Սուրբ Թովմա առաքյալ վանք (Ագուլիս)

Սուրբ Թովմա առաքյալ վանք
Հիմնական տվյալներ
Տեսակվանք և կորսված եկեղեցի
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ՏեղագրությունՎերին Ագուլիս
ԴավանանքՀայ Առաքելական եկեղեցի
Օծման թվական305 թվական, Գրիգոր Լուսավորչի կողմից
Հոգևոր կարգավիճակչգործող
Ներկա վիճակոչնչացված, տեղում կառուցված է մզկիթ
Ժառանգության կարգավիճակկործանված
ԱռաջնորդԿումս եպիսկոպոս
ՆվիրվածՍուրբ Թովմաս առաքյալին
ԱնվանվածԹովմաս առաքյալ
ՀիմնադիրԲարդուղիմեոս առաքյալ
Ճարտարապետական ոճՀայկական
Կառուցման սկիզբ4-րդ դար
Կառուցման ավարտ305 թ.
Հիմնադրված1-ին դար
Առաջին հիշատակում14-րդ դարում
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ

Ագուլիսի Սուրբ Թովմա առաքյալ վանք (հայտնի է նաև Ագուլեաց կամ Ագուլիսի վանք[1] անուններով), Հայ առաքելական վանական համալիր, որը գտնվում էր Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Գողթն գավառի[1] Ագուլիս գյուղաքաղաքի Վերին թաղամասում, ներկայիս Ադրբեջանի Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Որդուարի շրջանի Վերին Ագուլիս գյուղի տարածքում[2]։ Վանքը ավերվել է 2000-2009թթ ընկած ժամանակահատվածում[3]։ Հետագայում վանքի տեղում կառուցվել է մզկիթ՝ մզկիթի բացման արարողությունը տեղի է ունեցել 2014թ․ մայիսի 15-ին[3]։

Աբրահամ Կրետացին սուրբ Թովմա վանքը որակում էր որպես.

«...հիանալի և զարմանալի տեսողաց»
- Աբրահամ Կաթողիկոս Կրետացիոյ Պատմութիւն անցիցն իւրոյ եւ Նատր-Շահին պարսից։ Էջմիածին, 1987 թվական, էջ 77

Ըստ ավանդության և Սուրբ Թովմա վանքի տաճարի գլխավոր՝ արևմտյան, մուտքի բարավորին 17-րդ դարում քանդակված ընդարձակ արձանագրության, վանքը հիմնադրել էր Բարդուղիմեոս առաքյալը՝ 1-ին դարի երկրորդ կեսին, և իր աշակերտ Կումսիին նրա առաջնորդ էր կարգել։ Հավանաբար մի փոքրիկ մատուռանման շինություն էր եղել, որ քրիստոնեությաան ընդունելուց հետո վերաշիվել և ընդարձակվել էր։ Հետագայում՝ 305 թվականին, Գրիգոր Ա Լուսավորիչը հաստատել էր[4][5][6].

«
  1. ԲԱՐԴՈՒՂԱԷՄՈՍ Ի ՀԱՅՍ ԵԿԵԱԼ ԶՏՈՒՆ ՏԵ(ԱՌՆ) ՆԱԽ ԱՍՏ ՀԻՄՆԱՐԿԵԱԼ. Ս(ՈՒՐԲ) ԹՕՎՄԱԻ ԱՌԱՔԵԼՈՅՆ
  2. ԱՆՈՒՆ ԿՈՉԵԱԼ ԳԱՀ ՀԱՍՏԱՏԵԱԼ։ ԿՈՄՍԻ ԱՆՈՒՆ ԶԻՒՐ ԱՇԱԿԵՐՏԻՆ. ՏԵՍՈՒՉ ՏԵՂՈՅՍ ԶՆԱ ԵԴԵԱԼ.
  3. ՈՐ ԵՒ ԶՏՈՒՆ ԳՈՂԹ ԳԱՒԱՌԻՍ. Ի ՆԱ ՅԱՆՁՆԵԱԼ ԶՀՕՏՆ ԸՆՏՐԵԱԼ ՄԵՐՁ ԱԳՈՒԼԻՍ ԵՒ ԴԱՇՏ ԳՕՎԵԱԼ
  4. ՑՂՆԱ ՌԱՄԻՍ ՍՄԱ ՅԱՆՁՆԵԱԼ. ԲՈՒՍՏ ՓԱՌԱԿԱ ԵՒՍ ՏՎԵԱԼ. ԲՈՒՀՐՈՒՏ ՏԵՒԻ ԱՆՔԱԿ ԵԴԵԱԼ.
  5. ԵՒ ՇՐՋՈՒ ԸՆԴ ՄԱՍՐԵՒԱՆ. ԱՂԱՀԵՑԻՔ ՑԱՆԿ ՀԱՍՏԱՏԵԱԼ ԴԱՍՏԱԿ ՎԱՆԱՆԴ ԿՑՈՐԴ ԵՂԵԱԼ.
  6. ՏՐՈՒՆԻՍ ՏՆԱԿԵՐՏ ՄԻԱԲԱՆԵԱԼ ՕԲՈՎԱՆԻՍ ԵՒ ՔԱՂԱՔԻԿ ԵՒ ԱՆԱՊԱՏՆ ՅԱՆԴԱՄԻՋԱՑ. ՎԵՐԻՆ ԳԵՏՑԻԿ ԵՒ ՔԵՇ
  7. ԵՐԵՑԻՔ. ՆՈՒՍՆԻՍ ՅՈՐԴՎԱԾ ԲԱԺԻՆ ԿԱՐԳԱՑ։ Ս(ՈՒՐ)ԲՆ ԳՐԻԳՈՐ ՅՈՐԺԱՄ ԵԿԵԱԼ Է ԱՌԱՔԵԼՈՅՆ ՆՕՄՈՍ ՏԵ
  8. ՍԵԱԼ ՁԵՌԱԳՐՈՎ ՆՈՅՆ ՀԱՍՏԱՍԵԱԼ ԵՒ ՆԶՕՎԻՒՔ ԱՄՐԱՓԱԿԵԱԼ։ ՅԱՄԻ Տ(ԵԱՌ)Ն ԳՃ ԵՒ
  9. ՀԻՆԳ (305) ՀԱՍԵԱԼ ԼՈՒՍԱՎՈՐՉԻՆ ՊԱՏՃԷՆ ԳՐԵԱԼ. ԱՐՁԱՆԱԳՐԻՍ ՈՐ ԱՍՏ ԵՂԵԱԼ։
    - Արգամ Այվազյան, «Ագուլիս։ Պատմամշակութային հուշարձաններ» «Երևան» 1984 թվական, էջ 81

Եղել է Գողթն գավառի հոգևոր կենտրոնը և վաղ միջնադարից մինչև 1838 թվականը՝ եպիսկոպոսանիստ։ Նրա վերաբերյալ վավերական հիշատակությունները հայտնի են 14-րդ դարից։ Որպես կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոն ծաղկում է ապրել 17-րդ դարում՝ վաճառաշահ Ագուլիսի տնտեսական բարգավաճման հետ։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Թովմա առաքյալ վանական համալիրը կազմված էր տաճարից, զանգակատներից, պարսպից և օժանդակ շինություններից։ Վանքի եկեղեցին 1679 թվականի երկրաշարժից հավանաբար տուժել է, և 1694 թվականին հիմնովին նոր եկեղեցի է կառուցվել՝ սրբատաշ բազալտով և կարմրավուն ֆելզիտով՝ ներսից յոթանիստ խորանով, չորս խաչաձև մույթերով գմբեթավոր բազիլիկի հորինվածքով։

Սուրբ Թովմա Առաքյալ վանքի տաճարի նկարագրությունն ըստ Մ. Փափազյանի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարի ինտերիերը նկարագրել էր Մ. Փափազյանը[7].

«... Իսկ երբ այցելուն մտնում է տաճարի մէջ, աւելի եւս հիանում է նորա հրաշալի պայծառութեան վրայ. կարող ենք ասել համարձակ որ՝ ոչ մի տեղում նմանը չկայ, թէգուզ Էջմիածնայ տաճարից սկսած մեծն Հայաստանում գտնուած մինչեւ ամենաառաջաւոր վանք, երբեք չէ ունեցել այն գեղեցկութիւնը, պայծառութիւնը, մաքրութիւնը, պատերի, առաստաղի զարդարանքները, խաչկալի հիանալի շինուածքը, ինչ որ ունի Թովմայ առաքելոյ վանքը, միով բանիւ ամենայն ինչ կատարեալ է. դեռ եւս մեր ճանապարհորդութեան մէջ մինչեւ օրս չհանդիպեց մեզ տեսնելու Նախավկայի արտաքին տեսքի եւ սոյն վանքի տաճարի ներքին հիանալի գեղեցկութեան նմանը։ Յիրաւի արժանի է տեսնել իւրաքանչիւր Հայի.ինչու որ ամբողջ պատերը կամարներից մօտաւորապէս 3 արշին ցածր ներկուած է մարմարեայ քարի գոյնով, իսկ կամարները որպէս եւ ամբողջ առաստաղը զարդարուած են գեղեցիկ ոսկեզօծ գոյնզգոյն ներկերով նկարուած արեւելեան ճաշակով պատկերներով, որոնց իւրաքանչիւրը, եթէ առանձին վերցնենք մի մի խաչ ենք ստանում եւ մասամբ փունջ փունջ կազմած գովեալ ծաղիկներ։

Իսկ կաթողիկէի առաստաղը ներկուած է կապտագոյն իբրեւ երկինք, որի վրայ փայլում են ոսկեգոյն աստղերը, բեմի սիւներն գլխին չոր անկիւններում երեւում են թեւատարած չորս հրեշտակներ։ Ունի ավագ մի սեղան, որի երկնագոյն ոսկեզօծ սիւներն եւ այլեւայլ զարդարանքներ ունեցող փայտաշէն խաչկալը մի նուրբ, մաքուր եւ գեղեցիկ գործ է։ Խաչքալի ամենածայրում աչքի է ընկնում Ս. Խաչը, որի վրայ նկարուած է թեւատարած Փրկիչը, երկու կողմերում հրեշտակներ, երենվմէ մէկը ձեռքին մէջ բռնած է՝ սկիհ, միւսը՝ օրինաց տախտակները։ Խաչկալի աջ դրան գլխին կայ նոր ուխտի նշանը՝ մի կողմում Ա. Աւետարանն, մէջ տեղն սկիհ, միւս կողմը Ս. Խաչ, տակը՝ վակաս։ Ձախ կողմի դրան վրայ հին ուխտի նշանը, մի կողմը պատուիրանաց տախտակները, մէջ տեղում խաչաձեւ գավազանը՝ օձը վրան բարձրացած, միւս կողմը սաղաւարտ, սորանց տակը նոյնպէս վակաս։ Սեղանի առաստաղը ներկայացնում է կապոյտ երկինք հանդերձ աստղերով, իսկ խաչկալի ամենածայրում Փրկչի խաչափայտի ուղիղ գագաթին փայլում է ճաճանչաւոր արեգակը առաստաղի վրայ։ Բեմի առաջը բարձրացած է մարմարեայ քարով, որոնց իւրաքանչիւրի երկարութիւնն է մօտ երկու արշին, իսկ լայնութիւնը մէկ արշին։ Բոլոր քարերի վերին մասերում փորագրուած եւ ներկուած է գեղեցիկ գոյնզգոյն նկարներ, վերջին երկու ծայրերում, մարմարեայ քարերի վրայ՝ աստիճանների տակ՝ փորագրուած է Ս. Ստեփանոս Նախավկայի պատկերը սարկաւագի զգեստով։»

Տաճարի նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչաձև ծածակով քառամույթ գմբեթավոր բազիլիկա էր։ Կառուցված էր սրբատաշ բազալտով ու կարմրերանգ քարերով։ Հուշարձանի հորինվածքը բաղկացած էր արևելյան մասում գտնվող ընդարձակ ու յոթանիստ ավագ խորանից, զույգ ավանդատներից և ընդարձակ ու բարձր ինտերյեր ունեցող աղոթասրահից։ Աղոթասրահի չորս խաճաձև կտրվածքով հաստահեղույս մույթերի վրա կանգնած էր գեղեցիկ գմբեթը։ Գմբեթը ուներ 12 պատուհաններ։

Ուներ երեք կամարազարդ մուտքեր՝ արևմտյան, հյուսիսային և հարավային ճակատներում։

Արևմտյան մուտքը երիզված էր բարձր կամարով և ուներ գեղեցիկ քանդակազարդ գոտիներ։ Մուտքի բարավորից վերև՝ կամարի տակ, քառանկյուն շրջանակի մեջ տեղադրված էր «Թովմայի անհավատությունը» բարձրաքանդակը, ուր Քրիստոսը պատկերված էր ամբողջ հասակով, խաչափայտը գրկին աջ ձեռքը վեր բարձրացրած և հայացքով Թովմային մատնացույց էր անում գեղարդով խոցված իր կողը։ Վերջինս պատկերված էր նստած և հավաստիանալու համար իր աջ ձեռքով մեծ զգուշությամբ շոշափում է Քրիստոսի վերքը։ Այս ավետարանական սյուժեի շրջանակից դուրս, Նաղաշ Հովնաթանը Քրիստոսի գլխավերևում, անմիջապես խորացող կամարի տակ որմնանկարել էր հայր Աստծո պատկերը, շրջանակի ձախ կողմում մի դրվագ Աստվածածնի կյանքից, իսկ շրջանակի աջ կողմում Մագթաղինեի պատկերը։ Աստվածածնի գլխավերևում ճաճանչավոր ու կանացի դեմքով պատկերված արեգակի, իսկ Մագթաղինեի գլխավերևում երկնքի լողացող կիսալուսնի պատկերումները այս սյուժետային աշխատանքին հաղորդում են հաստոցային նկարչության արժեքավորում։ Քանդակի և որմնանկարների միջև միաձույլ կապ ստեղծելու համար նկարիչ-արվեստագետ Նաղաշը «Թովմայի անհավատությունը» բարձրաքանդակը վարպետորեն ներկել էր և առաջին հայացքից քանդակն այդ գունավորման շնորհիվ ասես որմնանկար լինի։ Մուտքի մոնումենտալությունը ընդգծվում էր նաև նրա բարավորին քանդակված 9 տողից կազմված ընդարձակ արձանագրությամբ։ Գեղեցիկ էր եղել նաև այս մուտքի փայտե դուռը։ Քայքայված էր նաև դռան վերևի մասի պատվիրատուի արձանագրությունը։ Վերջինիս համաձայն այս դուռը 1694 թվականին պատրաստել էր տվել Դաշտ ագուլիսցի Աստվածատուրի ու Խաթունջանի որդի խոջա Սեթը։

Գեղեցկատես էր նաև հյուսիսային ու հարավային ճակատներում գտնվող մուտքերի քանդակագոտիներով ու պատկերաքանդակներով, բարավորների ընդարձակ արձանագրություններով, մուտքերի առջև կառուցած զանգակատներով։ Կառույցին առանձին արտահայտչականություն է հաղորդում նաև շինության համարյա կենտրոնով, նրա ամբողջ պարագծով տարված քանդակագռտին, որին միացված էին նաև պատուհաննւերի շուրջը երիզված քանդակազարդերը։

Եկեղեցու հյուսիսային ու հարավային մուտքերը ունեին պատկերաքանդակներ և արձանագրություններ, մուտքերը շրջապատված էին ռոմանական երեք կամարով։ Հյուսիսային մուտքի 8 տողանոց արձանագիր բարավորից վերև, մուտքի խորացող բարձր կամարի տակ, հարթ և ազատ մակերեսին քանդակված էր Պողոս առաքյալի բարձաքանդակը, որը ձախ ձեռքով բռնել էր գավազան-խաչափայտը, իսկ աջով՝ օձ և թևի տակ ուներ ավետարան։ Այս մուտքի զանգակատունը ևս կառուցված էր սրբատաշ քարերով, երկու մույթերի հորինվածքով։ Ժամանակին զանգակատան ծածկում կանգնեցված էր եղել վեց սյուներով ռոտոնդան։

Հարավային մուտքը ուներ գեղեցիկ բարձրաքանդակ և ընդարձակ արձանագրություն։ Մուտքի մոտ սրբատաշ քարերով, չորս հաստահեղույս մույթերի վրա կառուցված էր մի մատուռ-զանգակատուն, որը մուտքից մոտ 2 մ դեպի արևմուտք էր տեղադրված և նույնքան էլ հեռու էր գտնվում եկեղեցու հարավային պատից։ Մատուռ-զանգակատան ծածկում կանգնեցված էր քառասյուն ու փոքրիկ ռոտոնդան։ Ամենայն հավանականությամբ այստեղ Սուրբ Թովմայի առաջնորդ Պետրոս վարդապետի 1666 թվականի և եպիսկոպոս Խաչատուր վարդապետի շիրիմի վրա կառուցվել էր մատուռ։

Տաճարի ինտերիեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ և լուսավոր ինտերյեր ունեցող այս տաճարի ավագ խորանի բեմի արևմտյան մատը, կառուցված էր մոտ 2-3.30 մ երկարություն և 1-1.30 մ լայնություն ունեցող քանդակազարդ մարամարե քարերով։ Ավագ խորանը ունի սլաքաձև կամարերով պսակված 7 որմնախորշեր և լուսավորվում էր արևելյան որմում բացված խաչաձև լուսամուտի միջոցով։

Ավագ խորանի երկու կողմերում գտնվող ավանդատները հատակագծում ողղանկյունաձև էին, որոնց որմնախորշերը ունեն լայն բացվածքներ և ավարտվում էին կիսաշրջանաձև կամարներով։ Հյուսիսային ավանդատան ներսում՝ հյուսիսային ու արևմտյան որմերին կից, անկյունային հատվածում կառուցված քարե աստիճաններով ու հատուկ մուտքի միջոցով բարձրանում էին եկեղեցու վերնատունը, տանիքը, ավանդատների ծածկերի ու կառույցի այլ մասերում գտնվող թաքստոցներն ու պահարանները, ուր ժամանակին պահվել էին վանքի ձեռագրերն ու սուրբ մասունքները, թանկարժեք իրերը։ Եկեղեցու հարավային ավանդատունը վանքի համար ծառայել էր որպես թանգարան, ուր ցուցադրվել էին թանկարժեք ու սուրբ իրեր, ձեռագրերը և այլն։

Եկեղեցու խաչաձև մույթերն ունեին 1.75 մ կտրվածք, որոնց կամարների լայնությունը կազմում է 0.97 մ։ Կամարների թռիչքը ընդերկայնական մասում՝ խորանից մինչև մույթերը, կազմում էր 5.80 մ, մույթերի միջև ընկած տարածությունը հավասար էր 6.25 մ, իսկ մույթերից մինչև եկեղեցու արևմտյան որմնամույթերը՝ 4.20 մ։ Ընդլայնական մասում եկեղեցու որմնամույթերից մինչև մույթերն ընկած տարածության կամարների թռիչքը կազմում էր 3.48 մ, իսկ մույթամիջի թռիչքը՝ 6.25 մ։

Եկեղեցու ներքին տարածությունն ավելի էր շեշտված եղել նրա բարձրարվեստ որմնանկարներով, որորնք 1680-ական թվականներին կատարել էր շոռոթեցի հռչակավոր նկարիչ, բանաստեղծ ու տաղերգու Նաղաշ Հովնաթանը։

Յուրատիպ շքեղության կնիք էր կրում գմբեթը. Նաղաշ Հովնաթանը եկեղեցու գմբեթը դիտելով որպես երկինք, ամբողջովին որմնանկարել էր բացերանգ կապույտով, որի վրա նկարված վեցաթև աստղերը դիտողի համար երկնային խորության պատրանք էին ստեղծում։ Գմբեթի թմբուկի և մույթերի կամարաղեղների բազմերանգ ու ոճավորված, ինչպես նաև Սուրբ Քրիստափոր եկեղեցու համանման որմնանկարների կոլորիտն ու զարդամոտիվները իրենց կատարման ոճով նման են Էջմիածնի Մայր տաճարի Նաղաշ Հովնաթանի կատարած որմնանկարներին։

Եկեղեցու արևմտյան մուտքի առջև, երկու մույթերի հորինվածքով կառուցված զանգակատունն ուներ բարձր ինտերիեր, գեղեցիկ տեսք։ Ըստ աղբյուրների այն կառուցվել է 1825 թվականին՝ նախկին զանգակատան տեղում։ Հետո այն սրբատաշ քարով վերանորոգվել է 1831 թվականին Շուշիում բնակվող ագուլիսցի Հախումյան տոհմի ջանքերով, ապա 1904 թվականին։ Զանգակատան կամարների բարձրությամբ, եկեղեցու արևմտյան ճակատում ագուցված էին 6 արձանագիր քարեր, որոնք հավերժացնում են վանքի 1694 թվականի և նրա եկեղեցու վերանորոգմանը օժանդակած ավելի քան 40 ագուլիսցիների, ցղնեցիների ու ռամիսցիների և այլոց անունները։

Պարիսպ և օժանդակ շինություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքը պարիսպների պարագծով ուներ ավելի քան 50-ի չափ բնակելի և կոմունալ կառույցներ, որոնց մի մասը երկհարկանի էին։ Շինությունների մեծ մասը կառուցված էին սրբատաշ քարերով ու թրծած աղյուսով, ունեին թաղակապ կազմություններ։ Վանքի քառանկյունի և բարձր 6-7 մետրի հասնող, պարիսպն ուներ ռազմական դիտակետերով շրջանաձև վեց հզոր աշտարակներ՝ չորսը անկյունային հատվածներում, իսկ երկուսը՝ հյուսիսային ու հարավային ընդերկայնական որմերի կենտրոններում։ Պարսպի արևմտյան ճակատում բացված դարպասի բարձր ու քարաշեն, թաղակապ ծածկով միջանցքը այցելուին տանում էին դեպի տաճարի արևմտյան ճակատը։ Պարսպաշարքի պարագծով կառուցված շինությունները իրենց կամարակապ մուտքերով ու պատահաններով, թաղակապ միջանցքներով ու բավականին ազատ բակով օրգանապես կապված էին վանքի ներքին տարածության հետ։

Այլ տեղեկատվություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանքի եկեղեցին և շինությունները խարխուլ լինելու պատճառով 1632–1633 թվականներին վանահայր Խաչատուր վարդապետը կառուցել է նոր պարիսպներ և շինություններ, իսկ 1634–1636 թվականներին՝ եկեղեցու նոր շենքը։ 1668 թվականին Պետրոս վարդապետը, Վասպուրականից հրավիրած վարպետների ուժերով, շրջանաձև բուրգերով նոր պարիսպներ և դրանց կից 2–3-հարկանի նոր շինություններ է կառուցել սրբատաշ քարով, թրծված աղյուսով ու կրաշաղախով։

Արևմտյան ճակատի արձանագրություններում նշված են նոր եկեղեցու շինարարությանն աջակցած Գողթն գավառի 30-ից ավելի բարերարների անունները։ Արևմտյան մուտքի առջևի քառամույթ սրահ-զանգակատունը կառուցվել է 1825 թվականին, ամբողջովին վերակառուցվել 1831 թվականին և 1904 թվականին։ Համանման սրահներ 17-րդ դարին կառուցվել են հյուսիսային մուտքի առջև ու հարավային պատի մոտ, որը որպես տապանատուն է ծառայել։

Վանքում 14-18-րդ դարերում գործել էր գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր։ Մեզ հասած հնագույնը Վարդան գրչի՝ 1375 թվականին ընդօրինակած Գրիգոր Նարեկացու «Մատյան ողμերգությանն» է։ Գրչության կենտրոնն ընդլայնել էր գործունեությունը 15-րդ դարում՝ Հակոբ րաբունապետի ջանքերով։ 1425 թվականին Մատթեոս գրիչն ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը», 1447 թվականին՝ մի «Տոնական», իսկ Թումա գրիչը 1432 թվականին՝ Միքայել Ասորու «Ժամանակագրությունը», ապա՝ Վարդան Արևելցու «Հավաքումն պատմության», Կիրակոս Գանձակեցու «Պատմություն Հայոց» աշխատությունները։ 16-րդ դարից վկայություններ կան միայն ձեռագրերի նորոգման մասին, իսկ 17-րդ դարից պահպանվել է ութ ձեռագիր։ Վանքի գրչության կենտրոնը 1752 թվականին կողոպտել են Ատրպատականի Ազատ խանի, 1789 թվականին՝ Մուստաֆա խանի հրոսակները։ Նրանք վանքի սպասքի հետ հափշտակել են նաև ձեռագրերը (դրանցից 1477 թվականի «Ճաշոցը» 3900 արծաթով հետ է գնել Պետրոս տիրացուն և վերադարձրել վանքին)։ Վանքում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում։ 1867 թվականին Ագուլիսի բնակիչների միջոցներով և գրող Պերճ Պռոշյանի նախաձեռնությամբ ու ջանքերով, Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի հրամանով բացվել էր արական դպրոց՝ «Վերին Ագուլեաց Հայոց հոգևոր ուսումնարան» անունով, որը եղել էր եռդասյան և ունեցել էր նաև նախակրթարան։ Դպրոցի համար վանքի հարավ-արևմտյան շինություններին հարկ է ավելացվել, հրավիրված ուսուցիչների համար բակում կառուցվել բնակարաններ։ Դպրոցն ունեցել է 150 աշակերտ, նրա կանոնադրության համաձայն՝ ընդունել են բնակչության բոլոր խավերի երեխաներին, դասավանդել են լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, թվաբանություն և երկրաչափություն, կենսաμանություն, գծագրություն ևն։

Վանքում պահվել են՝ 1821 թվականին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի նվիրած՝ Թովմա առաքյալի Աջը, Գայանեի մասունքը, Հակոբ Հայրապետի Աջը, 1657 թվականի ուրար՝ հրեշտակներով շրջապատված Հակոբ Նահապետն իր որդիների հետ ձեռագործ պատկերով, 1763 թվականի ուրար (այժմ՝ ՀՊՊԹ-ում), 1797 թվականի ոսկեթել վակաս։ 1918 թվականին թուրքական զորքերն ավերել են Ագուլիսը, կոտորել հայ բնակիչներին, կողոպտել վանքը, որը դրանից հետո լքվել և ամայացել է։

Վանքը ուներ 13-19-րդ դարերին պատկանող գերեզմանատուն։ Գտնվում էր համալիրից մոտ 250 մետր հյուսիս-արևելք։ Ըստ վկայության, այդտեղ կար հարթ, օրորոցաձև 38 տապանաքար։ 11 տապանաքարերի վրա կան արձանագրություններ։ Ըստ վկայության, տապանաքարերի մի մասի կեսից ավելին թաղված էր հողի մեջ, արձանագրությունները քայքայված ու եղծված էին[8]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893։
  • Լալայան Երևանդ, Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան կամ Գողթն, ԱՀ, գիրք 11–12, Թ., 1904–05։
  • Այվազյան Արգամ, Ագուլիս, Երևան, 1984։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Դ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 27 — 1008 էջ։
  2. Ստեփան Մելիք-Բախշյան, Հայոց պաշտամունքային վայրեր, Երևան, «ԵՊՀ հրատարակչություն», 2009 — 6, էջեր 6 — 432 + 10 էջ ներդիր էջ. — 500 հատ։
  3. 3,0 3,1 Khatchadourian, Lori; Smith, Adam T.; Ghulyan, Husik; Lindsay, Ian (2022). Silent Erasure: A Satellite Investigation of the Destruction of Armenian Heritage in Nakhchivan, Azerbaijan (PDF). Ithaca NY: Cornell Institute of Archaeology and Material Studies. էջեր 38–43. Արխիվացված է օրիգինալից 24․09․2022-ին.
  4. Ղևոնդ Ալիշան, Սիսական, էջ 326
  5. Հ. Շահխաթունեանց, Ստորագրություն, էջ 325
  6. Ե. Լալայան, Գողթն, էջ 69
  7. Մ. Փափազյան. Հնութիւնք Հայրենեաց, Դ., Թ. էջ 287
  8. Արգամ Այվազյան, Նախիջևանի ԻՍՍՀ հայկական հուշարձանները։ Համահավաք ցուցակ (խմբ. խմբ. Բ. Ա. Ուլուբաբյան), Երևան, «Հայաստան», 1986 — 21, էջեր 21 — 224 էջ։
  • «Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: