենան կամայական որոշմամբ նկարը արհեստանոցից տուն է տարել։ Նա արդեն վարժվել էր նկարչի՝ իր աշխատանքների նկատմամբ դժգոհությամբ վերաբերվելուն[4]։ Սերենա Լեդերերը մի քանի տարի Կլիմտից նկարչական դասեր է վերցրել։ Նա թույլ է տվել Կլիմտին իր զգեստապահարանից ընտրել հագուստ իր նկարների մոդելների համար, օրինակ «Շուբերտը կլավիրի մոտ» նկարի համար։ Կլիմտի հանձնարարականով 1912 թվականին Լեդերերի տանը սկսել է հայտնվել նյութական աջակցության հատուկ կարիք ունեցող էգոն Շիլեն, որը չնայած դուր չէր գալիս Սերենային, բայց ընկերացել էր նրա կրտսեր որդու՝ Էրիխի հետ[5]։
Ենթադրվում է, որ հենց Սերենա Լեդերերն է ամեն կերպ նպաստել Լեդերերների գեղարվեստական հավաքածուի ստեղծմանը։ Նա շարունակել է հավաքել Կլիմտի աշխատանքները նաև վերջինիս մահից հետո՝ գնելով Կլիմտի՝ 200 նկարից բաղկացած գրաֆիկների ցուցահանդեսն ամբողջությամբ, որը 1918 թվականին նախապատրաստել էր Գուստավ Նեբեհեյը[5]։ Ավստրիայի անշլյուսից հետո Լեդերերների հավաքածուն «անօրինական տեղափոխումից խուսափելու համար» առգրավվել է և ավելի ուշ՝ ազգայնացվել։ Հավաքածուի մեծ մասը 1945 թվականին ոչնչացել է Իմենդորֆ ամրոցի հրդեհի ժամանակ։
1940 թվականին այրիացած Սերենա Լեդերերին ստիպել են հեռանալ Վիեննայի իր տնից։ Նրա կյանքի վերջին տարիների մասին ոչինչ հայտնի չէ։ Նացիոնալ-սոցիալիստների օրոք Լեդերերի դուստրը՝ Էլիզաբեթ Բահոֆեն ֆոն Էխտը՝ իր մոր կողմից արված երդման հայտարարության և ընտանիքի ընկերների վկայությունների շնորհիվ կարողացել է պաշտոնապես ապացուցել իր արտամուսնական ծագումը և Գուստավ Կլիմտի հայրությունը՝ դրանով իսկ խուսափելով արտաքսումից և ապահովել իր գոյատևումը, ի տարբերություն կիսահրեա եղբայրների։ Սերենայի որդիներին՝ Ֆրիցին և Էրիխի հաջողվել է արտագաղթել։ 1948 թվականին աճուրդի ժամանակ հանկարծ ի հայտ են եկել Սերենա Լեդերերի և նրա դստեր դիմանկարները, որոնք ռեստիտուցիայով հանձնվել են Էրիխ Լեդերերին և այժմ պահվում են Նյու Յորքում[2][5]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սերենա Լեդերեր» հոդվածին։ |
|