Սյուզեն Գլասպել

Սյուզեն Գլասպել
անգլ.՝ Susan Glaspell
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 1, 1876(1876-07-01)[1][2][3][…]
ԾննդավայրԴավենփորթ, Այովա, ԱՄՆ[4][5]
Մահացել էհուլիսի 27, 1948(1948-07-27)[2][3][6][…] (72 տարեկան) կամ հուլիսի 28, 1948(1948-07-28)[7][5] (72 տարեկան)
Մահվան վայրՊրովինսթաուն, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5]
Քաղաքացիություն ԱՄՆ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԴրեյքի համալսարան[4] և Չիկագոյի համալսարան
ԵրկերԷլիսոնի տունը
Մասնագիտությունլրագրող, վիպասան, դրամատուրգ, գրող, կենսագիր, կանանց իրավունքների պաշտպան և դերասանուհի
ԱմուսինՋորջ Քրեմ Քուք[4]
Պարգևներ և
մրցանակներ
Ստորագրություն
Изображение автографа
 Susan Glaspell Վիքիպահեստում

Սյուզեն Քիթինգ Գլասպել (անգլ.՝ Susan Keating Glaspell, հուլիսի 1, 1876(1876-07-01)[1][2][3][…], Դավենփորթ, Այովա, ԱՄՆ[4][5] - հուլիսի 27, 1948(1948-07-27)[2][3][6][…] կամ հուլիսի 28, 1948(1948-07-28)[7][5], Պրովինսթաուն, Բարնստեյբլ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ[5]), ամերիկացի գրող, դրամատուրգ, լրագրող և դերասանուհի։ Իր ամուսնու՝ Ջորջ Քրեմ Քուքի հետ միասին նա հիմնադրել է «Պրովինսթաուն Փլեյերսը»[10]՝ ամերիկյան առաջին ժամանակակից թատերական ընկերությունը[11]։

Սկզբնապես հայտնի դառնալով կարճ ստեղծագործություններով (հրատարակվել է հիսուն պատմվածք), Գլասպելը հետագայում գրել է ինը վեպ, տասնհինգ պիես և կենսագրական[12]։ Նրա պատմվածքները հաճախ մասամբ կենսագրական բնույթ էին կրում, և գործողույթւնները ծավալվում էին գրողի հարազատ Միջին Արևմուտքում: Նրանցում սովորաբար քննվում էին սոցիալական խնդիրներ, ինչպիսիք են գենդերը, էթիկան և տեսակետների տարբերությունը, իսկ գործող անձինք խորունկ, համակրանք առաջացնող կերպարներ էին՝ կյանքի հաստատուն դիրքորոշմամբ։

Ամուսնու մահից հետո Հունաստանում երկու տարի անցկացնելուց հետո Գլասպելը երեխաների հետ վերադարձավ Միացյալ Նահանգներ։ Մեծ ճգնաժամի տարիներին նա աշխատում էր Չիկագոյի Հանրային աշխատանքների վարչությունում, որտեղ զբաղեցնում էր Դաշնային թատերական նախագծի Միջին Արևմուտքի բյուրոյի տնօրենի պաշտոնը։ Գրողի կյանքի ընթացքում նրա բեսթսելլեր դարձած գրքերը մահից հետո դադարեցին տպագրվել։ Գլասպելին են վերագրում նաև դրամատուրգ Յուջին Օ'Նիլի տաղանդի բացահայտումը։

20-րդ դարի վերջին կանանց՝ արվեստի մեջ ունեցած ներդրման քննադատական գերագնահատումը հանգեցրեց Գլասպելի ստեղծագործության վերարժևորմանը և նրա հանրաճանաչության վերականգնմանը[13]։ 21-րդ դարի սկզբին նա ճանաչվեց որպես ֆեմինիստ հեղինակ, առաջին ժամանակակից կին դրամատուրգը ԱՄՆ-ում[14]։ Նրա մեկ արարից «Մանրամասներ» (1916) պիեսը հաճախ է հիշատակվում որպես ամերիկյան թատրոնի ամենամեծ ստեղծագործություններից մեկը[15]։ Ըստ բրիտանացի առաջատար թատերական քննադատ Մայքլ Բիլինգթոնի, Գլասպելը մնում է «ամերիկյան դրամայի ամենանվիրականի գանձը»[16]։

1930 թվականին «Էլիսոնի տունը» պիեսի համար Գլասպելն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի[17]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզեն Գլասպելլը ծնվել է 1876 թվականին, Այովայում, ֆերմեր Էլմեր Գլասպելլի և նրա կնոջ՝ պետական դպրոցի ուսուցչուհի Ալիս Քիթինգի ընտանիքում։ Սյուզենն ուներ երկու եղբայր՝ Ռեյմոնդը և Ֆրենկը[18]։ Նա մեծացել է Դավենփորթի արևմտյան կողմում՝ Միսիսիպիի ափին մոտ գտնվող ագարակում։ Ագարակը ձեռք էր բերել հայրական կողմի նախապապը՝ Ջեյմս Գլասպելը, գնելով այն դաշնային կառավարությունից[19]։ Բավականին պահպանողական դաստիարակություն ստացած Սյուզենը մանկության տարիներին իր արարքների պատճառով համարվում էր «տարիքից մեծ երեխա», ով հաճախ փրկում էր անտուն կենդանիներին[20]։ Չնայած ընտանեկան ագարակը ավելի ու ավելի էր շրջապատվում բնակելի շինություններով, Գլասպելի աշխարհայացքը ձևավորվել է տատի պատմություններից, որոնք Այովա նահանգի հիմնադրմանը նախորդող տարիների, ամերիկացի առաջամարտիկների և հնդկացիների մասին էին[21]։ Գետի մյուս ափին գտնվող Black Hawk գյուղում մեծացած Գլասպելը նույնպես տպավորված էր սաուկների առաջնորդի ինքնակենսագրությամբ. նա գրել էր, որ ամերիկացիները պետք է լինեն այդ հողի արժանի ժառանգորդները։ 1893 թվականի խուճապի ժամանակ Գլասպելի հայրը վաճառեց ագարակը, և ընտանիքը տեղափոխվեց Դավենփորթ[22].

Սյուզեն Գլասպել (մոտ. 1883)

Գլասպելը եղել է ջանասեր աշակերտուհի, հաճախել է քաղաքի պետական դպրոցներ, ստացել է խորացված կրթություն։ 1894 թվականին ելույթ է ունեցել ավարտական միջոցառման ժամանակ։ Տասնութ տարեկանում ապագա գրողը աշխատանք է գտել տեղական թերթում՝ որպես լրագրող։ Քսան տարեկանում նա վարում էր ամենշաբաթյա «Հասարակություն» սյունակը, որտեղ ծաղրում էր Դավենփորթի հարուստ դասակարգին[23]։

Քսանմեկ տարեկանում Գլասպելը ընդունվել է Դրեյքի համալսարան՝ դեմ գնալով տեղական հասարակական կարծիքին, որ քոլեջը կանանց դարձնում է ամուսնության համար ոչ պիտանի[24]։ Փիլիսոփայությունն ընտրելով որպես հիմնական առարկա՝ նա հաջողությամբ մասնակցել է բանավեճերի տղամարդկանց հետ և ուսումնառության վերջին տարում իրավունք է ստացել ներկայացնելու համալսարանը նահանգային մրցույթում[25]։ Des Moines Daily News թերթը գրել է Գլասպելի ավարտական միջոցառման մասին և նրան անվանել է «համալսարանի հասարակական և ինտելեկտուալ կյանքի առաջնորդ»[26]։

Համալսարանն ավարտելու հաջորդ օրը Գլասպելը լրիվ դրույքով աշխատանք է ստացել Des Moines թերթում՝ որպես լրագրող, ինչը հազվադեպ էր կնոջ համար, հատկապես այն պատճառով, որ նրան հանձնարարված էր լուսաբանել նահանգային օրենսդիր մարմինների գործունեությունն ու սպանություններին առնչվող դատավարությունները[27]։ Մեղադրական ռեպորտաժից հետո, որը պատմում էր բռնարար ամուսնուն սպանելու համար մեղադրվող կնոջ մասին, քսանչորս տարեկանում Գլասպելը անսպասելի թողեց իր աշխատանքը թերթում։

Նա վերադարձավ Դավենփորթ, որպեսզի անձնատուր լինի գեղարվեստական գրականությանը[28]։ Ի տարբերություն շատ այլ նորահայտ գրողների՝ նրա ստեղծագործություններն արագ հասնում էին ընթերցողներին և հրատարակվում էին ամենաառաջատար պարբերականներում[29]՝ Harper’s, Munsey, Ladies' Home Journal և Woman’s Home Companion։ Դա կարճ պատմվածքների ոսկե դարաշրջանն էր։ The Black Cat ամսագրից ստացած դրամական մրցանակը Գլասպելն օգտագործեց Չիկագո տեղափոխվելու համար, որտեղ գրեց իր առաջին վեպը՝ «Պարտվածների հաղթանակը» (անգլ.՝ The Glory of the Conquered), որը հրատարակվեց 1909 թվականին։ Վեպը դարձավ բեսթսելլեր, իսկ New York Times-ը գրեց․

«Եթե Սյուզեն Գլասպելի անունը արդեն հայտնի հեղինակի կեղծանուն չէ, իսկ գիրքն ունի այդօրինակ արտասովոր և ինքնատիպ հատկանիշներ ամերիկյան գեղարվեստական գրականության համար, ինչը քիչ հավանական է թվում, ապա «Պարտվածների հաղթանակը» մեզ համար բացահայտում է նոր հեղինակի, որը օժտված է գերազանց և ակնհայտ տաղանդով»[30]։

Երկրորդ վեպը՝ «Երևակայությունը» (անգլ.՝ The Visioning), Գլասպելը հրատարակել է 1911 թվականին։ Այս գրքի մասին New York Times-ը գրել է, որ «այն ապացուցում է, որ օրիորդ Գլասպելը շարունակում է լինել ուժեղ և օժտված է այնպիսի ունակություններով, որոնք նրան դասում են լավագույն ամերիկացի պատմողների շարքին»[31]։ Նրա երրորդ վեպը՝ Fidelity-ն, հրատարակվել է 1915 թվականին։ New York Times-ը այն բնութագրել է որպես «մեծ և իրական ներդրում ամերիկյան վեպի մեջ»[32]։

Սյուզեն Գլասպելը և Ջորջ Քրեմը 1917 թվականին

Դավենփորթում գտնվելիս Գլասպելը կապ է հաստատել տեղի հեղինակների հետ՝ Դավենփորթում խումբ ձևավորելու համար: Այնտեղ էր նաև Ջորջ Քրեմ Քուքը՝ Այովայի նահանգային համալսարանի անգլիական գրականության դասախոսը: Նա հարուստ ընտանիքից էր, ջենտլմեն-ֆերմեր էր: Քուքը երկրորդ անգամ էր ամուսնացած, և կրկին անհաջող։ Գլասպելը սիրահարվել էր նրան: Քուքի ամուսնալուծությունից հետո Գլասպելը 1913 թվականին ամուսնացավ նրա հետ:

Քննադատողների բամբասանքներից խուսափելու և արվեստի աշխարհի մաս դառնալու համար Գլասպելն ու Քուքը տեղափոխվեցին Գրինվիչ Վիլիջ՝ Նյու Յորքի բոհեմական թաղամաս: Այնտեղ նրանք դարձան Ամերիկայի առաջին ավանգարդ արվեստի շարժման առանցքային մասնակիցներ և ծանոթացան դարաշրջանի ամենահայտնի սոցիալական բարեփոխիչների և ակտիվիստների հետ, այդ թվում՝ Էփտոն Սինքլերի, Էմմա Գոլդմանի և Ջոն Ռիդի հետ: Գլասպելը դարձավ Heterodoxy վաղ ֆեմինիստական խմբի առաջատար անդամ, որը բաղկացած էր կանանց իրավունքների պաշտպանության առաջատար մարտիկներից: Մի քանի վիժումներից հետո նրան վիրահատեցին ֆիբրոզային ուռուցքը հեռացնելու համար:

Արվեստի շրջանակներում իրենց համախոհների հետ միասին, 1915 թվականի ամռանը Գլասպելն ու Քուքը մեկնեցին Պրովինսթաուն (Մասաչուսեթս)՝ Քեյփ Քոդ հրվանդան, որտեղ վարձակալեցին քոթեջ: Չնայած վիրահատությունից հետո թուլությանը, Գլասպելը աշխատում էր Քուքի և նրա ընկերների հետ՝ փորձարարական թատերական ընկերության ստեղծագործական կոլեկտիվ ստեղծելու համար: Նրանք իրենց առաջին պիեսները բեմադրում էին վերանորոգված ձկնորսական նավամատույցում, որը պատրաստվել էր իրենց խմբի այլ անդամների կողմից: Այն, ինչը հետագայում կոչվեց «Պրովինսթաուն Փլեյհաուս», նպատակ ուներ ստեղծել և բեմադրել ժամանակակից ամերիկյան խնդիրներն արտացոլող գեղարվեստական պիեսներ: Ընկերությունը չէր ընդունում Բրոդվեյում ստեղծված առևտրային առումով ավելի շահավետ և էսկապիստական մելոդրամաները:

Չնայած վաղ շրջանի բելետրիստիկայի հաջողություններին՝ Գլասպելը առավել հայտնի դարձավ տասներկու նորարարական պիեսներով, որոնք ներկայացրեց հաջորդող յոթ տարիների ընթացքում։ Նրա առաջին պիեսը՝ «Մանրամասները» (1916), հիմնված էր սպանության գործի դատավարության վրա, որը նա լուսաբանել էր որպես լրագրող Des Moines-ում։ Այսօր համարվելով վաղ ֆեմինիստական գլուխգործոց՝ այս բեմադրությունը սրընթաց հաջողություն ունեցավ և հանդիսատեսին գրավեց արդարության և բարոյականության մասին համարձակ հայացքներով։ Պիեսը դարձավ ամերիկյան թատրոնի պատմության մեջ առավել հիշատակվող ստեղծագործություններից մեկը։ 1921 թվականին Գլասպելը ավարտեց «Ժառանգները»։ Նվիրված լինելով ամերիկացի առաջամարտիկների ընտանիքի երեք սերունդներին՝ ստեղծագործությունը դարձավ ԱՄՆ-ի առաջին ժամանակակից պատմական դրաման։ Նույն թվականին ավարտվեց «Եզրը» (անգլ.՝ The Verge)՝ ամերիկյան էքսպրեսիոնիստական առաջին պիեսներից մեկը։

Կարծելով, որ սիրողական թատերախումբը կհանգեցնի նոր գաղափարների ի հայտ գալուն, Պրովինսթաունի դրամատուրգները հաճախ անմիջական մասնակցություն էին ունենում սեփական պիեսների բեմադրություններում։ Չունենալով մասնագիտական պատրաստվածություն՝ Գլասպելը ճանաչում ստացավ որպես դերասանուհի։ Ուիլյամ Զորախը՝ խմբի առաջին անդամներից մեկը, ասում էր, որ «նրան պարզապես պետք է լինել բեմում, և պիեսն ու հանդիսատեսը ինքնաբերաբար կենդանանում են»։ Ժակ Կոպոն՝ լեգենդար ֆրանսիացի թատերական ռեժիսորն ու քննադատը, արտասվեց Գլասպելի մասնակցությամբ ներկայացումից հետո։ Նա Գլասպելին անվանեց «իսկապես մեծ դերասանուհի»[33]։

Պրովինսթաունում առաջին երկու թատերաշրջանից հետո թատերական ընկերությունը տեղափոխվեց Նյու Յորք: Նոր պիեսներ բեմադրելու համար ընտրություն կատարելիս՝ Գլասպելը «բացահայտեց» Յուջին Օ'Նիլին, ով ի վերջո ամերիկյան պատմության մեջ հռչակվեց որպես մեծագույն դրամատուրգներից մեկը: Խմբի այլ հայտնի մասնակիցների թվում էին Էդնա Սենտ-Վինսենթ Միլլեյը, Թեոդոր Դրայզերը և Ֆլոյդ Դելլը՝ Գլասպելի ընկերը Դեվենպորթի խմբից: Երբ ընկերությունն ավելի հաջողակ դարձավ, դրամատուրգները սկսեցին այն դիտարկել որպես առևտրային թատրոններ մուտք գործելու միջոց, ինչը հակասում էր նախնական նպատակին:

Քուքը և Գլասպելը որոշեցին լքել իրենց հիմնած ընկերությունը, որը դարձել էր «չափազանց հաջողակ»: Գլասպելը թատերական կարիերայի գագաթնակետին էր, վերջին պիեսը՝ «Եզրը», նրան առավել մեծ ճանաչում բերեց: 1922 թվականին Գլասպելը և Քուքը տեղափոխվեցին Դելֆի (Հունաստան): 1924 թվականին Քուքը մահացավ խլախտից՝ վարակիչ հիվանդությունից, որը նրան փոխանցվել էր իր շնից:

Սկզբում Գլասպելի պիեսները հրատարակվում էին տպագիր՝ գովասանքի արժանանալով Նյու Յորքի ամենահեղինակավոր առաջատար պարբերականներից: 1918 թվականին Գլասպելը համարվում էր Ամերիկայի ամենանշանակալի նոր դրամատուրգներից մեկը: 1920 թվականին նրա պիեսները սկսեց տպագրել անգլիական հեղինակավոր Small & Maynard հրատարակչությունը: Անգլիայում նրան ընդունեցին ավելի լավ, քան՝ ԱՄՆ-ում: Անգլիացի քննադատները Գլասպելին անվանում էին «հանճար» և ավելի բարձր էին գնահատում, քան Օ'Նիլին: Նրանք դրականորեն Գլասպելին համեմատում էին Հենրիկ Իբսենի հետ, ում համարում էին Շեքսպիրից հետո ամենաազդեցիկ դրամատուրգը: Գլասպելի ստեղծագործությունների նկատմամբ պահանջարկը բավարարելու համար հրատարակվեց նրա «Հավատարմություն» վեպի բրիտանական տարբերակը, որը հինգ շաբաթվա ընթացքում վաճառվեց հինգ տպաքանակով: Երբ 1925 թվականին Անգլիայում լույս տեսավ «Ժառանգները» պիեսը, յուրաքանչյուր առաջատար թերթ և գրական ամսագիր իր պարտքն էր համարում ընդարձակ ակնարկ հրապարակել՝ միահամուռ գովասանքով: Մի խանդավառ գրախոս պնդում էր. «Այս պիեսը կապրի, երբ Լիվերպուլը կդառնա աղբանոց»:

Այնուամենայնիվ, Գլասպելի պիեսների պահանջարկն ու քննադատական հաջողությունը չհանգեցրեցին ֆինանսական եկամուտի: Այն տարիներին, երբ ամուսիններով աշխատում էին թատրոնում, իրենց կարիքներն ապահովելու համար Գլասպելը շարունակում էր պատմվածքներ հրապարակել առաջատար պարբերականներում: Գրականագետները այս շրջանի պատմվածքները համարում են Գլասպելի լավագույն ստեղծագործությունները: Հենց ամենաարդյունավետ ժամանակաշրջանում Գլասպելը դրսևորվեց որպես դրամատուրգի և արժանիորեն համարվեց «ժամանակակից ամերիկյան պատմվածքի զարգացման կենտրոնական դեմք»:

Ձկնորսների կացարան, որտեղ գրվում էին Պրովինսթաունի թատրոնի պիեսները
Alison’s House-ի 1938 թվականի ներկայացման աֆիշա, որի համար Գլասպելն արժանացել է Պուլիտցերյան մրցնակի

Ամուսնու մահից հետո Գլասպելը վերադարձավ Քեյփ Քոդ հրվանդան։ Այստեղ նա գրեց Ջորջ Քրեմ Քուքի լավ ընդունելության արժանի կենսագրությունը՝ The Road to the Temple (1927)։ Քսանականների վերջում նա ռոմանտիկ հարաբերություններ ուներ երիտասարդ գրող Նորման Մեթսոնի հետ։ Այս ժամանակահատվածում նա գրեց երեք բեսթսելեր, որոնց ինքը համարում էր իր լավագույն ստեղծագործությունները՝ «Բրուք Էվանս» (1928), «Փախստականի վերադարձը» (անգլ.՝ Fugitive's Return, 1929) և «Ամբրոս Հոլթ և ընտանիք» (1931)։ Նա գրել է նաև «Էլիսոնի տունը» պիեսը (1930), որի համար 1931 թվականին արժանացել է Պուլիտցերյան մրցանակի։ 1932 թվականին Գլասպելի հարաբերությունները Մեթսոնի հետ ավարտվեցին։ Սկսվեց ցածր աշխատունակության առաջին և միակ ժամանակաշրջանը, որը կապված էր դեպրեսիայի, ալկոհոլիզմի և առողջական վատ վիճակի հետ։

1936 թվականին, Մեծ դեպրեսիայի ժամանակ, Գլասպելը տեղափոխվեց Չիկագո՝ ստանձնելով Դաշնային թատերական նախագծի Միջին Արևմուտքի բյուրոյի տնօրենի պաշտոնը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա վերականգնեց հարաբերությունները իր եղբայրների հետ, հաղթահարեց ալկոհոլիզմը և կրկին վերադարձավ ստեղծագործական աշխատանքին։ Դաշնային թատերական նախագծում աշխատանքն ավարտելուց հետո Գլասպելը կրկին մեկնեց Քեյփ Քոդ։ Միջին Արևմուտքում գտնվելը ազդեց նրա ստեղծագործական աշխատանքի վրա։ Վերջին երեք վեպերը՝ Առավոտը մոտ է մեզ (1939), Նորմա Աշ (1942) և Ջադ Ռենքինի դուստրը (1945), ավելի ու ավելի էին արծարծում այս տարածաշրջանը, ընտանեկան կյանքը և թեիստական հարցերը։

Սյուզան Գլասպելը մահացել է թոքաբորբից, 1948 թվականի հուլիսի 28-ին՝ Պրովինսթաունում։

Ժառանգություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակիցները բարձր էին գնահատում Գլասպելին և ճանաչում էին նրան որպես Պուլիտցերյան մրցանակի արժանացած դրամատուրգ: Նրա պատմվածքները պարբերաբար տպագրվում էին այդ ժամանակաշրջանի առաջատար պարբերականներում, իսկ New York Times-ի մահախոսականում նշվում էր, որ նա «երկրի ամենաշատ ընթերցվող վիպասաններից մեկն է»:

Սակայն 1940 թվականից սկսած՝ ազդեցիկ բրոդվեյյան քննադատների նոր սերունդը սկսեց հրապարակել Գլասպելի պիեսները նսեմացնող գրախոսականներ, ինչը զգալի ազդեցություն ունեցավ հետագայում: Իրավիճակն ավելի էր բարդանում Գլասպելի՝ հրապարակայնության չձգտելու և սեփական ձեռքբերումները չգնահատելու պատճառով, ինչը, հավանաբար, Միջին Արևմուտքի ավանդական համեստ դաստիարակության արդյունք էր: Բացի այդ, Գլասպելի իդեալիստական վեպերը՝ ուժեղ և անկախ հերոսուհիների մասին, այլևս հետաքրքիր չէին հետպատերազմյան դարաշրջանում, երբ շեշտվում էր կնոջ դերը տնային հարմարավետություն ստեղծելու գործում: Նրա վեպերը դադարեցին հրատարակվել մահից հետո, ինչի պատճառով Միացյալ Նահանգներում Գլասպելի ստեղծագործությունն անտեսվեց երկար տարիներ: Արտերկրում որոշ գիտնականներ անդրադառնում էին նրա ժառանգությանը, սակայն առաջին հերթին հետաքրքրված էին պրովինսթաունյան ժամանակաշրջանի փորձարարական աշխատանքներով:

1970-ականների վերջին ֆեմինիստական հայացքներ ունեցող քննադատները սկսեցին վերարժևորել Գլասպելի գրական գործունեությունը[34], և այդ ժամանակից ի վեր նրա ստեղծագործությունների հանդեպ հետաքրքրությունն անշեղորեն աճում է[35]։ 20-րդ դարի վերջից համալսարանական հրատարակչությունները հրապարակել են մի քանի կենսագրականներ և վերլուծական նյութեր Գլասպելի գրքերի մասին: Երկար ընդմիջումից հետո վերահրատարակվել է նրա ստեղծագործությունների մեծ մասը:

Դրամայի, վեպի և պատմողական արվեստում ունեցած ձեռքբերումների շնորհիվ՝ Գլասպելը հաճախ հիշատակվում է որպես «աննկատ» գրողի «գլխավոր օրինակ», որն արժանի է «ճանաչման»[36]։ Որպես ժամանակակից ամերիկյան թատրոնի հնարավոր հիմնադիր՝ Գլասպելին անվանում են «ամերիկյան դրամայի առաջին տիկին» և «ամերիկյան դրամայի մայր»:

2003 թվականին հիմնադրվել է Սյուզան Գլասպել միջազգային ընկերությունը (անգլ.՝ International Susan Glaspell Society), որի նպատակն է «Սյուզան Գլասպելին ճանաչել որպես խոշոր ամերիկացի դրամատուրգ և գեղարվեստական գրականության հեղինակ»։ Նրա պիեսները հաճախ բեմադրվում են քոլեջների և համալսարանների ֆակուլտետներում, սակայն նա լայնորեն հայտնի է իր ամենահայտնի անթոլոգիական ստեղծագործություններով՝ «Մանրամասներ» մեկ գործողությամբ պիեսով և դրա հիման վրա գրված «Այդպես որոշեցին կանայք» պատմվածքով։

Մատենագիտական ընտրանի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներ մեկ արարով

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Ճնշված Ցանկություններ» (1914), Ջորջ Քուքի հետ համատեղ։
  • «Մանրամասներ» պիես (1916), վերափոխվել է պատմվածքի «Այդպես որոշել են կանայք» (1917)։
  • «Փակիր գիրքը» (1917)։
  • «Դուրսը» (1917)։
  • «Մարդիկ» (1917)։
  • «Կնոջ պատիվը» (1918)։
  • «Աննկատ ժամանակ» (1918), Ջորջ Քուքի հետ համատեղ։
  • «Անվճար ծիծաղ» (1919), առաջին անգամ հրատարակվել է 2010 թվականին[37]։
  • «Բերնիս» (1919)։
  • «Ժառանգները» (անգլ.՝ Inheritors, 1921)։
  • «Սահման» (անգլ.՝ The Verge, 1921)։
  • «Ցողի շղթաներ» (1922), առաջին անգամ հրատարակվել է 2010 թվականին[37]։
  • «Կատակերգակները» (1927), Նորման Մեթսոնի հետ համատեղ։
  • «Էլիսոնի տունը» (անգլ.՝ Alison's House, 1930)։
  • «Հավերժական աղբյուրնե»ր (1943), առաջին անգամ հրատարակվել է 2010 թվականին[37].

Գեղարվեստական գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պարտվածների հաղթանակը» (անգլ.՝ The Glory of the Conquered, 1909)։
  • «Երևակայություն» (անգլ.՝ The Visioning, 1911)։
  • «Հավատարմություն» (1915)։
  • «Բրուք Էվանս» (1928)։
  • «Աքսորականի վերադարձը» (անգլ.՝ Fugitive’s Return, 1929)։
  • «Ամբրոս Հոլթ և ընտանիք» (1931)։
  • «Առավոտը մոտ է մեզ» (1939)։
  • «Նորմա Աշ» (1942)։
  • Ջադ Ռենքինի դուստրը (1945)։

Պատմվածքների ժողովածու

  • «Բարձրացված դիմակներ» (1912)։
  • «Այդպես որոշե են կանայք» (անգլ.՝ A Jury of Her Peers, 1917)։
  • «Նրա Ամերիկան», «Իր հասակակիցների ժյուրին» և Սյուզան Գլասպելի այլ պատմվածքներ։
  • «Հաստատության կանոնները և այլ պատմություններ» (2018)։

  • «Ճանապարհը դեպի տաճար» (1926), Ջորջ Քուքի կենսգրությունը։
  • «Սիրված և կիսված» (1926), Գիրք երեխաների համար։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր

Քննադատական հոդվածներ

  • Radavich, David. "The Heartland of Susan Glaspell’s Plays, " MidAmerica XXXVII (2010): 81-94.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Broadway Database — 2000.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 431.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 OPAC SBN (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 Discogs — 2000.
  7. 7,0 7,1 7,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  8. http://www.pulitzer.org/winners/susan-glaspell
  9. https://humanrights.iowa.gov/icsw/susan-glaspell
  10. Ben-Zvi, Linda. «Preface.» Preface. Susan Glaspell: Her Life and Times. Oxford University Press, 2005. Ix.
  11. Sarlós, Robert K. (1984). «The Provincetown Players' Genesis or Non-Commercial Theatre on Commercial Streets» Արխիվացված է Սեպտեմբեր 14, 2017 Wayback Machine-ի միջոցով:, Journal of American Culture, Vol. 7, Issue 3 (Fall 1984), pp. 65-70
  12. Ben-Zvi, Linda. «Preface.» Preface. Susan Glaspell: Her Life and Times, Oxford University Press, 2005. X.
  13. Smith, Dinitia. «Rediscovering a Playwright Lost to Time.» Արխիվացված է Մայիս 20, 2020 Wayback Machine-ի միջոցով:, New York Times, June 30, 2005. Theater page. Print.
  14. Ben-Zvi, Linda (2005). Susan Glaspell: Her Life and Times. Oxford University Press, second cover
  15. Carpentier, Martha C. (2008). «Susan Glaspell: New Directions in Critical Inquiry.» Cambridge Scholars Publishing, pp. 3
  16. Billington, Michael. «Alison’s House» Արխիվացված է Հոկտեմբեր 6, 2019 Wayback Machine-ի միջոցով:, The Guardian, Sunday 11 October 2009. Theatre page.
  17. Կաղապար:Ibdb title
  18. 1900 United States Federal Census
  19. Ben-Zvi, Linda (2005). Susan Glaspell: Her Life and Times. Oxford University Press, pp. 13
  20. Ben-Zvi, p. 25.
  21. Ben-Zvi, p. 5.
  22. Ben-Zvi, p. 17.
  23. Ben-Zvi, p. 30.
  24. Ben-Zvi, p. 35.
  25. Ben-Zvi, p. 37.
  26. Ben-Zvi, p. 28.
  27. Ben-Zvi, p. 38.
  28. Ben-Zvi, p. 47.
  29. Ben-Zvi, p. 51.
  30. Ben-Zvi, p. 98.
  31. Ben-Zvi, p. 113.
  32. Ben-Zvi, p. 159.
  33. Helen Deutsch and Stella Hanau, The Provincetown: A Story of the Theatre (New York: Farrar & Rinehart, 1931), pp. 24-25.
  34. Bach, Gerhard and Harris, Claudia (Mar., 1992). «Susan Glaspell: Rediscovering an American Playwright», Theatre Journal, Vol. 44, No. 1, pp. 94
  35. Black, Cheryl (2000, Spring/Fall). [«Review of the book 'Susan Glaspell: A Critical Biography'»], by Barbara Ozieblo, The Eugene O’Neill Review, Vol. 24, No. 1/2, pp. 139—141
  36. Ozieblo-Rajkowska, Barbara (1989). «The First Lady of American Drama: Susan Glaspell.» BELLS: Barcelona English Language and Literature Studies. 1, pp. 149—159.
  37. 37,0 37,1 37,2 Susan Glaspell Susan Glaspell: The Complete Plays (Paperback). — United States: McFarland Co Inc, 2010. — ISBN 978-0786434329

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]