Սյուզաննա Օշեդե ֆր.՝ Suzanne Hoschedé | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1868 |
Ծննդավայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա |
Մահացել է | փետրվար 1899 (30 տարեկան) |
Մահվան վայր | Ժիվերնի |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | բնորդ և մոդել |
Ամուսին | Թեոդոր Բաթլեր |
Ծնողներ | հայր՝ Ernest Hoschedé?, մայր՝ Ալիս Օշեդե |
Երեխաներ | Ջիմմի Բաթլեր և Լիլի Բաթլեր |
Suzanne Hoschedé Վիքիպահեստում |
Սյուզաննա Օշեդե (ֆր.՝ Suzanne Hoschedé, նոյեմբերի 29, 1868, Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա - փետրվար 1899, Ժիվերնի), ֆրանսիացի իմպրեսիոնիստ նկարիչ Կլոդ Մոնեի խորթ աղջիկը և սիրելի մոդելը, ամերիկացի նկարիչ Թեոդոր Բաթլերի կինը։
Ծնվել 1864 թվականին Ֆրանսիայում։ Եղել է Էրնեստ և Ալիսա Օշեդեների ընտանիքի ավագ երեխան։
Ընտանիքում եղել են վեց երեխա։ Հայրը եղել է ձեռնարկատեր, խանութ է ունեցել Փարիզում։ Նա իմպրեսիոնիստների նկարներ է հավաքել[1] և եղել է հայտնի մեկենաս։ 1877 թվականին Էրնեստ Օշեդեն սնանկացել է և արվեստի ստեղծագործությունների նրա հավաքածուն վաճառվել է աճուրդում[2]։ Էրնեստ Օշեդեն, Ալիսան և նրանց վեց երեխաները տեղափոխվել են Վետյոյ՝ Կլոդ Մոնեի և նրա առաջին կնոջ՝ Կամիլայի տուն, որտեղ նրանք ապրում էին երկու երեխաների՝ Ժանի և փոքրիկ Միշելի հետ։ Էրնեստը, սակայն, ժամանակի մեծ մասն անցկացնում էր Փարիզում, վերջիվերջո թողել է իր ընտանիքը և հեռացել Բելգիա։ 1879 թվականի սեպտեմբերի 5-ին տուբերկուլյոզից Կամիլա Մոնեի մահից հետո Կլոդ Մոնեի երկու երեխաները մնացել են Ալիսա Օշեդեի խնամակալության տակ։ 1881 թվականին նրանք տեղափոխվել են Պուասի, 1883 թվականին հիմնավորվել Ժիվերնիում, որտեղ Կլոդը և Ալիսան կապվել են իրար հետ։ 1891 թվականին Էրնեստ Օշեդեի մահից հետո 1892 թվականի հուլիսի 16-ին նրանք պաշտոնապես ամուսնական դաշինք են կնքել[3][4]։ Սյուզաննա Օշեդեն դարձել նկարչի հոգեդուստրը և սիրելի մոդելներից մեկը։
1892 թվականի հուլիսի 20-ին նա ամուսնացել է ամերիկացի իմպրեսիոնիստ նկարիչ Թեոդոր Բաթլերի հետ, որը Ժիվերնի էր եկել ստեղծագործական գործուղմամբ, որտեղ էլ ծանոթացել էր Սյուզաննայի հետ և սիրահարվել նրան։ Նրանց հարսանիքը կտավին հավերժացրել է ամերիկացի նկարիչ Թեոդոր Ռոբինսոնը՝ «Հարսանեկան երթ» անվամբ։ Նրանք ունեցել են որդի՝ Ջեյմս Բաթլերը, որը ծնվել է 1893 թվականին և դուստր՝ Լիլի Բաթլերը, որը ծնվել է հաջորդ տարի։
Սյուզաննա Օշեդեն մահացել է 1899 թվականի փետրվարի 6-ին Ժիվերնիում։ Թաղվել է Giverny Church Cemetery քաղաքային գերեզմանատանը։ Նրա կրտսեր քույր Մարթան (ֆր.՝ Marthe Hoschedé) օգնել է Բաթլերին՝ մեծացնելու երեխաներին։ 1900 թվականին Թեոդորն ամուսնացել է Մարթայի հետ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սյուզաննա Օշեդե» հոդվածին։ |
|